Մաշկ

Մաշկը (լատ.՝ cutis, հուն․՝ δέρμα), մարդու մարմնի արտաքին ծածկույթն է, ամենամեծ օրգանը։ Ամբողջ մարմնի քաշի 20%-ը կշռում է մաշկը՝ առանց ենթամաշկային ճարպաբջջանքի, իսկ վերջինիս հետ այն կազմում է մարմնի քաշի ավելի քան 50%-ը[1]։ Այն ապահովում է օրգանիզմի կապը արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև պաշտպանում մարդու օրգանիզմը արտաքին վնասակար ազդեցություններից և կանխում կարևոր նյութերի, մասնավորապես, ջրի կորուստը։

Մաշկի կառուցվածքն, ինչպես նաև մաշկային հիվանդություններն ուսումնասիրող գիտությունը կոչվում է մաշկաբանություն։Չափահաս մարդու մաշկի մակերեսը 1,5-22 է, հաստությունը՝ 0,5-4 մմ։ Մաշկը կազմված է երեք շերտերից. էպիդերմիս (վերնամաշկ), դերմա (բուն մաշկ) և հիպոդերմա (ենթամաշկային ճարպաբջջանք), որոնք գտնվում են մորֆոֆունկցիոնալ միասնության մեջ։ Էպիդերմիսն ու դերման իրարից սահմանազատված են հիմային (բազալ) թաղանթով։

Վերնամաշկը մարմնի տարբեր մասերում տարբեր հաստության բազմաշերտ, հարթ էպիթելային հյուսվածքի բջիջների շերտ է։ Արտաքին միջավայրի ազդեցությամբ վերնամաշկի մակերեսային շերտի մեռած բջիջները եղջերանում, աստիճանաբար թափվում են և նոսրացվում նրանց տակ գտնվող կենդանի բջիջների բազմացման շնորհիվ։ Վերնամաշկի մակերեսային շերտի տակ գտնվում են գունանյութ պարունակող բջիջներ։ Գունանյութի քանակից և բաղադրությունից է կախված մաշկի գունը։ Արևի ճառագայթների ազդեցությամբ մեծանում է մաշկի գունավորումը, որն օրգանիզմը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցումից։

Վերնամաշկի եղջերային գոյացումներ են մազերը և եղունգները։ Դրանք անընդհատ աճում են վերնամաշկի կենդանի բջիջների շնորհիվ։ Մարմնի ամբողջ մակերեսը (մոտ 95 %),բացառությամբ շրթունքների, ափերի, ներբանների, ծածկված են մազերով։ Մազերն ունեն պաշտպանական նշանակություն, պահում են օդը, փոքրացնում ջերմատվությունը։

Բուն մաշկը կազմված է ամուր թելակազմ շարակցական հյուսվածքից,առաձիգ թելերից և հարթ մկանաթելերից։ Առաձիգ թելերը մաշկին տալիս են առաձգականություն և նպաստում մաշկի ձգմանն ու շարժումներին։ Բուն մաշկի մեջ տարբերում են վերին խիտ՝ պտկային և ստորին ավելի նոսր՝ ցանցավոր շերտը։ Պտկային շերտն առաջացնում է բազմաթիվ պտկիկներ, որոնք մտնելով վերնամաշկի մեջ առաջացնում են կատարներ և ակոսներ։ Կատարները լավ նկատելի ափի և մատների մաշկի վրա, որտեղ նրանք կազմում են յուրաքանչյուր անհատին հատուկ պատկեր։

Բուն մաշկում գտնվում են ճարպագեղձեր, քրտնագեղձեր, մազապարկեր, ընկալիչներ, արյունատար և ավշային անոթներ։

Ճարպագեղձերը բշտիկավոր պարզ գեղձեր են, գտնվում են մարմնի ամբողջ մակերեսին, բացառությամբ ափերի և ներբանների։ Ճարպագեղձերի արտազատուկը՝ մաշկային ճարպը,օծում է մազեր, վերնամաշկի արտաքին շերտը, փափկացնում դրանք։ Ճարպն արգելում է ջրի և այլ հեղուկների ներթափանցումը մաշկով։ Տարիքին զուգընթաց արտազատվող ճարպի քանակը պակասում է, ուստի մազերն ու մաշկը դառնում են չոր։

Քրտնագեղձերը ոլորված կծիկով սկսվող խողովակաձև գեղձեր են, որոնց արտատար ծորանները բացվում են մաշկի մակերեսին։ Կծիկները պատված են արյունատար մազանոթներով, որոնցից ջուրը,որոշ քանակով աղեր և միզանյութ անցնում են քրտնագեղձերի մեջ։ Մարդու մաշկի մեջ կան ավելի քան 2 միլիոն քրտնագեղձեր, որոնք օրական արտադրում են մոտ 1,2 լ քրտինք, որի միջոցով հեռանում է օրգանիզմում առաջացած հավելյալ ջերմությունը։ Այդ պատճառով մարմնի ջերմաստիճանը չի բարձրանում նույնիսկ ամենաշոգ եղանակին։ Մազարմատները գտնվում են մազապարկերի մեջ, որոնք շրջահյուսված են նյարդաթելերով և թեք դասավորված հարթ մկաններով։ Շրջապատող միջավայրի ջերմաստիճանը իջեցնելիս, վախի, զայրութի դեպքում հարթ մկանները ռեֆլեքսորեն կծկվում են, և մաշկի մակերեսին առաջանում են թմբիկներ՝ սագամաշկ, որի արդյունքում ջերմատվությունը նվազում է։

Բուն մաշկի տակ գտնվում է ենթամաշկային բջջանքը։ Այն կազմված է շարակցահյուսվածքային թելերի ցանցից, որի օղակներում տեղադրված են ճարպային բջիջներ։ Այս շերտն օրգանիզմից պաշտպանում է ջրի ավելորդ կորստից, մեխանիկական վնասվածքներից և գերսառեցումից։ Այստեղ կուտակվում է օրգանիզմի պահեստային ճարպը։


Մարդու մաշկը (արտաքին տեսք)
Էպիդերմիս Խմբագրել
Մաշկի արտաքին շերտն է, ներկայացված է բազմաշերտ տափակ եղջրացող էպիթելով։ Հաստությունը տատանվում է 0,05մմ-ից (կոպերին) մինչև 1,5մմ (ներբաններին) չափերի սահմաններում։ Այստեղ բջիջների 95%-ը հանդիսանում են կերատինոցիտները (էկտոդերմայի ածանցյալներ), որոնք տարբերակման գործընթացին համապատասխան տեղաշարժվում են հիմային թաղանթից դեպի մաշկի մակերես։
Էպիդերմիսը կազմված է հինգ շերտերից. հիմային, փշաձև, հատիկավոր, փայլուն և եղջրային։


Վերնամաշկի (էպիդերմիսի) կառուցվածքը
Հիմային շերտ Խմբագրել
Հիմային շերտը (stratum basale կամ stratum germinativum, բազալ շերտ) էպիդերմիսի հիմքն է, նրա ամենախորանիստ շերտը։ Կազմված է մանր գլանաձև բջիջների մեկ շարքից։ Այդ բջիջները կոչվում են բազալ կամ հիմային կերատինոցիտներ, ունեն խոշոր, մուգ ներկված կորիզներ և խիտ, ռիբոսոմներով և տոնոֆիլամենտներով հարուստ ցիտոպլազմա։ Բջիջներն իրար հետ կապված են միջբջջային կամրջակներով՝ դեսմոսոմներով, իսկ բազալ թաղանթին ամրացված են կիսադեսմոսոմներով։
Բազալ կերատինոցիտները սինթեզում են ջրում անլուծելի մի սպիտակուց, որից ձևավորվում են դեսմոսոմների ու կիսադեսմոսոմների կազմի մեջ մտնող և կերատինոցիտների բջջային կմախքը կազմող կերատինային ֆիլամենտներ։ Այս շերտի բջիջների միտոտիկ ակտիվությունը ապահովում է էպիդերմիսի վերադիր կառույցների ձևավորումը։

Փշաձև բջիջների շերտ Խմբագրել
Անմիջապես հիմային շերտի վրա կերատինոցիտները չափերով մեծանում են և ձևավորում փշաձև բջիջների շերտ (stratum spinosum)։ Այն կազմված է 3-6 (երբեմն՝ 15) շարք փշաձև կերատինոցիտներից, որոնք ունեն պոլիգոնալ տեսք և նույնպես իրար հետ կապակցված են դեսմոսոմներով։ Ցիտոպլազմայում առկա են տարբեր տրամագծի բազմաթիվ կլորավուն բշտիկներ, ցիտոպլազմատիկ ցանցի անցուղիներ, մելանոսոմներ։
Բազալ և փշաձև շերտերը անվանում են Մալպիգի աճային շերտ, որովհետև այդ շերտերում է դիտվում միտոզ, ինչի հաշվին իրականացվում է էպիդերմիսի ձևավորումն ու ռեգեներացիան (վերականգնումը)։

Հատիկավոր բջիջների շերտ Խմբագրել
Հատիկավոր բջիջների շերտը (stratum granulosum) կազմված է 2-3 շարք բջիջներից, որոնք փշաձև բջիջների շերտին հարող հատվածներում խորանարդաձև են, իսկ մաշկի մակերեսին ավելի մոտ հատվածներում՝ ռոմբաձև։ Կորիզներին բնորոշ է արտահայտված բազմաձևությունը (պոլիմորֆիզմ), ցիտոպլազմայում առկա են կերատոհիալինի հատիկներ։ Հատիկավոր շերտի ստորին շարքերում տեղի է ունենում կերատոհիալինային հատիկների հիմնական սպիտակուցի՝ ֆիլարգինի սինթեզը։ Այս շերտի բջիջների հաջորդ առանձնահատկությունը նրանց ցիտոպլազմայում կերատոսոմների կամ Օդլանդի մարմնիկների առկայությունն է, որոնց պարունակությունը (գլիկոլիպիդներ, գլիկոպրոտեիդներ, ազատ ստեարիններ, հիդրոլիտիկ ֆերմենտներ) արտազատվելով միջբջջային տարածություն՝ ձևավորում է ցեմենտող (ամրացնող) նյութը։

Փայլուն շերտ Խմբագրել
Փայլուն շերտը (stratum lucidum) տեսանելի է մարմնի առավել զարգացած էպիդերմիսով հատվածներում՝ ափեր, ներբաններ։ Այստեղ այն ներկայացված է 3-4 շարք ձգված բջիջներով, որոնք հարուստ են էլեիդինով, որից էլ հետագայում սինթեզվում է կերատինը։ Փայլուն շերտի վերին շարքի բջիջները կորիզներ չեն պարունակում։

Եղջրային շերտ Խմբագրել
Այս շերտը (stratum corneum) ձևավորվում է ամբողջովին եղջրացած, անկորիզ բջիջներով՝ կոռնեոցիտներով, որոնք պարունակում են անլուծելի սպիտակուց կերատին։ Կոռնեոցիտները միացած են իրար բջջաթաղանթի ելուստերով և եղջրացած դեսմոսոմներով։ Եղջրային շերտի մակերեսային հատվածներում դեսմոսոմները քայքայվում են, կոռնեոցիտները վերածվում են եղջրային թեփուկների և հեշտությամբ շերտազատվում ու պոկվում։ Այս շերտը առավել զարգացած ու արտահայտված է մարնի հատկապես այն հատվածներում, որտեղ մաշկը ենթարկվում է ամենամեծ մեխանիկական ներգործությանը (ափեր, ներբաններ)։

Բազալ թաղանթ Խմբագրել
Բազալ կամ հիմային թաղանթը տարանջատում է էպիդերմիսը դերմայից։ Այն ունի 40-50նմ չափեր, նրա ուրվագիծը կրկնում է դերմայի մեջ ներխրվող էպիդերմալ ձգանների ռելիեֆը։ Բազալ թաղանթը հանդիսանում է էլաստիկ հենք, որը ոչ միայն ամուր կապում է էպիթելը դերմային կոլագենային թելերին, այլ նաև խոչընդոտում էպիդերմիսի ներաճը դերմայի մեջ։ Այն կազմված է ֆիլամենտներից և կիսադեսմոսոմներից, ինչպես նաև դերմայի մասը հանդիսացող ռետիկուլյար խրձերից, կատարում է պաշտպանիչ, նյութափոխանակային և այլ ֆունկցիաներ։ Ունի երեք շերտեր։

Դերմա Խմբագրել
Դերման մաշկի շարակցահյուսվածքային մասն է, կազմված երեք բաղադրիչներից՝ թելիկներ, հիմնական նյութ և սակավաթիվ բջիջներ։ Այն հենք է հանդիսանում մաշկի հավելումների (մազեր, եղունգներ, քրտնա- և ճարպագեղձեր), անոթների և նյարդերի համար։ Հաստությունը՝ 0,3-3 մմ։ Դերմայում տարբերում են երկու շերտեր՝ պտկիկային և ցանցային։ Այն հարաբերականորեն աղքատ է բջիջներով. անոթների և մազերի շուրջ կարող են հանդիպել քիչ քանակությամբ լիմֆոհիստիոցիտար ինֆիլտրատներ։

Պտկիկային շերտ Խմբագրել
Բարակ պտկիկային շերտը (stratum papillare) կազմված է ամորֆ նյութից և բարակ շարակցահյուսվածքային թելերից, որոնք ձևավորում են էպիդերմիսի փշաձև շերտի մեջ մեջ ներխրվող պտկիկներ։ Այստեղ քիչ քանակությամբ առկա են նաև փուխր շարակցական հյուսվածքին բնորոշ բջջային տարրեր։ Որոշ հատվածներում տեղակայված են հարթ մկանաթելեր, որոնք հիմնականում կապված են մազային սոխուկների հետ (մազը բարձրացնող մկան)։ Այս շերտը իրենից ներկայցնում է երիտասարդ շարակցական հյուսվածք, հարուստ է արյունատար անոթներով պտկիկների արանքում կան սաղմնային բջիջներ որոնք էպիդերմիզի վնասման դեպքում արագ վերականգնում են այն, այս շերտումեն գտնվում մազանոթները և նյարդային վերջավորությունները

Վիտամին

Վիտամիններ (լատ.՝ vita, «կյանք»), կենսաբանորեն ակտիվ օրգանական և տարբեր կառուցվածք ունեցող միացություններ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար և այդ առումով անփոխարինելի են։ Ակտիվ օրգանական միացությունն անվանվում է վիտամին, երբ տվյալ օրգանիզմը չի կարողանում այն սինթեզել անհրաժեշտ քանակությամբ և ստանում է սննդի միջոցով։ Այս պատճառով «վիտամին» տերմինն պայմանական է կախված արտաքին միջավայրի պայմաններից և օրգանիզմից։ Օրինակ ասկորբինաթթուն՝ վիտամին C-ի տարատեսակներից մեկը, վիտամին է մարդու, բայց ոչ կենդանի օրգանիզմների մեծամասնության համար։ Որոշ առողջական խնդիրների դեպքում վիտամինների հավելումը կարևոր է[1], բայց շատ քիչ փաստեր են հայտնի առողջ մարդու կողմից վիտամինների ընդունման օգտակարության վերաբերյալ[2]։ Կան կազմությամբ վիտամիններին մոտ նյութեր, նախավիտամիններ, որոնք, մտնելով մարդու օրգանիզմ, փոխարկվում են վիտամինների։

Վիտամինները չեն ընդգրկում լրացուցիչ սննդանյութերը՝ հանքային աղերը, ճարպաթթուները և ամինաթթուները, որոնք անհրաժեշտ են ավելի մեծ քանակով, քան վիտամինները և ոչ էլ առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ բազմաթիվ այլ սննդանյութեր[3]։ Ներկայումս լայնորեն ընդունված են 13 տարբեր վիտամիններ, որոնք դասակարգվում են ոչ թե ըստ կառուցվածքի, այլ ըստ իրենց կենսաբանական և քիմիական ակտիվության։ Սրա պատճառով, յուրաքանչյուր վիտամին կազմված է կենսաբանորեն ակտիվ տարբեր բաղադրիչներից՝ վիտամերներից։ Օրինակ՝ վիտամին A-ն, ներառում է ռետինալը, ռետինոլը և 4 այլ անհայտ կարոտինոիդներ։ Վիտամերները օրգանիզմում կարող են փոխակերպվել վիտամինի ակտիվ ձևին, ինչպես նաև, սովորաբար, կարող են փոպակերպվել մեկը մյուսին։

Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների առաջացմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները։ Ազդում են նաև սննդանյութերի յուրացման վրա, նպաստում բջիջների բնականոն աճին և ամբողջ օրգանիզմի զարգացմանը։ Լինելով ֆերմենտների բաղկացուցիչ մաս՝ վիտամիններն ապահովում են դրանց բնականոն գործառույթները և ակտիվությունը։ Որոշ վիտամիններ, օրինակ վիտամին D-ն, կատարում են հորմոնանման ֆունկցիա՝ կարգավորելով հանքային նյութերի փոխանակությունն օրգանիզմում կամ ինչպես վիտամին A-ն է՝ բջիջների և հյուսվածքների աճն ու տարբերակումը։ Վիտամինների ամենամեծ խումբը B վիտամինային կոմպլեքսն է, որոնք խաղում են ֆերմենտների կոֆակտորների դեր՝ կատալիզելով նյոթափոխանակային ռեակցիաները։ Այս առումով, վիտամինները մտնում են ֆերմենտների կազմի մեջ որպես պրոսթետիկ խմվի մի մաս։ Օրինակ՝ բիոտինը ճարպաթթուների ստեղծմանը մասնակցող ֆերմենտների կազմի մեջ է մտնում։ Վիտամինները կարող են նաև կատալիզում խաղալ կոֆերմենտների դեր՝ տեղափոխելով քիմիական ֆունկցիոնալ խմբեր կամ էլեկտրոններ մի մոլեկուլից՝ մյուսը։ Օրինակ՝ ֆոլաթթուն բջջում կարող է տեղափոխել մեթիլ, ֆորմիլ և մեթիլեն խմբերը։ Չնայած վիտամինների ֆերմենտ-սուբստրատ ռեակցիաներում մասնակցելոլւ ֆունկցիան առավել հայտնին է, վիտամինների մյուս ֆունկցիաները նույնպես հավասարապես կարևոր են[4]։

Մինչև 1930-ականների կեսերը, երբ առաջին անգամ կիսասինթետիկ ճանապարհով ստացան վիտամին B-ն և C-ն, վիտամինների միակ աղբյուրը սնունդն էր։ 20-րդ դարի կեսից վիտամինները սկսվեցին արդեն քիմիական ճանապարհով սինթեզվել և վաճառվել, առանձին կամ մուլտիվիտամինային կոմպլեքսների ձևով։ Վիտամինների կառուցվածքային ակտիվությունը, ֆունկցիան և առողջության մեջ դերը ուսումնասիրող գիտությունն անվանվում է վիտամինոլոգիա[5]։

Որևէ վիտամինի անբավարարությունը կամ բացակայությունը հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների, որոնց հետևանքով նվազում է մարդու աշխատունակությունը, դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների, շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ։

Որոշ սննդամթերքներ հարուստ են մեկ կամ մի քանի վիտամիններով, բայց զուրկ են մյուսներից։ Ուստի միօրինակ սնվելիս կամ վիտամինազուրկ սննդամթերք օգտագործելիս, ինչպես նաև օրգանիզմի կողմից վիտամինների յուրացման շարժընթացի խանգարման դեպքում կարող է առաջանալ վիտամինային անբավարարություն (թերվիտամինություն(հիպովիտամինոզ), ավիտամինություն)։ Վիտամինների ավելցուկային ընդունումը նույնպես կարող է հանգեցնել հիվանդությունների՝ գերվիտամինությունների(հիպերվիտամինոզ)։ Դրանք կարող են առաջանալ որևէ վիտամինի մեծ չափաքանակի միանվագ ընդունումից (սովորաբար վիտամինային պատրաստուկի ձևով) կամ օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները գերազանցող քանակությամբ երկարատև օգտագործելիս։

Վիտամինների պահանջը բարձրանում է օրգանիզմի աճման շրջանում, հիվանդության ժամանակ և դրանից հետո, ֆիզիկական ու մտավոր ծանրաբեռնվածության ընթացքում (օրինակ՝ սպորտով պարապելիս, նյարդահուզական մեծ լարվածություն պահանջող աշխատանքներ կատարելիս), ինչպես նաև ցրտի երկարատև ազդեցության դեպքում։ Տարիքի հետ օրգանիզմում վիտամինների յուրացումը դժվարանում Է։

Սկզբում վիտամինները պայմանականորեն նշանակվում էին լատիներեն այբուբենի տառերով՝ A, B, C, D, E, K, P և այլն, այնուհետև տրվեցին միջազգային անուններ, որոնք արտացոլում են այդ նյութերի քիմիական կառուցվածքը։ Վիտամինները բաժանվում են 3 խմբերի՝ ջրալույծ, ճարպալույծ և վիտամինանման նյութեր։ Ջրալույծ վիտամիններ`

B խմբի բոլոր վիտամինները,
Վիտամին C-ն,
Վիտամին PP-ն։
ճարպալույծ վիտամիններ`

Վիտամին A-ն,
Վիտամին D-ն,
Վիտամին E-ն,
Վիտամին K-ն։
Ջրալուծ վիտամիններից առավել հայտնի է C վիտամինը (ասկորբինաթթու), որն առկա է մի շարք ֆերմենտների կազմի մեջ։ C վիտամինի բացակայության պարագայում օրգանիզմում զարգանում է ծանր ավիտամինոզ՝ լնդախտ (ցինգա)։ Մարդը թուլանում է, նվազում է նրա կայունությունը տարբեր վարակների և շրջակա միջավայրի անբարենպաստ պայմանների նկատմամբ։ Լնդերը սկսում են արյունաթորել, ատամները՝ շարժվել և, ի վերջո՝ ընկնում են։ Առավել շատ C վիտամին պարունակվում է մասուրի և սև հաղարջի պտուղներում, կիտրոնում, կաղամբում (այդ թվում՝ թթու)։ Մարդուն օրական անհրաժեշտ է 50-100մգ C վիտամին։ Վարակիչ հիվանդությունների պարագայում այդ չափաբաժինն անհրաժեշտ է մեծացնել 3-5 անգամ, քանի որ C վիտամինն առկա է հակամարմինների առաջացմանը նպաստող ֆերմենտների կազմի մեջ։

Ճարպալուծ վիտամինների շարքում առավել կարևորվում է A վիտամինը, որն անհրաժեշտ է էպիթելային հյուսվածքների բնականոն աճի համար։ Բացի այդ, A վիտամինը մասնակցում է տեսողական գունակ ռոդոպսինի ձևավորումն ապահովող ֆերմենտների աշխատանքին։ A ավիտամինոզի կամ թերվիտամինոզի պարագայում կարող են զարգանալ մաշկի կամ լորձաթաղանթների խոցեր, «հավկուրություն»՝ մթնշաղային տեսողության խանգարում։ A վիտամինը պարունակվում է առավելապես լյարդում, կենդանական ծագմամբ մթերքներում՝ կարագում, պանրում։ Սակայն բույսերում այս վիտամինը կարող է սինթեզվել նրանցում պարունակվող դեղին գունանյութից՝ կարոտինից։ Կարոտինը պարունակվում է գազարում, կարմիր պղպեղում, ծիրանում, դդմի մեջ և կարմիր գույնի այլ մրգերում ու բանջարեղենում։ Կարոտինն ավելի լավ յուրացվում է եփելուց հետո, A վիտամինի վերածվում է բարակ աղիներում։

արտաթորության համակարգերը

Արտաթորության համակարգ, արտազատիչ համակարգ, օրգանների ամբողջություն, որով մարդու և կենդանիների օրգանիզմից հեռացվում են ավելորդ ջուրը, նյութափոխանակության վերջնական արգասիքները, աղերը, ինչպես նաև օրգանիզմ մտած և այնտեղ առաջացած թունավոր նյութերը։

Նախակենդանիների օրգանիզմից լուծելի արտազատուկը (ամոնիակ, միզանյութ) արտաքին միջավայր է դուրս գալիս դիֆուզիայի կամ օսմոկարգավորման ֆունկցիա կատարող կծկող վակուոլների օգնությամբ։ Ջրային ցածրակարգ բազմաբջիջների (սպունգներ, աղեխորշավորներ) և ծովային քիչ ակտիվ կենդանիների (փշամորթներ) նյութափոխանակության արգասիքները հեռացվում են մարմնի մակերեսով և միջավայրի հետ կապ ունեցող խոռոչների պատերով։ Անողնաշարավորների մեծ մասի արտաթորման ֆունկցիան մասամբ կատարում են աղիքները։ Կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում դիֆերենցվում է հատուկ արտաթորության համակարգ։ Ստորակարգ որդերի, անելիդների արտաթորության օրգանները պրոտոնեֆրիդներն են, իսկ օղակավոր որդերի մեծ մասինը՝ մետանեֆրիդները։ Ցամաքային հոդվածոտանիների արտաթորման ֆունկցիան կատարում են աղիքների պատերը կամ մալպիգյան անոթները (կույր մակաճներ միջին և ետին աղիքի սահմանում)։

Մարդու և բարձրակարգ կենդանիների արտաթորության օրգաններն են՝ երիկամները, թոքերը, մաշկը, քրտնագեղձերը, աղիքները և այլն, որոնց գործունեությամբ ապահովվում է օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունը (հոմեոստազ)։

Երիկամներում միզագոյացման շնորհիվ նյութափոխանակության արգասիքները (միզանյութ, միզաթթու, կրեատինին, ամոնիակ), ինչպես նաև որոշ իոններ (նատրիում, կալիում, ֆոսֆոր), ջրի ավելցուկը և տարբեր աղեր հեռացվում են օրգանիզմից, որով և կարգավորվում է օրգանիզմի օսմոտիկական ճնշման հավասարակշռությունը, իոնային բաղադրությունը և թթվահիմնային կայունությունը։

Արտաթորության օրգանների ֆունկցիայի խանգարումը կարող է պատճառ դառնալ մի շարք հիվանդությունների, երբեմն՝ մահվան։

մարսողության

Մարսողություն, սննդի խոշոր անլուծելի մասնիկների քայքայումն է փոքր ջրալույծ մասնիկների, որոնք կարող են անցնել արյան պլազմայի հեղուկ միջավայր։ Որոշ օրգանիզմներում այդ փոքր միացությունները կլանվում են բարակ աղիքից արյան հունի մեջ։ Մարսողությունը կատաբոլիզմի ձև է և, կախված նրանից, թե ինչպես է ճեղքվում սնունդը, այն բաժանվում է երկու գործընթացների՝ մեխանիկական և քիմիական մարսողություն։ Մեխանիկական մարսողության ժամանակ սննդի խոշոր մասնիկները ենթարկվում են ֆիզիկական ճեղքման և վեր են ածվում ավելի փոքր մասնիկների, որոնց կարող են քայքայել մարսողական ֆերմենտները։ Քիմիական մարսողության ժամանակ, ֆերմենտները քայքայում են սնունդը՝ դարձնելով օրգանիզմում օգտագործման համար մատչելի։

Մարդու մարսողական համակարգում սնունդը անցնում է բերան, որտեղ սկսվում է նրա մեխանիկական մարսումը՝ ծամելու և թքով շաղախվելու գործողությամբ։

Թքագեղձերի կողմից արտադրված թուքը պարունակում է թքի ամիլազ ֆերմենտը, որի ազդեցությամբ սկսվում է սննդի կազմում գտնվող օսլայի ճեղքավորումը։ Թուքը նաև պարունակում է լորձ, որը փափկեցնում է սնունդը և հիդրոկարբոնատ, որը ապահովում է ամիլազի գործունեության համար կատարյալ рН (հիմնային)։ Բերանի խոռոչում սնունդը օսլայով ճեղքվելուց հետո վեր է ածվում ոչ մեծ գնդային զանգվածի, որին անվանում ենք բոլուս։ Ապա այն սկսվում է կերակրափողով շարժվել ներքև դեպի ստամոքս պերիստատիկայի միջոցով։ Ստամոքսահյութի ազդեցությամբ ստամոքսում սկսվում է սպիտակուցների մարսողությունը։ Ստամոքսահյութը հիմնականում պարունակում է աղաթթու և պեպսին։ Ստամոքսի լորձաթաղանթի կողմից արտադրվում է նաև լորձ, որը գործում է որպես վահան այս քիմիական միացությունների քայքայիչ ազդեցությունից ստամոքսի պատը պաշտպանելու համար։ Միևնույն ժամանակ կատարվում է նաև սպիտակուցների մարսողություն, որի ժամանակ նրանց մեխանիկական խառնումը կատարվում է պերիստատիկայի միջոցով՝ մկանային ալիքների կծկմամբ, որոնք շարժվում են ստամոքսի պատի երկայնքով։ Սա թույլ է տալիս սննդի զանգվածին լրացուցիչ խառնվել մարսողական ֆերմենտների հետ։ Որոշ ժամանակ անց (սովորաբար մարդկանց մոտ 1–2 ժամ, շների մոտ՝ 4–6 ժամ, տնային կատուների մոտ՝ 3–4 ժամ) ստացվում է հեղուկ շիլայանման զանգված՝ քիմեն։ Երբ բացվում է սֆինկտերի պիլորիկ փականը այդ զանգվածը անցնում է տասներկումատնյա աղի, որտեղ այն խառնվում է ենթաստամոքսային գեղձի արտադրած մարսողական ֆերմենտների և լյարդի արտադրած լեղու հետ, այնուհետև անցնում է բարակ աղիներով՝ շարունակելով մարսողությունը։ Երբ քիմենը ամբողջությամբ մարսվում է՝ այն ներծծվում է արյան մեջ։ Սննդանյութերի 95%–ի ներծծումը կատարվում է բարակ աղիներում։ Ջուրը և հանքային աղերը հետ ներծծվում են արյան մեջ հաստ աղիքում, որտեղ рН–ը թույլ թթվային է՝ 5,6-6,9։ Որոշ վիտամիններ, ինչպես օրինակ բիոտինը կամ վիտամին K–ն (K2MK7), որոնք արտադրվում են հաստ աղիքի մանրէները, նույնպես ներծծվում են արյան մեջ հաստ աղիքում։ Կենսագործունեության արգասիքները հեռացվում են օրգանիզմից ուղիղ աղիքով դեֆեկացիայի ժամանակ[1]։

Հոկտեմբերյան հեղափոխություն

Հոկտեմբերյան հեղափոխություն (նաև հայտնի որպես Բոլշևիկյան հեղափոխություն[1],Հոկտեմբերյան ապստամբություն կամ Կարմիր Հոկտեմբեր), Խորհրդային Միության պատմագրության մեջ պաշտոնապես գրվել է Հոկտեմբերյան մեծ սոցիալիստական հեղափոխություն, պետական հեղաշրջում Ռուսաստանում կազմակերպված բոլշևիկների առաջնորդ Վլադիմիր Լենինի կողմից։ Այն տեղի ունեցավ զինված ապստամբության միջոցով Պետրոգրադում 1917 թվականի հոկտեմբերի 25-ին (Հին տոմարով նոյեմբերի 7-ին)։

Շապին-Գարահիսարի ինքնապաշտպանությունը

Երիտթուրք ջարդարարներին կատաղի դիմադրություն է ցույց տալիս Շապին-Գարահիսար քաղաքի հայկական թաղամասի բնակչությունը։ Այստեղ ինքնապաշտպանական մարտերը սկսվում են 1915 թվականի հունիսին։ Կազմվում է Զինվորական խորհուրդ, որը գլխավորում է Ղուկաս Տեովլեթյանը։ 5000-ի հասնող հայ բնակչությունն ամրանում է քաղաքից ոչ հեռու գտնվող բերդում, որը շրջապատվում է թշնամու կողմից։

Ինքնապաշտպանակաան մարտերին մասնակցում էին նաև հայ պատանիները։ 14 ամյա Հայկ Թևեքելյանը կյանքի գնով կարողանում է ձախողել թուրքական գրոհը և փախուստի մատնել թշնամուն։ Զինամթերքի, պարենի և հատկապես ջրի սպառվելու վտանգը ստիպում է գարահիսարցիներին փորձել հանդուգն գրոհով դուրս գալու շրջապատումից։

1915 թվականի հունիսի 29-ի գիշերը մոտ 1000 հոգուց բաղկացած հայկական ջոկատը, մի քանի ուղղություններով գրոհելով, ծանր մարտերից հետո ճեղքում է հակառակորդի օղակը։ Դրանից հետո թուրք զինվորները ներխուժում են բերդ և գազանաբար հաշվեհարդար տեսնում մնացած բնակչության հետ։

Ինքանապաշտպանական մարտեր տեղի ունեցան Մուշում և Սասունում, որտեղ բնակչությունը մի քանի ամիս շարունակ համառ դիմադրություն էր ցույց տալիս թշնամուն։

Վանի հերոսամարտ

Վանի հերոսամարտ, Վան քաղաքի և Վանի վիլայեթի շրջակա հայկական գյուղերի հայ բնակչության պաշտպանական մարտերն ընդդեմ գերակշիռ թուրքական ջարդարարների Հայոց Ցեղասպանության ժամանակ։ Մարտերն ընթանում էին Վան քաղաքում ապրիլի 19-ից մայիսի 16-ը, երբ քաղաք մտան հայ կամավորական ջոկատներն ու ռուսական բանակը։Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին թուրքական իշխանությունները կազմակերպեցին Վանի նահանգի հայ բնակչության զանգվածային կոտորած։ Կովկասյան ճակատում պարտություն կրած թուրքական զորքերը, նրանց միացած քուրդ հրոսակախմբերը և մուսուլմանական խառնամբոխը դաժանորեն սպանում էին հայերին, թալանում նրանց ունեցվածքը, ավերում հայ շեները։ Վանի նահանգի մի շարք գավառներում (Շատախ, Հայոց ձոր, Արճեշ. Թիմար, Ալջավազ և այլն) հայերը կազմակերպեցին ինքնապաշտպանություն՝ համառ մարտեր մղելով թշնամու դեմ։ Ամենաերկարատևն ու արդյունավետը եղավ Վանի հերոսամարտը։

1914 թվականին Վանում բնակվում էր 41 հզ. մարդ, որից 23 հզ-ը՝ հայեր, մնացածը՝ մուսուլմաններ, հիմնականում՝ թուրքեր։ Քաղաքը բաժանված էր երկու մասի՝ Այգեստան և Քաղաքամեջ։ Առաջինում բնակվում էր շուրջ 20 հազար, իսկ երկրորդում՝ մոտ 3 հզ. հայ։ Այս երկու հատվածները գտնվում էին միմյանցից 5-6 կմ հեռավորության վրա, իսկ նրանց միջև բնակվում էին թուրքերը։

1915 թվականի ապրիլին Վանում կուտակվել էր շրջակա գյուղերից փախած ավելի քան 70 հզ. հայ։ Պատրաստվելով ոչնչացնել Վասպուրականի հայությանը՝ թուրքական կառավարությունը Վանի նահանգապետ էր նշանակել արյունարբու Ջևդեթ բեյին, որը կազմակերպել էր Վանի մի քանի նշանավոր հայերի (Ա. Վռամյան, Իշխան) սպանությունը, ապա պատրաստվել Վանի վրա հարձակման։

1915 թվականի ապրիլին թուրքական զորքերը պաշարեցին Այգեստանը, կտրեցին կապը Քաղաքամեջի հետ։ Հայերը դիմագրավելու միջոցներ ձեռք առան։ Այգեստանում ինքնապաշտպանությունը ղեկավարելու համար ստեղծվեց Վասպուրականի հայ ինքնապաշտպանության մարմին, որի անդամներն էին Արամ Մանուկյանը, Արմենակ Եկարյանը, Գաբրիել Սեմերջյանը, Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը, Հրանտ Գալիկյանը և Փանոս Թերլեմեզյանը։

Կազմակերպվեցին պարենամթերքի հայթայթման ու բաշխման, բուժօգնության ծառայություն, զինագործական արհեստանոց (որտեղ պատրաստվեց երկու թնդանոթ, փամփուշտ և այլն), ինչպես նաև կանանց միություն (զբաղվում էր մարտիկների համար շորեր կարելով)։ Արհավիրքի դեմ հանդիման միավորվեցին հայ քաղաքական կուսակցությունների (հնչակյան, դաշնակցական, ռամկավարական) ներկայացուցիչներ։

Այգեստանում զենք կրելու ընդունակ 1500 տղամարդ կար. ունեին 505 հրացան և 549 ատրճանակ։ Ջևդեթ բեյի հրամանատարության ներքո կար մոտ 12000 զինվոր, 12 նորագույն և մի քանի տասնյակ ողորկափող թնդանոթ։ Ինքնապաշտպանական կռիվները սկսվել են ապրիլի 7-ին, երբ թուրք զինվորները հարձակվեցին Շուշանց գյուղից Այգեստան եկող հայ կանանց վրա։ Փոխհրաձգությունից հետո թուրքերը գրոհեցին Այգեստանի վրա, սակայն հետ մղվեցին՝ տալով զգալի կորուստներ։ Ինքնապաշտպանները, գրավելով հակառակորդի մի շարք կարևոր դիրքեր և ամրություններ, հրդեհեցին ու պայթեցրին դրանք։ Գրեթե ամենօրյա կատաղի մարտերով, թաղամասի անընդհատ հրետակոծությամբ (օրական՝ մինչև 300 արկ ու ոումբ) հակառակորդին չհաջողվեց ճեղքել հայերի պաշտպանությունը։

Նույնիսկ Էրզրումից ժամանած գերմանական սպայի կազմակերպած գիշերային գրոհը ոչ մի արդյունք չտվեց, թուրքերը, 60-70 զոհ տալով, հետ շպրտվեցին։ Հայ տղամարդկանց հետ հավասար մարտնչեցին նաև կանայք ու աղջիկները։ 19-ամյա Իսկուհի Համբարձումյանը (Սևո) մարտական առաջադրանքը գերազանց կատարելու համար պարգևատրվեց «Պատվո խաչ» շքանշանով։

Վանեցի պատանիները ոչ միայն զենք ու զինամթերք հասցնելով են օգնել, այլև իրենք էլ կռվել են քաջաբար, հայտնի են Բաբկենը (Իսաջանյան), Մարտիրոսը (Գյուլօղլյան), Ասլանը (Ասլանյան), Արամը (Թովմասյան, ապագա գրող Լեռ Կամսարը) և այլք։

Իրավիճակն Այգեստանում ծանր էր, զինամթերքն ու պարենը՝ սուղ։ Թաղամասին էին ապավինել նաև մոտ 55 հզ. գաղթականներ։ Ջևդեթը, ձգտելով ամեն գնով հաշվեհարդար տեսնել հայերի հետ, համալրել է իր զորքերը, ամբողջ ավարը խոստացել քրդերին՝ հայերի պաշտպանությունը ճեղքելու դեպքում։ 500 բիթլիսցի քրդեր գրոհել են հայկական դիրքերը, բայց, հանդիպելով ուժեղ դիմադրության, նահանջել են խուճապահար՝ տալով շատ սպանվածներ։

Ինքնապաշտպանություն են կազմակերպել նաև Քաղաքամեջում։ Դիմադրությունը ղեկավարելու համար ստեղծվել է զինվորական մարմին՝ Հայկ Կոսոյան, Լևոն Գալճյան, Միհրան Թորոմանյան, Միհրդատ Միրզախանյան, Սարգիս Շահինյան, Դավիթ Սարգսյան, Հարություն (Հարո) Ներկարարյան, ինչպես նաև Եզնիկ վարդապետ Ներկարարյան և Միրզախան (ժիրայր) Միրզախանյան կազմով։ Հայերն ունեին 101 հրացան և 210 ատրճանակ, սակավ էին զինամթերքն ու պարենը։ Ապրիլի 7-ին տեղի է ունեցել առաջին գրոհը, և թշնամին տվել է 60-70 սպանված։ Հայերին հաջողվել է հրկիզել հակառակորդի մի շարք կարևոր դիրքեր ու ամրություններ։

Մինչև ապրիլի 10-ը թուրքական գրոհները եղել են անկանոն, բայց վերախմբավորելով իրենց ուժերը, հրետանու աջակցությամբ թշնամին մի քանի օր շարունակ անընդմեջ գրոհել է՝ չհասնելով, սակայն, շոշափելի արդյունքի։ Ապրիլի 13-16-ին թուրքերը ակտիվ գործողություններ չեն ծավալել, բավարարվել են միայն հրետակոծությամբ՝ օրական արձակելով 250-300 արկ։ Վանի մարտերի ընթացքում չի դադարել նահանգի հայ բնակչության կոտորածը, միայն երեք օրում կոտորվել է 24000 հայ, թալանվել ու հրդեհվել ավելի քան 100 հայկական գյուղ։

Մայիսի սկզբին ռուսական բանակի և հայ կամավորական ջոկատների առաջխաղացումը հարկադրել է թուրքական հրամանատարությանը դադարեցնել Վանի պաշարումը և հեռանալ։ Մոտ մեկ ամիս տևած մարտերի ընթացքում արձակվել է 15000-ից ավելի արկ։ Ապանվել է մոտ 1000 թուրք (կռիվներին մասնակցած մուսուլմանական ամբոխի կորուստը հաշվի չի առնված), հայերի կորուստը կազմել է մոտ 350 խաղաղ բնակիչ (կանայք, երեխաներ, ծերունիներ) և մարտիկներ։

1915 թվականի ապրիլի 7-ից մինչև մայիսի 6-ը տևած Վանի հերոսական ինքնապաշտպանությունը (Տե՛ս «Վանի ինքնապաշտպանությունը» քարտեզը) հայ ազգային-ազատագրական պայքարի փառավոր էջերից է։ Այն 150000-ից ավելի հայերի հնարավորություն տվեց փրկվել անխուսափելի ոչնչացումից, օրինակ ծառայեց մյուս վայրերի հայերի համար։

Աշխարհագրական և ժողովրդագրական քարտեզներ Վանի նահանգի, Օսմանյան կայսրություն

Վանի վիլայեթի բնակավայրերը



1896, Հայերի բնակչության գործակիցը ըստ շրջանների



1914, Օսմանյան մարդահամար


Van-self-defense-1915.jpg

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն (թուրք.՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide, ֆր.՝ Génocide arménien), Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն[1][2], որի արդյունքում 1915-1923 թվականներին[3][4][5][6] զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։
Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք[7]։

Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողություններ և, դրանից ելնելով, Հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականների Համիդյան կոտորածները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Հարավային Կովկասում 1918 թվականին։

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։

Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։

Օսմանյան կայսրությունում հայերի[8][9][10] և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար «ցեղասպանություն» եզրույթը ժամանակին առաջարկել է հենց եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը։

Հոլոքոստից հետո հայերի ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածության աստիճանով համարվում է երկրորդը[11]։

1915 թվականի մայիսի 24-ի համատեղ հռչակագրում պատմության մեջ առաջին անգամ դաշնակից երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսական կայսրություն) հայերի զանգվածային սպանությունները որակեցին իբրև «հանցագործություն մարդկության հանդեպ»[12][13][14]։

Հայերի զանգվածային ջարդերը 1894-1896 թվականներին

Հարյուր հազարավոր հայերի կյանք խլած 1894-1896 թվականների զանգվածային կոտորածներն ունեցան երեք հիմնական հանգրվաններ՝

ջարդեր Սասունում,
1895 թվականի աշնանն ու ձմռանը հայերի կոտորածներ կայսրության ողջ տարածքում,
ջարդեր Ստամբուլում և Վանի շրջանում, ինչի համար պատճառ դարձան տեղի հայերի բողոքները։
Սասունի շրջանում քրդական առաջնորդները հարկատու էին դարձրել հայ բնակչությանը։ Միաժամանակ թուրքական կառավարությունը պահանջեց պետական հարկերի պարտքերի մարում, որոնք սահմանվել էին առանց հաշվի առնելու քրդական կողոպուտները։ Հաջորդ տարում քրդերն ու օսմանյան պաշտոնյաները հայերից պահանջեցին հարկերի վճարում, բայց հանդիպեցին դիմադրության, որը ճնշելու համար ուղարկվեց թուրքական Չորրորդ բանակային կորպուսը։ Սկսվեց Սասունի հայ բնակչության կոտորածը, որի արդյունքում սպանվեց ավելի քան 3,000 մարդ։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսական կայսրության դեսպաններն առաջարկեցին համատեղ հետաքննող հանձնաժողով ստեղծել, բայց առաջարկը մերժվեց Բարձր դռան կողմից[21][22][23][24]։ Սասունի իրադարձությունների մասին Էրզրումում Մեծ Բրիտանիայի հյուպատոս Քլիֆորդ Լլոյդն արտգործնախարարություն ուղարկված իր զեկուցագրերից մեկում գրում էր.

Aquote1.png «Սուլթանի հայ հպատակները բառացիորեն անպաշտպան են, ինչպես գայլերով շրջապատված ոչխարի հոտը»[25]։ Aquote2.png

Սուլթան Աբդուլ Համիդ II-ի ծաղրանկարը: «Le Rire», Փարիզ, 29 մայիսի, 1897
Բողոքելով հայերի խնդիրների չլուծված մնալու դեմ՝ 1895 թվականի սեպտեմբերին հնչակյանները որոշեցին մեծ ցույց կազմակերպել Կոստանդնուպոսլում, բայց նրանց ճանապարհին կանգնեց ոստիկանությունը։ Ցույցի ճնշման արդյունքում սպանվեցին տասնյակ և վիրավորվեցին հարյուրավոր հայեր։ Ոստիկանությունը բռնում էր հայերին և հանձնում մահակներով և սառը զենքի այլ տեսակներով զինված սոֆթերին՝ Ստամբուլի իսլամական ուսումնական հաստատությունների ուսանողներին։ Նրանք հայերին մինչ մահամերձ դառնալը ծեծում էին։ Ջարդերը շարունակվեցին մինչ հոկտեմբերի 3-ը[21][26]։ Հոկտեմբերի 8-ին Տրապիզոնում մուսուլմանները սպանեցին և կենդանի խարույկի վրա այրեցին հազարավոր հայերի։ Այս իրադարձությունները ազդարարեցին Փոքր Ասիայում և Արևմտյան Հայաստանում՝ Երզնկայում, Էրզրումում, Գյումուշխանեում, Բաբերդում, Ուրֆայում և Բիթլիսում օսմանական իշխանությունների կողմից կազմակերպված հայերի զանգվածային սպանությունների մեկնարկը[27][28]։

1895 թվականի ջարդերը հանգեցրին Դաշնակցական կուսակցության կողմից Ստամբուլի Օտտոմանյան բանկի գրավման որոշման ընդունելուն։ 1896 թվականի օգոստոսի 26-ին մի խումբ զինված դաշնակցականներ գրավեցին Օսմանյան բանկի շենքը, ողջ եվրոպական անձնակազմը գերի վերցրեցին և սպառնալով բանկի պայթյունով՝ պահանջեցին թուրքական կառավարությունից կատարել խոստացված քաղաքական բարեփոխումները։ Բանակցությունների արդյունքում ռուսական դեսպանատան ներկայացուցիչը և բանկի տնօրեն Էդգար Վինսենթը անվտանգության սեփական երաշխավորություններով համոզեցին բանկը գրավածներին լքել բանկի շենքը։ Նույն օրը իշխանությունների հրահրմամբ Պոլսում բռնկվեց հայերի նոր զանգվածային կոտորած, որին զոհ գնաց մոտ 6 000 մարդ[27][29]։

1894-1896 թվականների ջարդերի արդյունքում զոհերի ճշգրիտ թիվն անհնար է որոշել։ Մինչ բռնարարքների ավարտը Թուրքիայում գտնվող բողոքական քարոզիչ Յոհաննես Լեփսիուսը, օգտագործելով տարբեր աղբյուրները, հավաքեց հետևյալ վիճակագրությունը՝

սպանվածներ՝ 88 243 մարդ,
ունեզրկվածներ՝ 546 000 մարդ,
կողոպտված քաղաքներ և գյուղեր՝ 2493,
իսլամացված գյուղեր՝ 456,
պղծված եկեղեցիներ և վանքեր՝ 649,
մզկիթների վերածված եկեղեցիներ՝ 328[30]:
Անգլիացի ուսումնասիրող Քինռոսի կարծիքով Համիդյան կոտորածներին զոհ է գնացել 50 000-ից 100 000 հայ[27], Բլոքսհեմը՝ 80 000-100 000[21], Հովհաննիսյան՝ մոտ 100 000[31], Ադալյանն ու Թոթենը՝ 100 000-ից 300 000[9][32], Դադրյան՝ 250 000-ից 300 000[33], Սունի՝ 300 000[34]: