Մաշկ

Մաշկը (լատ.՝ cutis, հուն․՝ δέρμα), մարդու մարմնի արտաքին ծածկույթն է, ամենամեծ օրգանը։ Ամբողջ մարմնի քաշի 20%-ը կշռում է մաշկը՝ առանց ենթամաշկային ճարպաբջջանքի, իսկ վերջինիս հետ այն կազմում է մարմնի քաշի ավելի քան 50%-ը[1]։ Այն ապահովում է օրգանիզմի կապը արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև պաշտպանում մարդու օրգանիզմը արտաքին վնասակար ազդեցություններից և կանխում կարևոր նյութերի, մասնավորապես, ջրի կորուստը։

Մաշկի կառուցվածքն, ինչպես նաև մաշկային հիվանդություններն ուսումնասիրող գիտությունը կոչվում է մաշկաբանություն։Չափահաս մարդու մաշկի մակերեսը 1,5-22 է, հաստությունը՝ 0,5-4 մմ։ Մաշկը կազմված է երեք շերտերից. էպիդերմիս (վերնամաշկ), դերմա (բուն մաշկ) և հիպոդերմա (ենթամաշկային ճարպաբջջանք), որոնք գտնվում են մորֆոֆունկցիոնալ միասնության մեջ։ Էպիդերմիսն ու դերման իրարից սահմանազատված են հիմային (բազալ) թաղանթով։

Վերնամաշկը մարմնի տարբեր մասերում տարբեր հաստության բազմաշերտ, հարթ էպիթելային հյուսվածքի բջիջների շերտ է։ Արտաքին միջավայրի ազդեցությամբ վերնամաշկի մակերեսային շերտի մեռած բջիջները եղջերանում, աստիճանաբար թափվում են և նոսրացվում նրանց տակ գտնվող կենդանի բջիջների բազմացման շնորհիվ։ Վերնամաշկի մակերեսային շերտի տակ գտնվում են գունանյութ պարունակող բջիջներ։ Գունանյութի քանակից և բաղադրությունից է կախված մաշկի գունը։ Արևի ճառագայթների ազդեցությամբ մեծանում է մաշկի գունավորումը, որն օրգանիզմը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցումից։

Վերնամաշկի եղջերային գոյացումներ են մազերը և եղունգները։ Դրանք անընդհատ աճում են վերնամաշկի կենդանի բջիջների շնորհիվ։ Մարմնի ամբողջ մակերեսը (մոտ 95 %),բացառությամբ շրթունքների, ափերի, ներբանների, ծածկված են մազերով։ Մազերն ունեն պաշտպանական նշանակություն, պահում են օդը, փոքրացնում ջերմատվությունը։

Բուն մաշկը կազմված է ամուր թելակազմ շարակցական հյուսվածքից,առաձիգ թելերից և հարթ մկանաթելերից։ Առաձիգ թելերը մաշկին տալիս են առաձգականություն և նպաստում մաշկի ձգմանն ու շարժումներին։ Բուն մաշկի մեջ տարբերում են վերին խիտ՝ պտկային և ստորին ավելի նոսր՝ ցանցավոր շերտը։ Պտկային շերտն առաջացնում է բազմաթիվ պտկիկներ, որոնք մտնելով վերնամաշկի մեջ առաջացնում են կատարներ և ակոսներ։ Կատարները լավ նկատելի ափի և մատների մաշկի վրա, որտեղ նրանք կազմում են յուրաքանչյուր անհատին հատուկ պատկեր։

Բուն մաշկում գտնվում են ճարպագեղձեր, քրտնագեղձեր, մազապարկեր, ընկալիչներ, արյունատար և ավշային անոթներ։

Ճարպագեղձերը բշտիկավոր պարզ գեղձեր են, գտնվում են մարմնի ամբողջ մակերեսին, բացառությամբ ափերի և ներբանների։ Ճարպագեղձերի արտազատուկը՝ մաշկային ճարպը,օծում է մազեր, վերնամաշկի արտաքին շերտը, փափկացնում դրանք։ Ճարպն արգելում է ջրի և այլ հեղուկների ներթափանցումը մաշկով։ Տարիքին զուգընթաց արտազատվող ճարպի քանակը պակասում է, ուստի մազերն ու մաշկը դառնում են չոր։

Քրտնագեղձերը ոլորված կծիկով սկսվող խողովակաձև գեղձեր են, որոնց արտատար ծորանները բացվում են մաշկի մակերեսին։ Կծիկները պատված են արյունատար մազանոթներով, որոնցից ջուրը,որոշ քանակով աղեր և միզանյութ անցնում են քրտնագեղձերի մեջ։ Մարդու մաշկի մեջ կան ավելի քան 2 միլիոն քրտնագեղձեր, որոնք օրական արտադրում են մոտ 1,2 լ քրտինք, որի միջոցով հեռանում է օրգանիզմում առաջացած հավելյալ ջերմությունը։ Այդ պատճառով մարմնի ջերմաստիճանը չի բարձրանում նույնիսկ ամենաշոգ եղանակին։ Մազարմատները գտնվում են մազապարկերի մեջ, որոնք շրջահյուսված են նյարդաթելերով և թեք դասավորված հարթ մկաններով։ Շրջապատող միջավայրի ջերմաստիճանը իջեցնելիս, վախի, զայրութի դեպքում հարթ մկանները ռեֆլեքսորեն կծկվում են, և մաշկի մակերեսին առաջանում են թմբիկներ՝ սագամաշկ, որի արդյունքում ջերմատվությունը նվազում է։

Բուն մաշկի տակ գտնվում է ենթամաշկային բջջանքը։ Այն կազմված է շարակցահյուսվածքային թելերի ցանցից, որի օղակներում տեղադրված են ճարպային բջիջներ։ Այս շերտն օրգանիզմից պաշտպանում է ջրի ավելորդ կորստից, մեխանիկական վնասվածքներից և գերսառեցումից։ Այստեղ կուտակվում է օրգանիզմի պահեստային ճարպը։


Մարդու մաշկը (արտաքին տեսք)
Էպիդերմիս Խմբագրել
Մաշկի արտաքին շերտն է, ներկայացված է բազմաշերտ տափակ եղջրացող էպիթելով։ Հաստությունը տատանվում է 0,05մմ-ից (կոպերին) մինչև 1,5մմ (ներբաններին) չափերի սահմաններում։ Այստեղ բջիջների 95%-ը հանդիսանում են կերատինոցիտները (էկտոդերմայի ածանցյալներ), որոնք տարբերակման գործընթացին համապատասխան տեղաշարժվում են հիմային թաղանթից դեպի մաշկի մակերես։
Էպիդերմիսը կազմված է հինգ շերտերից. հիմային, փշաձև, հատիկավոր, փայլուն և եղջրային։


Վերնամաշկի (էպիդերմիսի) կառուցվածքը
Հիմային շերտ Խմբագրել
Հիմային շերտը (stratum basale կամ stratum germinativum, բազալ շերտ) էպիդերմիսի հիմքն է, նրա ամենախորանիստ շերտը։ Կազմված է մանր գլանաձև բջիջների մեկ շարքից։ Այդ բջիջները կոչվում են բազալ կամ հիմային կերատինոցիտներ, ունեն խոշոր, մուգ ներկված կորիզներ և խիտ, ռիբոսոմներով և տոնոֆիլամենտներով հարուստ ցիտոպլազմա։ Բջիջներն իրար հետ կապված են միջբջջային կամրջակներով՝ դեսմոսոմներով, իսկ բազալ թաղանթին ամրացված են կիսադեսմոսոմներով։
Բազալ կերատինոցիտները սինթեզում են ջրում անլուծելի մի սպիտակուց, որից ձևավորվում են դեսմոսոմների ու կիսադեսմոսոմների կազմի մեջ մտնող և կերատինոցիտների բջջային կմախքը կազմող կերատինային ֆիլամենտներ։ Այս շերտի բջիջների միտոտիկ ակտիվությունը ապահովում է էպիդերմիսի վերադիր կառույցների ձևավորումը։

Փշաձև բջիջների շերտ Խմբագրել
Անմիջապես հիմային շերտի վրա կերատինոցիտները չափերով մեծանում են և ձևավորում փշաձև բջիջների շերտ (stratum spinosum)։ Այն կազմված է 3-6 (երբեմն՝ 15) շարք փշաձև կերատինոցիտներից, որոնք ունեն պոլիգոնալ տեսք և նույնպես իրար հետ կապակցված են դեսմոսոմներով։ Ցիտոպլազմայում առկա են տարբեր տրամագծի բազմաթիվ կլորավուն բշտիկներ, ցիտոպլազմատիկ ցանցի անցուղիներ, մելանոսոմներ։
Բազալ և փշաձև շերտերը անվանում են Մալպիգի աճային շերտ, որովհետև այդ շերտերում է դիտվում միտոզ, ինչի հաշվին իրականացվում է էպիդերմիսի ձևավորումն ու ռեգեներացիան (վերականգնումը)։

Հատիկավոր բջիջների շերտ Խմբագրել
Հատիկավոր բջիջների շերտը (stratum granulosum) կազմված է 2-3 շարք բջիջներից, որոնք փշաձև բջիջների շերտին հարող հատվածներում խորանարդաձև են, իսկ մաշկի մակերեսին ավելի մոտ հատվածներում՝ ռոմբաձև։ Կորիզներին բնորոշ է արտահայտված բազմաձևությունը (պոլիմորֆիզմ), ցիտոպլազմայում առկա են կերատոհիալինի հատիկներ։ Հատիկավոր շերտի ստորին շարքերում տեղի է ունենում կերատոհիալինային հատիկների հիմնական սպիտակուցի՝ ֆիլարգինի սինթեզը։ Այս շերտի բջիջների հաջորդ առանձնահատկությունը նրանց ցիտոպլազմայում կերատոսոմների կամ Օդլանդի մարմնիկների առկայությունն է, որոնց պարունակությունը (գլիկոլիպիդներ, գլիկոպրոտեիդներ, ազատ ստեարիններ, հիդրոլիտիկ ֆերմենտներ) արտազատվելով միջբջջային տարածություն՝ ձևավորում է ցեմենտող (ամրացնող) նյութը։

Փայլուն շերտ Խմբագրել
Փայլուն շերտը (stratum lucidum) տեսանելի է մարմնի առավել զարգացած էպիդերմիսով հատվածներում՝ ափեր, ներբաններ։ Այստեղ այն ներկայացված է 3-4 շարք ձգված բջիջներով, որոնք հարուստ են էլեիդինով, որից էլ հետագայում սինթեզվում է կերատինը։ Փայլուն շերտի վերին շարքի բջիջները կորիզներ չեն պարունակում։

Եղջրային շերտ Խմբագրել
Այս շերտը (stratum corneum) ձևավորվում է ամբողջովին եղջրացած, անկորիզ բջիջներով՝ կոռնեոցիտներով, որոնք պարունակում են անլուծելի սպիտակուց կերատին։ Կոռնեոցիտները միացած են իրար բջջաթաղանթի ելուստերով և եղջրացած դեսմոսոմներով։ Եղջրային շերտի մակերեսային հատվածներում դեսմոսոմները քայքայվում են, կոռնեոցիտները վերածվում են եղջրային թեփուկների և հեշտությամբ շերտազատվում ու պոկվում։ Այս շերտը առավել զարգացած ու արտահայտված է մարնի հատկապես այն հատվածներում, որտեղ մաշկը ենթարկվում է ամենամեծ մեխանիկական ներգործությանը (ափեր, ներբաններ)։

Բազալ թաղանթ Խմբագրել
Բազալ կամ հիմային թաղանթը տարանջատում է էպիդերմիսը դերմայից։ Այն ունի 40-50նմ չափեր, նրա ուրվագիծը կրկնում է դերմայի մեջ ներխրվող էպիդերմալ ձգանների ռելիեֆը։ Բազալ թաղանթը հանդիսանում է էլաստիկ հենք, որը ոչ միայն ամուր կապում է էպիթելը դերմային կոլագենային թելերին, այլ նաև խոչընդոտում էպիդերմիսի ներաճը դերմայի մեջ։ Այն կազմված է ֆիլամենտներից և կիսադեսմոսոմներից, ինչպես նաև դերմայի մասը հանդիսացող ռետիկուլյար խրձերից, կատարում է պաշտպանիչ, նյութափոխանակային և այլ ֆունկցիաներ։ Ունի երեք շերտեր։

Դերմա Խմբագրել
Դերման մաշկի շարակցահյուսվածքային մասն է, կազմված երեք բաղադրիչներից՝ թելիկներ, հիմնական նյութ և սակավաթիվ բջիջներ։ Այն հենք է հանդիսանում մաշկի հավելումների (մազեր, եղունգներ, քրտնա- և ճարպագեղձեր), անոթների և նյարդերի համար։ Հաստությունը՝ 0,3-3 մմ։ Դերմայում տարբերում են երկու շերտեր՝ պտկիկային և ցանցային։ Այն հարաբերականորեն աղքատ է բջիջներով. անոթների և մազերի շուրջ կարող են հանդիպել քիչ քանակությամբ լիմֆոհիստիոցիտար ինֆիլտրատներ։

Պտկիկային շերտ Խմբագրել
Բարակ պտկիկային շերտը (stratum papillare) կազմված է ամորֆ նյութից և բարակ շարակցահյուսվածքային թելերից, որոնք ձևավորում են էպիդերմիսի փշաձև շերտի մեջ մեջ ներխրվող պտկիկներ։ Այստեղ քիչ քանակությամբ առկա են նաև փուխր շարակցական հյուսվածքին բնորոշ բջջային տարրեր։ Որոշ հատվածներում տեղակայված են հարթ մկանաթելեր, որոնք հիմնականում կապված են մազային սոխուկների հետ (մազը բարձրացնող մկան)։ Այս շերտը իրենից ներկայցնում է երիտասարդ շարակցական հյուսվածք, հարուստ է արյունատար անոթներով պտկիկների արանքում կան սաղմնային բջիջներ որոնք էպիդերմիզի վնասման դեպքում արագ վերականգնում են այն, այս շերտումեն գտնվում մազանոթները և նյարդային վերջավորությունները

Վիտամին

Վիտամիններ (լատ.՝ vita, «կյանք»), կենսաբանորեն ակտիվ օրգանական և տարբեր կառուցվածք ունեցող միացություններ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար և այդ առումով անփոխարինելի են։ Ակտիվ օրգանական միացությունն անվանվում է վիտամին, երբ տվյալ օրգանիզմը չի կարողանում այն սինթեզել անհրաժեշտ քանակությամբ և ստանում է սննդի միջոցով։ Այս պատճառով «վիտամին» տերմինն պայմանական է կախված արտաքին միջավայրի պայմաններից և օրգանիզմից։ Օրինակ ասկորբինաթթուն՝ վիտամին C-ի տարատեսակներից մեկը, վիտամին է մարդու, բայց ոչ կենդանի օրգանիզմների մեծամասնության համար։ Որոշ առողջական խնդիրների դեպքում վիտամինների հավելումը կարևոր է[1], բայց շատ քիչ փաստեր են հայտնի առողջ մարդու կողմից վիտամինների ընդունման օգտակարության վերաբերյալ[2]։ Կան կազմությամբ վիտամիններին մոտ նյութեր, նախավիտամիններ, որոնք, մտնելով մարդու օրգանիզմ, փոխարկվում են վիտամինների։

Վիտամինները չեն ընդգրկում լրացուցիչ սննդանյութերը՝ հանքային աղերը, ճարպաթթուները և ամինաթթուները, որոնք անհրաժեշտ են ավելի մեծ քանակով, քան վիտամինները և ոչ էլ առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ բազմաթիվ այլ սննդանյութեր[3]։ Ներկայումս լայնորեն ընդունված են 13 տարբեր վիտամիններ, որոնք դասակարգվում են ոչ թե ըստ կառուցվածքի, այլ ըստ իրենց կենսաբանական և քիմիական ակտիվության։ Սրա պատճառով, յուրաքանչյուր վիտամին կազմված է կենսաբանորեն ակտիվ տարբեր բաղադրիչներից՝ վիտամերներից։ Օրինակ՝ վիտամին A-ն, ներառում է ռետինալը, ռետինոլը և 4 այլ անհայտ կարոտինոիդներ։ Վիտամերները օրգանիզմում կարող են փոխակերպվել վիտամինի ակտիվ ձևին, ինչպես նաև, սովորաբար, կարող են փոպակերպվել մեկը մյուսին։

Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների առաջացմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները։ Ազդում են նաև սննդանյութերի յուրացման վրա, նպաստում բջիջների բնականոն աճին և ամբողջ օրգանիզմի զարգացմանը։ Լինելով ֆերմենտների բաղկացուցիչ մաս՝ վիտամիններն ապահովում են դրանց բնականոն գործառույթները և ակտիվությունը։ Որոշ վիտամիններ, օրինակ վիտամին D-ն, կատարում են հորմոնանման ֆունկցիա՝ կարգավորելով հանքային նյութերի փոխանակությունն օրգանիզմում կամ ինչպես վիտամին A-ն է՝ բջիջների և հյուսվածքների աճն ու տարբերակումը։ Վիտամինների ամենամեծ խումբը B վիտամինային կոմպլեքսն է, որոնք խաղում են ֆերմենտների կոֆակտորների դեր՝ կատալիզելով նյոթափոխանակային ռեակցիաները։ Այս առումով, վիտամինները մտնում են ֆերմենտների կազմի մեջ որպես պրոսթետիկ խմվի մի մաս։ Օրինակ՝ բիոտինը ճարպաթթուների ստեղծմանը մասնակցող ֆերմենտների կազմի մեջ է մտնում։ Վիտամինները կարող են նաև կատալիզում խաղալ կոֆերմենտների դեր՝ տեղափոխելով քիմիական ֆունկցիոնալ խմբեր կամ էլեկտրոններ մի մոլեկուլից՝ մյուսը։ Օրինակ՝ ֆոլաթթուն բջջում կարող է տեղափոխել մեթիլ, ֆորմիլ և մեթիլեն խմբերը։ Չնայած վիտամինների ֆերմենտ-սուբստրատ ռեակցիաներում մասնակցելոլւ ֆունկցիան առավել հայտնին է, վիտամինների մյուս ֆունկցիաները նույնպես հավասարապես կարևոր են[4]։

Մինչև 1930-ականների կեսերը, երբ առաջին անգամ կիսասինթետիկ ճանապարհով ստացան վիտամին B-ն և C-ն, վիտամինների միակ աղբյուրը սնունդն էր։ 20-րդ դարի կեսից վիտամինները սկսվեցին արդեն քիմիական ճանապարհով սինթեզվել և վաճառվել, առանձին կամ մուլտիվիտամինային կոմպլեքսների ձևով։ Վիտամինների կառուցվածքային ակտիվությունը, ֆունկցիան և առողջության մեջ դերը ուսումնասիրող գիտությունն անվանվում է վիտամինոլոգիա[5]։

Որևէ վիտամինի անբավարարությունը կամ բացակայությունը հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների, որոնց հետևանքով նվազում է մարդու աշխատունակությունը, դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների, շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ։

Որոշ սննդամթերքներ հարուստ են մեկ կամ մի քանի վիտամիններով, բայց զուրկ են մյուսներից։ Ուստի միօրինակ սնվելիս կամ վիտամինազուրկ սննդամթերք օգտագործելիս, ինչպես նաև օրգանիզմի կողմից վիտամինների յուրացման շարժընթացի խանգարման դեպքում կարող է առաջանալ վիտամինային անբավարարություն (թերվիտամինություն(հիպովիտամինոզ), ավիտամինություն)։ Վիտամինների ավելցուկային ընդունումը նույնպես կարող է հանգեցնել հիվանդությունների՝ գերվիտամինությունների(հիպերվիտամինոզ)։ Դրանք կարող են առաջանալ որևէ վիտամինի մեծ չափաքանակի միանվագ ընդունումից (սովորաբար վիտամինային պատրաստուկի ձևով) կամ օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները գերազանցող քանակությամբ երկարատև օգտագործելիս։

Վիտամինների պահանջը բարձրանում է օրգանիզմի աճման շրջանում, հիվանդության ժամանակ և դրանից հետո, ֆիզիկական ու մտավոր ծանրաբեռնվածության ընթացքում (օրինակ՝ սպորտով պարապելիս, նյարդահուզական մեծ լարվածություն պահանջող աշխատանքներ կատարելիս), ինչպես նաև ցրտի երկարատև ազդեցության դեպքում։ Տարիքի հետ օրգանիզմում վիտամինների յուրացումը դժվարանում Է։

Սկզբում վիտամինները պայմանականորեն նշանակվում էին լատիներեն այբուբենի տառերով՝ A, B, C, D, E, K, P և այլն, այնուհետև տրվեցին միջազգային անուններ, որոնք արտացոլում են այդ նյութերի քիմիական կառուցվածքը։ Վիտամինները բաժանվում են 3 խմբերի՝ ջրալույծ, ճարպալույծ և վիտամինանման նյութեր։ Ջրալույծ վիտամիններ`

B խմբի բոլոր վիտամինները,
Վիտամին C-ն,
Վիտամին PP-ն։
ճարպալույծ վիտամիններ`

Վիտամին A-ն,
Վիտամին D-ն,
Վիտամին E-ն,
Վիտամին K-ն։
Ջրալուծ վիտամիններից առավել հայտնի է C վիտամինը (ասկորբինաթթու), որն առկա է մի շարք ֆերմենտների կազմի մեջ։ C վիտամինի բացակայության պարագայում օրգանիզմում զարգանում է ծանր ավիտամինոզ՝ լնդախտ (ցինգա)։ Մարդը թուլանում է, նվազում է նրա կայունությունը տարբեր վարակների և շրջակա միջավայրի անբարենպաստ պայմանների նկատմամբ։ Լնդերը սկսում են արյունաթորել, ատամները՝ շարժվել և, ի վերջո՝ ընկնում են։ Առավել շատ C վիտամին պարունակվում է մասուրի և սև հաղարջի պտուղներում, կիտրոնում, կաղամբում (այդ թվում՝ թթու)։ Մարդուն օրական անհրաժեշտ է 50-100մգ C վիտամին։ Վարակիչ հիվանդությունների պարագայում այդ չափաբաժինն անհրաժեշտ է մեծացնել 3-5 անգամ, քանի որ C վիտամինն առկա է հակամարմինների առաջացմանը նպաստող ֆերմենտների կազմի մեջ։

Ճարպալուծ վիտամինների շարքում առավել կարևորվում է A վիտամինը, որն անհրաժեշտ է էպիթելային հյուսվածքների բնականոն աճի համար։ Բացի այդ, A վիտամինը մասնակցում է տեսողական գունակ ռոդոպսինի ձևավորումն ապահովող ֆերմենտների աշխատանքին։ A ավիտամինոզի կամ թերվիտամինոզի պարագայում կարող են զարգանալ մաշկի կամ լորձաթաղանթների խոցեր, «հավկուրություն»՝ մթնշաղային տեսողության խանգարում։ A վիտամինը պարունակվում է առավելապես լյարդում, կենդանական ծագմամբ մթերքներում՝ կարագում, պանրում։ Սակայն բույսերում այս վիտամինը կարող է սինթեզվել նրանցում պարունակվող դեղին գունանյութից՝ կարոտինից։ Կարոտինը պարունակվում է գազարում, կարմիր պղպեղում, ծիրանում, դդմի մեջ և կարմիր գույնի այլ մրգերում ու բանջարեղենում։ Կարոտինն ավելի լավ յուրացվում է եփելուց հետո, A վիտամինի վերածվում է բարակ աղիներում։

արտաթորության համակարգերը

Արտաթորության համակարգ, արտազատիչ համակարգ, օրգանների ամբողջություն, որով մարդու և կենդանիների օրգանիզմից հեռացվում են ավելորդ ջուրը, նյութափոխանակության վերջնական արգասիքները, աղերը, ինչպես նաև օրգանիզմ մտած և այնտեղ առաջացած թունավոր նյութերը։

Նախակենդանիների օրգանիզմից լուծելի արտազատուկը (ամոնիակ, միզանյութ) արտաքին միջավայր է դուրս գալիս դիֆուզիայի կամ օսմոկարգավորման ֆունկցիա կատարող կծկող վակուոլների օգնությամբ։ Ջրային ցածրակարգ բազմաբջիջների (սպունգներ, աղեխորշավորներ) և ծովային քիչ ակտիվ կենդանիների (փշամորթներ) նյութափոխանակության արգասիքները հեռացվում են մարմնի մակերեսով և միջավայրի հետ կապ ունեցող խոռոչների պատերով։ Անողնաշարավորների մեծ մասի արտաթորման ֆունկցիան մասամբ կատարում են աղիքները։ Կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում դիֆերենցվում է հատուկ արտաթորության համակարգ։ Ստորակարգ որդերի, անելիդների արտաթորության օրգանները պրոտոնեֆրիդներն են, իսկ օղակավոր որդերի մեծ մասինը՝ մետանեֆրիդները։ Ցամաքային հոդվածոտանիների արտաթորման ֆունկցիան կատարում են աղիքների պատերը կամ մալպիգյան անոթները (կույր մակաճներ միջին և ետին աղիքի սահմանում)։

Մարդու և բարձրակարգ կենդանիների արտաթորության օրգաններն են՝ երիկամները, թոքերը, մաշկը, քրտնագեղձերը, աղիքները և այլն, որոնց գործունեությամբ ապահովվում է օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունը (հոմեոստազ)։

Երիկամներում միզագոյացման շնորհիվ նյութափոխանակության արգասիքները (միզանյութ, միզաթթու, կրեատինին, ամոնիակ), ինչպես նաև որոշ իոններ (նատրիում, կալիում, ֆոսֆոր), ջրի ավելցուկը և տարբեր աղեր հեռացվում են օրգանիզմից, որով և կարգավորվում է օրգանիզմի օսմոտիկական ճնշման հավասարակշռությունը, իոնային բաղադրությունը և թթվահիմնային կայունությունը։

Արտաթորության օրգանների ֆունկցիայի խանգարումը կարող է պատճառ դառնալ մի շարք հիվանդությունների, երբեմն՝ մահվան։

մարսողության

Մարսողություն, սննդի խոշոր անլուծելի մասնիկների քայքայումն է փոքր ջրալույծ մասնիկների, որոնք կարող են անցնել արյան պլազմայի հեղուկ միջավայր։ Որոշ օրգանիզմներում այդ փոքր միացությունները կլանվում են բարակ աղիքից արյան հունի մեջ։ Մարսողությունը կատաբոլիզմի ձև է և, կախված նրանից, թե ինչպես է ճեղքվում սնունդը, այն բաժանվում է երկու գործընթացների՝ մեխանիկական և քիմիական մարսողություն։ Մեխանիկական մարսողության ժամանակ սննդի խոշոր մասնիկները ենթարկվում են ֆիզիկական ճեղքման և վեր են ածվում ավելի փոքր մասնիկների, որոնց կարող են քայքայել մարսողական ֆերմենտները։ Քիմիական մարսողության ժամանակ, ֆերմենտները քայքայում են սնունդը՝ դարձնելով օրգանիզմում օգտագործման համար մատչելի։

Մարդու մարսողական համակարգում սնունդը անցնում է բերան, որտեղ սկսվում է նրա մեխանիկական մարսումը՝ ծամելու և թքով շաղախվելու գործողությամբ։

Թքագեղձերի կողմից արտադրված թուքը պարունակում է թքի ամիլազ ֆերմենտը, որի ազդեցությամբ սկսվում է սննդի կազմում գտնվող օսլայի ճեղքավորումը։ Թուքը նաև պարունակում է լորձ, որը փափկեցնում է սնունդը և հիդրոկարբոնատ, որը ապահովում է ամիլազի գործունեության համար կատարյալ рН (հիմնային)։ Բերանի խոռոչում սնունդը օսլայով ճեղքվելուց հետո վեր է ածվում ոչ մեծ գնդային զանգվածի, որին անվանում ենք բոլուս։ Ապա այն սկսվում է կերակրափողով շարժվել ներքև դեպի ստամոքս պերիստատիկայի միջոցով։ Ստամոքսահյութի ազդեցությամբ ստամոքսում սկսվում է սպիտակուցների մարսողությունը։ Ստամոքսահյութը հիմնականում պարունակում է աղաթթու և պեպսին։ Ստամոքսի լորձաթաղանթի կողմից արտադրվում է նաև լորձ, որը գործում է որպես վահան այս քիմիական միացությունների քայքայիչ ազդեցությունից ստամոքսի պատը պաշտպանելու համար։ Միևնույն ժամանակ կատարվում է նաև սպիտակուցների մարսողություն, որի ժամանակ նրանց մեխանիկական խառնումը կատարվում է պերիստատիկայի միջոցով՝ մկանային ալիքների կծկմամբ, որոնք շարժվում են ստամոքսի պատի երկայնքով։ Սա թույլ է տալիս սննդի զանգվածին լրացուցիչ խառնվել մարսողական ֆերմենտների հետ։ Որոշ ժամանակ անց (սովորաբար մարդկանց մոտ 1–2 ժամ, շների մոտ՝ 4–6 ժամ, տնային կատուների մոտ՝ 3–4 ժամ) ստացվում է հեղուկ շիլայանման զանգված՝ քիմեն։ Երբ բացվում է սֆինկտերի պիլորիկ փականը այդ զանգվածը անցնում է տասներկումատնյա աղի, որտեղ այն խառնվում է ենթաստամոքսային գեղձի արտադրած մարսողական ֆերմենտների և լյարդի արտադրած լեղու հետ, այնուհետև անցնում է բարակ աղիներով՝ շարունակելով մարսողությունը։ Երբ քիմենը ամբողջությամբ մարսվում է՝ այն ներծծվում է արյան մեջ։ Սննդանյութերի 95%–ի ներծծումը կատարվում է բարակ աղիներում։ Ջուրը և հանքային աղերը հետ ներծծվում են արյան մեջ հաստ աղիքում, որտեղ рН–ը թույլ թթվային է՝ 5,6-6,9։ Որոշ վիտամիններ, ինչպես օրինակ բիոտինը կամ վիտամին K–ն (K2MK7), որոնք արտադրվում են հաստ աղիքի մանրէները, նույնպես ներծծվում են արյան մեջ հաստ աղիքում։ Կենսագործունեության արգասիքները հեռացվում են օրգանիզմից ուղիղ աղիքով դեֆեկացիայի ժամանակ[1]։

Կենսաբանություն

Գեղձ

Տեսակներ

Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և ազդում օրգանների կենսագործունեության վրա։ Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատական, ներզատական և խառը։ Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են օրգանների խոռոչների միջև կամ մաշկի մակերևույթին։ Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը, քրտնագեղձերը և այլն։ Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանորեն բարձր ակտիվությամբ։ Դրանք սպիտակուցային,ճարպային կամ այլ բնույթի նյութեր են։ Արյան հունով տարածվում են ամբողջ օրգանիզմում և ուրույն ազդեցություն ունենում որևէ գործընթացի վրա՝ փոփոխվում են օքսիդացման գործընթացների ակտիվությունը, բջջաթաղանթների թափանցելիությունը, սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի սինթեզը, դրդում կամ արգելակում օրգանների աշխատանքը,բջիջների ու հյուսվածքների ձևավորումը, օրգանիզմի աճը, զարգացումը և այլն։

Ներզատական գեղձերից են մակուղեղը, վահանագեղձը, ուրցագեղձը, մակերիկամները, ենթաստամոքսային գեղձի կղզյակային հատվածը, սեռական ու այլ գեղձեր։ Վերջին երկու գեղձերը կոչվում են խառը, քանի որ օժտված են ներզատական և արտազատական ֆունկցիաներով։ Ներզատական գեղձերից բացի հորմոններ են ներզատում նաև ստամոքս-աղիքային համակարգը, կենտրոնական նյարդային համակարգը, որոշ օրգաններ ու հյուսվածքներ։ Հաճախ նրանց միավորում են սփռուն ներզատական համակարգի մեջ։

Խառը գեղձերը դրանք այն գեղձերն են, որոնք ունեն և ներզատիչ և արտազատիչ մասեր։ Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը։ Ենթաստամոքսային գեղձի ներզատիչ մասը արտադրում է մի շարք հորմոններ՝ (ինսուլինգլյուկագոն և այլն), իսկ արտազատիչ մասն արտադրում է մարսողական հյութ, որը ծորանով բացվում է տասներկումատնյա աղիքի մեջ։ Սեռական գեղձերի ներզատիչ մասն արտադրում է սեռական հորմոններ, իսկ արտազատիչ մասը՝ սեռական բջիջներ։

Մակուղեղը գտնվում է գլխուղեղի ստորին մասում, միացած է ենթատեսաթմբին։ Այն ձվաձև, սիսեռի մեծության 0,5-0,7 գ զանգվածով մարմին է։ Բաղկացած է 3 բլթերից, որոնք արտադրում են տարբեր հորմոններ։ Մակուղեղի հորմոնները կարգավորում են մի շարք գեղձերի (մակերիկամ, վահանաձև և սեռական գեղձեր) աշխատանքը, հսկում է մեզի գոյացման գործընթացը, օրգանիզմի աճը ու ֆիզիկական զարգացման գործընթացները, սեռական հասունացումը, նյութափոխանակությունը, նյարդային ու մտավոր ունակությունները, կապակցում օրգանների ու նրանց համակարգերի գործունեությունը և մաշկի գունավորումը։ Մակուղեղի հորմոններից են աճի հորմոնը,որը կարգավորում է օրգանների ու հյուսվածքների աճը։ Մակուղեղում սինթեզվում են նաև որոշ ներզատական գեղձերի գործունեությունը կարգավորող հորմոններ։

Վահանագեղձ

Վահանագեղձը տեղադրված է վահանաճառի առջևի մասում, որի պատճառով էլ ստացել է համապատասխան անվանումը։ Այն բաղկացած է երկու բլթերից և նրանց միացնող նեղուցից։ Վահանագեղձի հորմոններից է թիրօքսինը, որի կազմի մեջ մտնում է յոդ։ Վահանագեղձի հորմոններն ապահովում է օրգանիզմի բնական նյութափոխանակությունը, աճը, զարգացումը, էներգափոխանակությունը, նյարդային և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքը։ Այս գեղձը ներզատում է նաև արյան մեջ կալցիումի քանակը կարգավորող հորմոն, որը դրա ավելցուկը կուտակում է ոսկրային հյուսվածքում։ Թիրոքսինի անբավարարությունը մանկական հասակում առաջ է բերում գաճաճություն (կրետինիզմ) հիվանդությունը, որի ժամանակ խախտվում է մարմնի համաչափությունը և առաջանում է թուլամտություն։ Հասուն շրջանու վահանագեղձի թերֆունկցիան առաջացնում է լորձայտուց կոչվող հիվանդությունը, որի ախտանիշներն են մարմնի այտուցվածությունը, դեմքի բութ արտահայտությունը, հիշոխության վատացումը։ Այն վայրերում որտեղ հողն ու ջուրն քիչ յոդ են պառունակում, հանդիպում է վահնագեղձի մեծացում և այդ հիվանդությունը կոչվում էտեղային խպիպ։ Գեղձի այդպիսի մեծացումը ունի հարմարողական նշանակություն և օրգանիզմի պահանջը բավարարելու համար ավելի շատ հորմոն է արտադրում։ Թիրոքսին հորմոնի գերաանդուրտադրությունը առաջացնում է նյութափոխանակության գերակտիվացում, նյարդային գրգռվածություն, հոգնածություն, սրտի աշխատանքի հաճախացում։ Այդ հիվանդությունը կոչվում է բազեդովյան։

Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է։ Այն կատարում է արտազատական ու ներզատական ֆունկցիա։ Ներզատական ֆունկցիան իրականացնում են նրա կղզյակներում սինթեզվող հորմոնները։ Դրանցից գլխավորը սպիտակուցային կառուցվածք ունեցող ինսուլինն է։ Այն նպաստում է հյուսվածքների կողմից ածխաջրերի յուրացմանը,լյարդում արյան գլյուկոզից կենդանական շաքարի՝ գլիկոգենի սինթեզին ու պահեստավորմանը։ Նույն գեղձի մյուս հորմոն գլյուկագոնն ունի հակառակ ազդեցություն՝ արյան մեջ շատացնում է գլյուկոզը՝ ի հաշիվ լյարդի գլիկոգենի ճեղքման։ Այս երկու հորմոնների և մակերիկամի ադրենալին հորմոնի օգնությամբ արյան մեջ գլյուկոզի քանակը մշտապես մնում է հարաբերական կայուն վիճակում (0,08-0,12 %)։

Մակերիկամներ

Մակերիկամները զույգ ներզատական գեղձեր են, տեղավորված երիկամների վերին բևեռներում։ Մակերիկամները բաղկացած են կեղևային ու միջուկային շերտերից։ Կեղևային շերտը ներզատում է հանքային փոխանակությունը կարգավորող հորմոններ։ Հորմոնների մեկ այլ խումբ կարգավորում են օրգանական նյութերի և աղաջրային փոխանակությունը, խոչընդոտում են բորբոքային գործընթացների զարգացումը։ Մասնակցում է ածխաջրերի ու սպիտակուցների փոխանակությանը։ Դրանք ուժեղացնում են նաև պահուստային ճարպերի օգտագործումը։ Օրգանիզմի «վթարային» տագնապային իրավիճակներում մակերիկամները ենթատեսաթմբի և մակուղեղի հետ միասին «մոբիլիզացնում են» օրգանիզմի պաշարները վրահաս վտանգը կանխելու համար։ Կեղևը ներզատում է նաև իգական ու արական սեռական հորմոններ, որոնց ակտիվությունը բարձր է մանկական հասակում և որոնք նպաստում են սեռական օրգանների զարգացմանը։

Մակերիկամների միջուկային շերտը ներզատում է ադրենալին,որն արագացնում է սրտի աշխատանքը, սեղմում արյունատար անոթների մի մասը, բարձրացնում արյան ճնշումը, շատացնում արյան մեջ շաքարի քանակը, արգելակում ստամոքս-աղիքային ուղու գործունեությունը, լայնացնում բրոնխները, վեր բարձրացնում մաշկի մազերը։ Այս հորմոնը վերականգնում և ուժեղացնում է մկանային գործունեությունը։ Հուզական ռեակցիաների ժամանակ (ցավ, զայրույթ, վախ, ուրախություն) արյան մեջ շատանում է ադրենալինի քանակը։

Սեռական գեղձեր

Սեռական գեղձերը խառը գեղձեր են։ Նրանք սինթեզում են սեռական բջիջներ ու սեռական հորմոններ։ Արական սեռական գեղձերի՝ սերմնարանների հատուկ բջիջներում սինթեզվում են արական սեռական հորմոններ։ Դրանք խթանում են սեռական օրգանների զարգացումն ու երկրորդային սեռական հատկանիշների՝ մորուքի աճի, բնորոշ մազածածկի, մկանների աճի, ձայնի, մարմնակազմվածքի ձևավորումը։ Իգական սեռական գեղձերի՝ ձվարանների հորմոնները նպաստում են արգանդի ու կաթնագեղձերի ձևաբանական զարգացմանը, մասնակցում երկրորդային սեռական հատկանիշների՝ մարմնակազմվածքի բնորոշ ձևավորմանը, ձայնի հնչեղությանը, կարգավորում սեռական ցիկլըհղիությունն ու ծննդաբերությունը։

Նյարդահումորալ կարգավորման խանգարումներ

Ներզատական գեղձերի ֆունկցիայի խանգարումներն ուղեկցվում են նրանց կողմից արտադրվող հորմոնների քանակի փոփոխությամբ, որն առաջացնում է բազմաթիվ ծանր հիվանդություններ։

Վաղ մանկական հասակում մակուղեղի թերֆունկցիայի դեպքում աճի հորմոնի անբավարար արտադրման հետևանքով արգելակվում է մանուկների աճը և նկատվում է թզուկություն։ Նույն հասակում այդ գեղձի գերֆունկցիան առաջացնում է հասակի գերաճ, հսկայություն (գիգանտիզմ)։ Այդպիսի մարդկանց հասակը հասնում է 2,5-2,6 մ։ Աճման հորմոնի հավելյալ քանակը չափահաս հասակում առաջացնում է հիվանդություն (ակրոմեգալիա),որի ժամանակ նկատվում է մարմնի ծայրանդամների՝ ձեռքերի ու ոտքերի, լեզվի, քթի, ականջների, ոտնաթաթերի մեծացում։ Մակուղեղի հետին բլթի թերֆունկցիան կարող է առաջացնել անշաքար միզահյուծություն, որի դեպքում հիվանդն օրական միզում է մինչև 10 լ հեղուկ ու առաջանում է անհագ ծարավ։

Վաղ մանկական հասակում մեկ այլ ներզատական գեղձի վահանագեղձի թերֆունկցիայի դեպքում զարգանում է գաճաճություն՝ կրետինիզմ հիվանդությունը, որի հիմնական նշաններն են կարճ հասակը, մտավոր թերզարգացումը, փքված որովայնը,ատամների անկանոնությունը, գունազրկված մաշկը և այլն։ Այդ գեղձի թերֆունկցիան հասուն շրջանում առաջացնում է լորձայտուց հիվանդությունը, որի ժամանակ նյութափոխանակության խանգարման, արյան ճնշման անկման, արյան դանդաղ հոսքի հետևանքով առաջանում է միջհյուսվածքային հեղուկի շատացում, դիտվում է այտուց, մաշկը չորանում ու դեղնում է, նկատվում է քնկոտություն, հիշողության վատացում։ Այն վայրերում, որտեղ ջրի ու սննդի մեջ քիչ է յոդը,վահանագեղձը գերաճում է, և զարգանում է տեղային խպիպ հիվանդություն։ Վահանագեղձի զանգվածի այդպիսի մեծացումն ունի հարմարողական նշանակություն՝ այն ավելի շատ հորմոն է արտադրում օրգանիզմի պահանջը բավարարելու համար։ Տեղային խպիպի կանխարգելման համար օգտագործում են յոդացված կերակրի աղ։ Վահանագեղձի գերֆունկցիայի դեպքում առաջանում է բազեդովյան հիվանդություն, որի ժամանակ նկատվում է կենտրոնական նյարդային համակարգի դրդունակության ու նյութափոխանակության բարձրացում, սրտխբոց, փքակնություն, մարմնի կշռի անկում։

Ենթաստամոքսային գեղձի ներզատական թերֆունկցիայի ժամանակ ինսուլինի քանակի նվազման հետևանքով զարգանում է շաքարախտ հիվանդությունը։Հյուսվածքների կողմից ածխաջրերի յուրացման խանգարումը հանգեցնում է արյան մեջ շաքարի քանակի ավելացման, նկատվում է շատամիզություն ու շաքարամիզություն։ Հիվանդն անընդհատ ծարավում է ու զգալի քանակով ջուր խմում, նիհարում, զարգանում է մկանային թուլություն։ Շաքարախտով հիվանդները պետք է սահմանափակեն ածխաջրերով հարուստ սննդի գործածումն ու ամեն օր կամ պարբերաբար ընդունեն ինսուլին։

Մակերիկամների կեղևային շերտի թերֆունկցիայի դեպքում զարգանում է բրոնզախտ հիվանդությունը, որի ժամանակ մարդը նիհարում է, շուտ հոգնում, մաշկը բրոնզի գույն է ստանում, մկանները թուլանում են, չի կարողանում ֆիզիկական աշխատանք կատարել։ Կեևային շերտի գերֆունկցիայի դեպքում սեռական հորմոնների արտադրման խանգարումը կարող է հանգեղնել վաղ սեռահասունացման, յուրօրինակ ճարպակալման ու մազակալման։

Վաղ մանկական հասակում սերմնարանների ու ձվարանների գերֆունկցիայի դեպքում օրգանիզմը սկսում է արագ աճել ու նկատվում է վաղ սեռահասունացում։ Ձվարանների թերֆունկցիայի դեպքում նկատվում է սեռական օրգանների թերզարգացում, մարմնի ճարպակալում, դաշտանի բացակայություն։