Լոռու մարզի թեժ կետերը

Լոռի

Այս մարզը Սյունիքից հետո երկրորդն է իր պոչամբարների թվով:

Ինչպես Սոթքի եւ Թուխմանուկի երկրորդ պոչամբարի վերաբերյալ, այնպես էլ Արմանիսի պոչամբարի մասին որեւէ տեղեկություն չկա ԱՎՕ-ների ռեեստրում: Այս պոչամբարը շահագործել է «Սագամար» ՓԲԸ-ն, որն Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքից արդյունահանում կատարելու թույլտվություն ունի: 2015-ից, սակայն, հանքը չի շահագործվում: Արմանիսը Ստեփանավան համայնքի վարչատարածքային կազմում է: «Հետքը» նախկինում գրել է, որ պոչերն այստեղ պահվում են չոր եղանակով (թաց զանգվածը ջրազրկվում է, ապա պահեստավորվում), սակայն անդրադարձել ենք նաեւ դրանցով Ձորագետի Չքնաղ վտակն աղտոտելուն: Ընդ որում՝ Արմանիսի թափոնները կուտակվում են հենց Չքնաղի կիրճի պռնկին, որտեղից գետում հայտնվելն ամենեւին դժվար չէ, ինչն էլ մեծ էկոլոգիական խնդիրներ է ստեղծել Ձորագետի ավազանում: «Սագամարն» Արմանիսի դպրոցում խաղահրապարակ կառուցելու համար նույնիսկ հանքարդյունաբերական շլակ (խարամ) էր լցրել դպրոցի մոտ, որը մասնագետների միջամտությունից հետո հեռացվել էր ուսումնական հաստատության տարածքից: ԵՊՀ գիտական տեղեկագրում 2014 թ. հրապարակված հոդվածի տվյալներով՝ Արմանիսի պոչամբարային տնտեսությունում եղել է 80 հազ. խմ պոչանք:

Ստեփանավանի եւ Թումանյանի տարածաշրջանների սահմանագլխին՝ Մղարթ, Կողես եւ Կարմիր Աղեկ գյուղերի միջակայքում են գտնվում ««Մուլտի Գրուպ» կոնցեռն» ՍՊԸ-ի 3 պոչամբարները: ԱԻՆ-ի կողմից մեզ տրամադրված ԱՎՕ-ների ցուցակում «Մուլտի Գրուպի» պոչամբարները ներկայացված են «հիդրոտեխնիկական կառույցներ (պոչամբար)» անվանման տակ, ինչից կարելի է ենթադրել, որ Մղարթի պոչամբարները մեկ արտադրական վտանգավոր օբյեկտ են, սակայն նախկինում ռեեստրում դրանք առանձին-առանձին են գրանցված եղել: Ըստ այդմ՝ դրանցից մեկն ունեցել է 20 հազ. խմ ծավալ, մյուսը՝ 30 հազ. խմ, իսկ երրորդը՝ 50 հազ. խմ: Առաջին երկուսը նշված են եղել իբրեւ կոնսերվացված, վերջինը՝ գործող: ԵՊՀ տեղեկագրի տվյալներով էլ՝ 100 հազ. խմ ընդհանուր ծավալից լցված է 80 հազարը:
Պոչամբարներով հարուստ է Լոռու լեռնամետալուրգիական Ալավերդի-Ախթալա հատվածը:

Ալավերդու Մադան գյուղական թաղամասի անմիջական հարեւանությամբ առկա են մեծածավալ թափոններ: Ըստ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվական բազայի, որին վերեւում անդրադարձանք, այս թափոնները ձեւավորվել են Ալավերդու պղնձի հանքավայրի ավելի քան 250 տարվա երկրաբանական ուսումնասիրության եւ շահագործման արդյունքում: Դրանք ստորգետնյա լեռնային փորվածքների անցման եւ հանքաքարից մետաղի կորզման արդյունքում առաջացած լցակույտեր են, ինչպես նաեւ նշված հանքավայը շահագործած Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի գործունեության հետեւանքով առաջացած արտադրական մկնդեղի թափոններ:ԱՎՕ-ների ռեեստրում Ալավերդու պոչամբարը ներկայացված չէ, սակայն, օրինակ, 2012 եւ 2015 թթ. այն առկա էր ռեեստրում «Արմենիան Քափըր Փրոգրամ» (կարճ՝ «Էյ-Սի-Փի») ՓԲԸ-ի անվամբ: Սա Ալավերդու նույն լեռնամետալուրգիական կոմբինատն է: Մի քանի տարի առաջ «Վալլեքս» խմբի ներկայացուցիչը («Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունն այս խմբի ընկերություններից էր, իսկ հետո գրավադրվել է «ՎՏԲ-Հայաստան» բանկում) «Հետքին» հայտնել էր, թե «լցակույտերը որեւէ պատճառահետեւանքային կապ չունեն «Վալլեքս» խմբի ընկերությունների գործունեության հետ, սակայն մենք պատրաստ ենք քննարկելու դրանց առաջացրած բնապահպանական վտանգների վերացման հարցում մեր մասնակցության հնարավորությունը ցանկացած շահագրգիռ սուբյեկտի հետ»: Սա անտրամաբանական հայտարարություն էր, սակայն հետագայում դարձավ իրականություն՝ հանքարդյունաբերողը թափոնների ռեկուլտիվացիա չարեց:«Էյ-Սի-Փի» ընկերությունն Ալավերդու պղնձի հանքավայրը շահագործելու լիցենզիա էր ստացել 2004-ին, որը 2013-ին վերաձեւակերպվել էր եւ ուժի մեջ էր մինչեւ 2026 թ.: Այդուհանդերձ, 2008-ի նոյեմբերից ՓԲԸ-ն չի շահագործել հանքը, իսկ 2014-ի հոկտեմբերին հրաժարվել է իրեն տրված լիցենզիայից: Աղաղակող է այն հանգամանքը, որ առանց ռեկուլտիվացիա անելու՝ բնապահպանության այն ժամանակվա նախարար Արամայիս Գրիգորյանը 2015 թ. ՓԲԸ-ին տվել է հանքային իրավունքի օբյեկտ համարվող տեղամասից հրաժարման հավաստագիր: Մասնավորապես՝ 2005-ին հանքարդյունաբերողին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությամբ նախատեսվել էր, որ պղնձի հանքավայրի շահագործման ընթացքում որպես բնապահպանական միջոցառում իրականացվելու է մոտ 24 հազ. խմ ծավալով դատարկ ապարների լցակույտի տարածքի (6200 քմ) ռեկուլտիվացիա, որն այդպես էլ չի կատարվել:«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի անունով ԱՎՕ-ների ռեեստրում ներկայում գրանցված է 2 պոչամբար, սակայն հայտնի է, որ կոմբինատը շահագործել է 3-ը, որոնք ռեեստրում հաշվառված էին 2012 եւ 2015 թթ. դրությամբ: «Հետքը» պարբերաբար անդրադառնում է Ախթալայի ԼՀԿ-ի գործունեության հետեւանքով ծագած բնապահպանական խնդիրներին: ԱՎՕ-ների ռեեստրում 2006-ի սեպտեմբերի 4-ին գրանցվել է Պահեստի ձորի պոչամբարը (հայտնի է նաեւ որպես ՊՆ պահեստի ձորի, Պայթուցիկ նյութերի ձորի պոչամբար), որը գտնվում է Ախթալա խոշորացված համայնքի վարչական սահմաններում՝ դեպի Փոքր Այրում տանող ճանապարհի ձախ կողմում: Այն հիմնականում ծառայում է որպես վթարային ընդունման պոչամբար: 2010 թ. հոկտեմբերի 10-ին էլ հաշվառվել է Նահատակի պոչամբարը (Նահատակի ձորի), որը Մեծ Այրում գյուղի հարեւանությամբ է՝ դեպի Ճոճկան գնացող ճանապարհի աջ կողմում՝ Դեբեդի վտակ Նահատակի հունում:Ախթալայի ԼՀԿ-ն եւս մեկ պոչամբար ուներ հենց Ախթալայի մեջ: Խոսքը «Նազիկ» պոչամբարի մասին է, որը գտնվում է Դեբեդի ձախ վտակ Երիցվանք (հայտնի է նաեւ Ախթալա, Շամլուղ անուններով) գետի ավազանում: Պոչամբարը շահագործվել է 1967-1988 թթ., ապա կոնսերվացվել է: Այդուհանդերձ, 2000-ականների սկզբին կրկին սկսել է շահագործվել, բայց 2010-ին վերջնականապես փակվել է: Պոչամբարը ռեկուլտիվացիայի է ենթարկվել, իսկ 2012-ին տարածքում ծառատունկ է արվել:Լոռու մարզի ամենամեծ պոչամբարը, որը նաեւ Արծվանիկից հետո երկրորդն է Հայաստանում, Թեղուտի պոչամբարն է: Այն նաեւ մեր երկրի ամենանոր պոչամբարն է: Գտնվում է Թեղուտ գյուղի հարեւանությամբ՝ Դեբեդի աջ վտակ Շնողի ձախ օժանդակ Խառատանոցի (Պաղածոջուր, Պաղջուր) հունում: Ըստ ԱԻՆ-ի՝ նախագծային ծավալը 213 մլն խմ է: ԱՎՕ-ների ռեեստրում գրանցվել է 2015-ի հուլիսի 20-ին, վերջին անգամ տեխանվտանգության փորձաքննություն անցել է 2019-ի հունիս-հուլիսին եւ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից դրական եզրակացություն ստացել հուլիսի 8-ին: Պոչամբարի շահագործողը «Թեղուտ» ՓԲԸ-ն է, որն այստեղ է կուտակում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրից արդյունահանված հանքաքարի մշակումից գոյացած թափոնները:

Թողնել մեկնաբանություն