Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն (թուրք.՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide, ֆր.՝ Génocide arménien), Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն[1][2], որի արդյունքում 1915-1923 թվականներին[3][4][5][6] զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։
Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք[7]։

Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողություններ և, դրանից ելնելով, Հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականների Համիդյան կոտորածները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Հարավային Կովկասում 1918 թվականին։

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։

Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։

Օսմանյան կայսրությունում հայերի[8][9][10] և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար «ցեղասպանություն» եզրույթը ժամանակին առաջարկել է հենց եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը։

Հոլոքոստից հետո հայերի ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածության աստիճանով համարվում է երկրորդը[11]։

1915 թվականի մայիսի 24-ի համատեղ հռչակագրում պատմության մեջ առաջին անգամ դաշնակից երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսական կայսրություն) հայերի զանգվածային սպանությունները որակեցին իբրև «հանցագործություն մարդկության հանդեպ»[12][13][14]։

Հայերի զանգվածային ջարդերը 1894-1896 թվականներին

Հարյուր հազարավոր հայերի կյանք խլած 1894-1896 թվականների զանգվածային կոտորածներն ունեցան երեք հիմնական հանգրվաններ՝

ջարդեր Սասունում,
1895 թվականի աշնանն ու ձմռանը հայերի կոտորածներ կայսրության ողջ տարածքում,
ջարդեր Ստամբուլում և Վանի շրջանում, ինչի համար պատճառ դարձան տեղի հայերի բողոքները։
Սասունի շրջանում քրդական առաջնորդները հարկատու էին դարձրել հայ բնակչությանը։ Միաժամանակ թուրքական կառավարությունը պահանջեց պետական հարկերի պարտքերի մարում, որոնք սահմանվել էին առանց հաշվի առնելու քրդական կողոպուտները։ Հաջորդ տարում քրդերն ու օսմանյան պաշտոնյաները հայերից պահանջեցին հարկերի վճարում, բայց հանդիպեցին դիմադրության, որը ճնշելու համար ուղարկվեց թուրքական Չորրորդ բանակային կորպուսը։ Սկսվեց Սասունի հայ բնակչության կոտորածը, որի արդյունքում սպանվեց ավելի քան 3,000 մարդ։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսական կայսրության դեսպաններն առաջարկեցին համատեղ հետաքննող հանձնաժողով ստեղծել, բայց առաջարկը մերժվեց Բարձր դռան կողմից[21][22][23][24]։ Սասունի իրադարձությունների մասին Էրզրումում Մեծ Բրիտանիայի հյուպատոս Քլիֆորդ Լլոյդն արտգործնախարարություն ուղարկված իր զեկուցագրերից մեկում գրում էր.

Aquote1.png «Սուլթանի հայ հպատակները բառացիորեն անպաշտպան են, ինչպես գայլերով շրջապատված ոչխարի հոտը»[25]։ Aquote2.png

Սուլթան Աբդուլ Համիդ II-ի ծաղրանկարը: «Le Rire», Փարիզ, 29 մայիսի, 1897
Բողոքելով հայերի խնդիրների չլուծված մնալու դեմ՝ 1895 թվականի սեպտեմբերին հնչակյանները որոշեցին մեծ ցույց կազմակերպել Կոստանդնուպոսլում, բայց նրանց ճանապարհին կանգնեց ոստիկանությունը։ Ցույցի ճնշման արդյունքում սպանվեցին տասնյակ և վիրավորվեցին հարյուրավոր հայեր։ Ոստիկանությունը բռնում էր հայերին և հանձնում մահակներով և սառը զենքի այլ տեսակներով զինված սոֆթերին՝ Ստամբուլի իսլամական ուսումնական հաստատությունների ուսանողներին։ Նրանք հայերին մինչ մահամերձ դառնալը ծեծում էին։ Ջարդերը շարունակվեցին մինչ հոկտեմբերի 3-ը[21][26]։ Հոկտեմբերի 8-ին Տրապիզոնում մուսուլմանները սպանեցին և կենդանի խարույկի վրա այրեցին հազարավոր հայերի։ Այս իրադարձությունները ազդարարեցին Փոքր Ասիայում և Արևմտյան Հայաստանում՝ Երզնկայում, Էրզրումում, Գյումուշխանեում, Բաբերդում, Ուրֆայում և Բիթլիսում օսմանական իշխանությունների կողմից կազմակերպված հայերի զանգվածային սպանությունների մեկնարկը[27][28]։

1895 թվականի ջարդերը հանգեցրին Դաշնակցական կուսակցության կողմից Ստամբուլի Օտտոմանյան բանկի գրավման որոշման ընդունելուն։ 1896 թվականի օգոստոսի 26-ին մի խումբ զինված դաշնակցականներ գրավեցին Օսմանյան բանկի շենքը, ողջ եվրոպական անձնակազմը գերի վերցրեցին և սպառնալով բանկի պայթյունով՝ պահանջեցին թուրքական կառավարությունից կատարել խոստացված քաղաքական բարեփոխումները։ Բանակցությունների արդյունքում ռուսական դեսպանատան ներկայացուցիչը և բանկի տնօրեն Էդգար Վինսենթը անվտանգության սեփական երաշխավորություններով համոզեցին բանկը գրավածներին լքել բանկի շենքը։ Նույն օրը իշխանությունների հրահրմամբ Պոլսում բռնկվեց հայերի նոր զանգվածային կոտորած, որին զոհ գնաց մոտ 6 000 մարդ[27][29]։

1894-1896 թվականների ջարդերի արդյունքում զոհերի ճշգրիտ թիվն անհնար է որոշել։ Մինչ բռնարարքների ավարտը Թուրքիայում գտնվող բողոքական քարոզիչ Յոհաննես Լեփսիուսը, օգտագործելով տարբեր աղբյուրները, հավաքեց հետևյալ վիճակագրությունը՝

սպանվածներ՝ 88 243 մարդ,
ունեզրկվածներ՝ 546 000 մարդ,
կողոպտված քաղաքներ և գյուղեր՝ 2493,
իսլամացված գյուղեր՝ 456,
պղծված եկեղեցիներ և վանքեր՝ 649,
մզկիթների վերածված եկեղեցիներ՝ 328[30]:
Անգլիացի ուսումնասիրող Քինռոսի կարծիքով Համիդյան կոտորածներին զոհ է գնացել 50 000-ից 100 000 հայ[27], Բլոքսհեմը՝ 80 000-100 000[21], Հովհաննիսյան՝ մոտ 100 000[31], Ադալյանն ու Թոթենը՝ 100 000-ից 300 000[9][32], Դադրյան՝ 250 000-ից 300 000[33], Սունի՝ 300 000[34]:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s