Մաշկ

Մաշկը (լատ.՝ cutis, հուն․՝ δέρμα), մարդու մարմնի արտաքին ծածկույթն է, ամենամեծ օրգանը։ Ամբողջ մարմնի քաշի 20%-ը կշռում է մաշկը՝ առանց ենթամաշկային ճարպաբջջանքի, իսկ վերջինիս հետ այն կազմում է մարմնի քաշի ավելի քան 50%-ը[1]։ Այն ապահովում է օրգանիզմի կապը արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև պաշտպանում մարդու օրգանիզմը արտաքին վնասակար ազդեցություններից և կանխում կարևոր նյութերի, մասնավորապես, ջրի կորուստը։

Մաշկի կառուցվածքն, ինչպես նաև մաշկային հիվանդություններն ուսումնասիրող գիտությունը կոչվում է մաշկաբանություն։Չափահաս մարդու մաշկի մակերեսը 1,5-22 է, հաստությունը՝ 0,5-4 մմ։ Մաշկը կազմված է երեք շերտերից. էպիդերմիս (վերնամաշկ), դերմա (բուն մաշկ) և հիպոդերմա (ենթամաշկային ճարպաբջջանք), որոնք գտնվում են մորֆոֆունկցիոնալ միասնության մեջ։ Էպիդերմիսն ու դերման իրարից սահմանազատված են հիմային (բազալ) թաղանթով։

Վերնամաշկը մարմնի տարբեր մասերում տարբեր հաստության բազմաշերտ, հարթ էպիթելային հյուսվածքի բջիջների շերտ է։ Արտաքին միջավայրի ազդեցությամբ վերնամաշկի մակերեսային շերտի մեռած բջիջները եղջերանում, աստիճանաբար թափվում են և նոսրացվում նրանց տակ գտնվող կենդանի բջիջների բազմացման շնորհիվ։ Վերնամաշկի մակերեսային շերտի տակ գտնվում են գունանյութ պարունակող բջիջներ։ Գունանյութի քանակից և բաղադրությունից է կախված մաշկի գունը։ Արևի ճառագայթների ազդեցությամբ մեծանում է մաշկի գունավորումը, որն օրգանիզմը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցումից։

Վերնամաշկի եղջերային գոյացումներ են մազերը և եղունգները։ Դրանք անընդհատ աճում են վերնամաշկի կենդանի բջիջների շնորհիվ։ Մարմնի ամբողջ մակերեսը (մոտ 95 %),բացառությամբ շրթունքների, ափերի, ներբանների, ծածկված են մազերով։ Մազերն ունեն պաշտպանական նշանակություն, պահում են օդը, փոքրացնում ջերմատվությունը։

Բուն մաշկը կազմված է ամուր թելակազմ շարակցական հյուսվածքից,առաձիգ թելերից և հարթ մկանաթելերից։ Առաձիգ թելերը մաշկին տալիս են առաձգականություն և նպաստում մաշկի ձգմանն ու շարժումներին։ Բուն մաշկի մեջ տարբերում են վերին խիտ՝ պտկային և ստորին ավելի նոսր՝ ցանցավոր շերտը։ Պտկային շերտն առաջացնում է բազմաթիվ պտկիկներ, որոնք մտնելով վերնամաշկի մեջ առաջացնում են կատարներ և ակոսներ։ Կատարները լավ նկատելի ափի և մատների մաշկի վրա, որտեղ նրանք կազմում են յուրաքանչյուր անհատին հատուկ պատկեր։

Բուն մաշկում գտնվում են ճարպագեղձեր, քրտնագեղձեր, մազապարկեր, ընկալիչներ, արյունատար և ավշային անոթներ։

Ճարպագեղձերը բշտիկավոր պարզ գեղձեր են, գտնվում են մարմնի ամբողջ մակերեսին, բացառությամբ ափերի և ներբանների։ Ճարպագեղձերի արտազատուկը՝ մաշկային ճարպը,օծում է մազեր, վերնամաշկի արտաքին շերտը, փափկացնում դրանք։ Ճարպն արգելում է ջրի և այլ հեղուկների ներթափանցումը մաշկով։ Տարիքին զուգընթաց արտազատվող ճարպի քանակը պակասում է, ուստի մազերն ու մաշկը դառնում են չոր։

Քրտնագեղձերը ոլորված կծիկով սկսվող խողովակաձև գեղձեր են, որոնց արտատար ծորանները բացվում են մաշկի մակերեսին։ Կծիկները պատված են արյունատար մազանոթներով, որոնցից ջուրը,որոշ քանակով աղեր և միզանյութ անցնում են քրտնագեղձերի մեջ։ Մարդու մաշկի մեջ կան ավելի քան 2 միլիոն քրտնագեղձեր, որոնք օրական արտադրում են մոտ 1,2 լ քրտինք, որի միջոցով հեռանում է օրգանիզմում առաջացած հավելյալ ջերմությունը։ Այդ պատճառով մարմնի ջերմաստիճանը չի բարձրանում նույնիսկ ամենաշոգ եղանակին։ Մազարմատները գտնվում են մազապարկերի մեջ, որոնք շրջահյուսված են նյարդաթելերով և թեք դասավորված հարթ մկաններով։ Շրջապատող միջավայրի ջերմաստիճանը իջեցնելիս, վախի, զայրութի դեպքում հարթ մկանները ռեֆլեքսորեն կծկվում են, և մաշկի մակերեսին առաջանում են թմբիկներ՝ սագամաշկ, որի արդյունքում ջերմատվությունը նվազում է։

Բուն մաշկի տակ գտնվում է ենթամաշկային բջջանքը։ Այն կազմված է շարակցահյուսվածքային թելերի ցանցից, որի օղակներում տեղադրված են ճարպային բջիջներ։ Այս շերտն օրգանիզմից պաշտպանում է ջրի ավելորդ կորստից, մեխանիկական վնասվածքներից և գերսառեցումից։ Այստեղ կուտակվում է օրգանիզմի պահեստային ճարպը։


Մարդու մաշկը (արտաքին տեսք)
Էպիդերմիս Խմբագրել
Մաշկի արտաքին շերտն է, ներկայացված է բազմաշերտ տափակ եղջրացող էպիթելով։ Հաստությունը տատանվում է 0,05մմ-ից (կոպերին) մինչև 1,5մմ (ներբաններին) չափերի սահմաններում։ Այստեղ բջիջների 95%-ը հանդիսանում են կերատինոցիտները (էկտոդերմայի ածանցյալներ), որոնք տարբերակման գործընթացին համապատասխան տեղաշարժվում են հիմային թաղանթից դեպի մաշկի մակերես։
Էպիդերմիսը կազմված է հինգ շերտերից. հիմային, փշաձև, հատիկավոր, փայլուն և եղջրային։


Վերնամաշկի (էպիդերմիսի) կառուցվածքը
Հիմային շերտ Խմբագրել
Հիմային շերտը (stratum basale կամ stratum germinativum, բազալ շերտ) էպիդերմիսի հիմքն է, նրա ամենախորանիստ շերտը։ Կազմված է մանր գլանաձև բջիջների մեկ շարքից։ Այդ բջիջները կոչվում են բազալ կամ հիմային կերատինոցիտներ, ունեն խոշոր, մուգ ներկված կորիզներ և խիտ, ռիբոսոմներով և տոնոֆիլամենտներով հարուստ ցիտոպլազմա։ Բջիջներն իրար հետ կապված են միջբջջային կամրջակներով՝ դեսմոսոմներով, իսկ բազալ թաղանթին ամրացված են կիսադեսմոսոմներով։
Բազալ կերատինոցիտները սինթեզում են ջրում անլուծելի մի սպիտակուց, որից ձևավորվում են դեսմոսոմների ու կիսադեսմոսոմների կազմի մեջ մտնող և կերատինոցիտների բջջային կմախքը կազմող կերատինային ֆիլամենտներ։ Այս շերտի բջիջների միտոտիկ ակտիվությունը ապահովում է էպիդերմիսի վերադիր կառույցների ձևավորումը։

Փշաձև բջիջների շերտ Խմբագրել
Անմիջապես հիմային շերտի վրա կերատինոցիտները չափերով մեծանում են և ձևավորում փշաձև բջիջների շերտ (stratum spinosum)։ Այն կազմված է 3-6 (երբեմն՝ 15) շարք փշաձև կերատինոցիտներից, որոնք ունեն պոլիգոնալ տեսք և նույնպես իրար հետ կապակցված են դեսմոսոմներով։ Ցիտոպլազմայում առկա են տարբեր տրամագծի բազմաթիվ կլորավուն բշտիկներ, ցիտոպլազմատիկ ցանցի անցուղիներ, մելանոսոմներ։
Բազալ և փշաձև շերտերը անվանում են Մալպիգի աճային շերտ, որովհետև այդ շերտերում է դիտվում միտոզ, ինչի հաշվին իրականացվում է էպիդերմիսի ձևավորումն ու ռեգեներացիան (վերականգնումը)։

Հատիկավոր բջիջների շերտ Խմբագրել
Հատիկավոր բջիջների շերտը (stratum granulosum) կազմված է 2-3 շարք բջիջներից, որոնք փշաձև բջիջների շերտին հարող հատվածներում խորանարդաձև են, իսկ մաշկի մակերեսին ավելի մոտ հատվածներում՝ ռոմբաձև։ Կորիզներին բնորոշ է արտահայտված բազմաձևությունը (պոլիմորֆիզմ), ցիտոպլազմայում առկա են կերատոհիալինի հատիկներ։ Հատիկավոր շերտի ստորին շարքերում տեղի է ունենում կերատոհիալինային հատիկների հիմնական սպիտակուցի՝ ֆիլարգինի սինթեզը։ Այս շերտի բջիջների հաջորդ առանձնահատկությունը նրանց ցիտոպլազմայում կերատոսոմների կամ Օդլանդի մարմնիկների առկայությունն է, որոնց պարունակությունը (գլիկոլիպիդներ, գլիկոպրոտեիդներ, ազատ ստեարիններ, հիդրոլիտիկ ֆերմենտներ) արտազատվելով միջբջջային տարածություն՝ ձևավորում է ցեմենտող (ամրացնող) նյութը։

Փայլուն շերտ Խմբագրել
Փայլուն շերտը (stratum lucidum) տեսանելի է մարմնի առավել զարգացած էպիդերմիսով հատվածներում՝ ափեր, ներբաններ։ Այստեղ այն ներկայացված է 3-4 շարք ձգված բջիջներով, որոնք հարուստ են էլեիդինով, որից էլ հետագայում սինթեզվում է կերատինը։ Փայլուն շերտի վերին շարքի բջիջները կորիզներ չեն պարունակում։

Եղջրային շերտ Խմբագրել
Այս շերտը (stratum corneum) ձևավորվում է ամբողջովին եղջրացած, անկորիզ բջիջներով՝ կոռնեոցիտներով, որոնք պարունակում են անլուծելի սպիտակուց կերատին։ Կոռնեոցիտները միացած են իրար բջջաթաղանթի ելուստերով և եղջրացած դեսմոսոմներով։ Եղջրային շերտի մակերեսային հատվածներում դեսմոսոմները քայքայվում են, կոռնեոցիտները վերածվում են եղջրային թեփուկների և հեշտությամբ շերտազատվում ու պոկվում։ Այս շերտը առավել զարգացած ու արտահայտված է մարնի հատկապես այն հատվածներում, որտեղ մաշկը ենթարկվում է ամենամեծ մեխանիկական ներգործությանը (ափեր, ներբաններ)։

Բազալ թաղանթ Խմբագրել
Բազալ կամ հիմային թաղանթը տարանջատում է էպիդերմիսը դերմայից։ Այն ունի 40-50նմ չափեր, նրա ուրվագիծը կրկնում է դերմայի մեջ ներխրվող էպիդերմալ ձգանների ռելիեֆը։ Բազալ թաղանթը հանդիսանում է էլաստիկ հենք, որը ոչ միայն ամուր կապում է էպիթելը դերմային կոլագենային թելերին, այլ նաև խոչընդոտում էպիդերմիսի ներաճը դերմայի մեջ։ Այն կազմված է ֆիլամենտներից և կիսադեսմոսոմներից, ինչպես նաև դերմայի մասը հանդիսացող ռետիկուլյար խրձերից, կատարում է պաշտպանիչ, նյութափոխանակային և այլ ֆունկցիաներ։ Ունի երեք շերտեր։

Դերմա Խմբագրել
Դերման մաշկի շարակցահյուսվածքային մասն է, կազմված երեք բաղադրիչներից՝ թելիկներ, հիմնական նյութ և սակավաթիվ բջիջներ։ Այն հենք է հանդիսանում մաշկի հավելումների (մազեր, եղունգներ, քրտնա- և ճարպագեղձեր), անոթների և նյարդերի համար։ Հաստությունը՝ 0,3-3 մմ։ Դերմայում տարբերում են երկու շերտեր՝ պտկիկային և ցանցային։ Այն հարաբերականորեն աղքատ է բջիջներով. անոթների և մազերի շուրջ կարող են հանդիպել քիչ քանակությամբ լիմֆոհիստիոցիտար ինֆիլտրատներ։

Պտկիկային շերտ Խմբագրել
Բարակ պտկիկային շերտը (stratum papillare) կազմված է ամորֆ նյութից և բարակ շարակցահյուսվածքային թելերից, որոնք ձևավորում են էպիդերմիսի փշաձև շերտի մեջ մեջ ներխրվող պտկիկներ։ Այստեղ քիչ քանակությամբ առկա են նաև փուխր շարակցական հյուսվածքին բնորոշ բջջային տարրեր։ Որոշ հատվածներում տեղակայված են հարթ մկանաթելեր, որոնք հիմնականում կապված են մազային սոխուկների հետ (մազը բարձրացնող մկան)։ Այս շերտը իրենից ներկայցնում է երիտասարդ շարակցական հյուսվածք, հարուստ է արյունատար անոթներով պտկիկների արանքում կան սաղմնային բջիջներ որոնք էպիդերմիզի վնասման դեպքում արագ վերականգնում են այն, այս շերտումեն գտնվում մազանոթները և նյարդային վերջավորությունները

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s