English

Թարգմանություն

Ես և Նան

Ես սիրում էի նրան։

Կրկնե՞մ արդյոք սիրո այն խոսքերը, որոնք այնքան ծիծաղելի ու տաղտկալի են թվում կյանքի հմայքը կորցրած սկեպտիկներին, բայց որոնք մի-մի հայտնություններ են նորաբողբոջ սիրող սրտերի համար։

Ամեն անգամ, որ նայում էի նրա զարմանալի պայծառ աչքերին, որոնց մեջ կարծես արևն էր վառվում, ամեն անգամ, որ լսում էի նրա կենսաթրթիռ ծիծաղը, որի մեջ կարծես գարնանային չարաճճի վտակ էր քչքչում, ամեն անգամ, որ առնում էի նրան գիրկս ու ականջիս մոտ լսում նրա կուսական կրծքի հևքը, այտերիս վրա զգում էի նրա թավիշ մազերի էլեկտրականացնող շփումը,– ինձ տիրում էր այնպիսի այնպիսի մի խենթ զգացում, որի ազդեցության տակ պատրաստ էի գործել և՛ ամենամեծ առաքինությունը, և՛ ամենամեծ ոճիրը— միայն թե նա հրամայեր։

Սիրո՞ւմ էր նա ինձ նույնպես,— այդ ես հիմա չգիտեմ, բայց այն ժամանակ լիովին հավատում էի, որ չի կեղծում, երբ հավատացնում էր, թե սիրում է և երդվում էր, թե մահն անգամ չի կարող անջատել մեզ իրարից։

Այն ժամանակ վերջին կուրսի ուսանող էի և շուտով պիտի ավարտեի իրավագիտական ֆակուլտետը։ Վստահ երիտասարդական թարմ ուժերիս և մանավանդ հասարակական լայն գործունեության բուռն տենչանքիս վրա՝ լցված էի փառավոր ապագայի վառ հույսերով։ Ոգևորված այդ ապագայով և խրախուսված երջանիկ սիրով, բուռն եռանդով առանց հանգիստ առնելու, պատրաստում էի ավարտական դիսերտացիա, որը ապագա մեծությանս ու փառքիս հաստատուն հիմնաքարը պիտի հանդիսանար։

Բայց…

Օ՛հ, այդ «բայց»-ը…

Այժմ էլ, երբ ամեն ինչ կորած է, ամեն ինչ խորտակված վերջնականապես ու անդարձ, այժմ էլ, երբ հիշում եմ այդ մոմենտները, քիչ է մնում ճչամ հոգեկան կարևեր մի ցավից― այն աստիճան այդ մոմենտները դեռևս չեն կորցրել ինձ համար իրենց սրությունը։

Սակայն շարունակեմ պատմությունս։

Մի անգամ, երբ հեռու հյուսիսում ուսանողական մենակյաց սենյակումս փակված, դիսերտացիայիս վերջին գլուխներն էի գրում, մի նամակ ստացա, որի մեջ ապշեցուցիչ անողոք անկեղծությամբ գրում էր նա, որ իր սիրո նախկին հավաստիացումներն ընդունեմ իբրև ցավալի թյուրիմացություն և աշխատեմ մոռանալ իրեն, որովհետև ինքը ուրիշի կին է լինելու շուտով։ «Գիտեմ, այս բանը շատ էլ հաճելի չպիտի լինի քեզ համար, բայց ի՞նչ արած, աշխարհիս մեջ ամեն բան պատահում է և ամեն բան կարող է պատահել»— այսպիսի հեգնակա՞ն ասեմ, թե՞ դիվական անխիղճ խոսքերով էր վերջացնում իր նամակը։

Սկզբում կարևորություն չտվի այդ նամակին․ կարծում էի, թե մի կատակ է այդ, որով չարաճճին ուզում է զվարճալի մի խաղ խաղալ ինձ հետ կամ փորձել իմ սերը։ Բայց հետագայում որքան եղավ նախ զարմաքնս, հետո զայրույթս և, ի վերջո, հուսահատությունս, երբ իրար հետևից գրած նամակներիս և հեռագրերիցս և ո՛չ մեկի պատասխանը չստացա։ Ու երբ այս խենթացնող լռությունից հետո, կատարյալ հուսահատության մեջ, ինչ անելիքս չգիտեի, անսպասելի կերպով ստացա մի լակոնական հեռագիր— «Ամուսնացա»։ Մի բառ միայն և ուրիշ ոչինչ։ Այս հեռագիրը տվել էր, երևի, նրա համար, որ այլևս չձանձրացնեմ իրեն նոր նամակներով ու հեռագրերով։

Սկզբում այդ հեռագիրն ինձ այնքան էլ չազդեց, որովհետև արդեն նախապատրաստված էի, բայց հետո նկատեցի, որ ինչ-որ քարացում, հոգեկան ապատիա է եկել վրաս․ իսկ երբեմն էլ, մանավանդ գիշերները, երբ քնել չէի կարողանում և ուղեղս գործում էր հիվանդագին հուզման մեջ, ինձ թվում էր, թե խելագարվում եմ։ Առաջ, երբ բնավ չէի կասկածում նրա սիրոււն և լիովին հավատացած էի, որ նա իմս է և իմս է լինելու, իմս անբաժան ու հավիտյան, ինձ թվում էր, թե այնպես ուժգին չէի սիրում նրան, ինչպես այժմ, երբ նա դավաճանել էր ինձ, և ես արդեն կորցրել էի նրան առմիշտ ու անդարձ։ Այդպես է լինում միշտ․ սիրույդ առարկան կրկնակի սիրելի է թվում նրան կորցնելուց հետո։

Այլևս չէի հասկանում, թե ինչ է պատահում ինձ․ այնպիսի մի դատարկություն էի զգում շուրջս ու ներսս, որ կարծես ուղեղս հանել էին գանգիցս ու ինձ նետել մի անապատ՝ թափառելու սոսկալի մի ամայության մեջ, աննպատակ ու անղեկ, առանց ձգտումների, առանց իդեալների, առանց փրկության որևէ հույսի։ Մի բան միայն զգում էի շատ պարզ ու շատ որոշակի․ դա վրեժի թույնն էր, որ կաթիլ առ կաթիլ կուտակվում էր սրտիս մեջ և սպառնում պայթելու այն աղջկա գլխին, որ այնքան անխղճորեն անարգել էր ոչ միայն իմ ամենանվիրական զգացումները, այլև ինձ իբրև մարդու, և սպառսպուռ ջախջախել բոլոր հույսերս, իմ ամբողջ ապագան։ Քանի նա չէր դավաճանել ինձ, ես մի արծիվ էի՝ հոգով ու մտքով բարձունքներում սավառնող, այժմ դարձել էի թևերը կտրած ողորմելի մի ճնճղուկ՝ գետնի վրա ցատկոտող։ Կարո՞ղ էի ես այդ ներել նրան։ Ու վճռեցի անողոք լինել դեպի նա նույնքան, որքան անողոք եղավ նա դեպի ինձ։

«Ես չկամ, թող ինձ հետ նա էլ չինի»,— ասացի ես ու մի օր վեր կացա, թողի համալսարանն էլ, դիսերտացիան էլ, ամեն բան և եկա վճիռս իրագործելու։ Բայց այստեղ ինձ այնպիսի մի հուսահատություն էր սպասում, որի մասին բնավ չէի մտածել.– դավաճան աղջիկը մեկնել էր արտասահման իր, ինչպես իմացա, շատ հարուստ ամուսնու հետ։

Հուսալքումը նորից եկավ տիրեց ինձ նոր թափով և այնքան ուժեղ, որքան վրեժի զգացում մնացել էր անհագուրդ։ Այն գիտակցությունը, որ ես կատարելապես զինաթափ եմ եղած, պարզապես խելագարեցնում էր ինձ։ Ու եղավ մի րոպե, որ քիչ մնաց ձեռք բարձրացնեի ինքս ինձ վրա՝ հոգեկան անտանելի տառապանքներիս միանգամից վերջ տալու համար։ Բայց հետո մտածեցի, որ այդ արդեն չափազանց փոքրոգություն կլիներ և, բացի այդ, հույս ունեի, որ վաղ թե ուշ կհանդիպեմ նրան, ինձ հասցրած անարգանքի փոխանցումը տալու։

Հոգեկան այդ դրությանը նորից հաջորդեց ծայր աստիճան անտարբերություն ու անզգայություն դեպի ամեն ինչ։ Ուժեղ ցնցումներ էին պետք՝ ինձ այդ անտարբերությունից ու անզգայությունից հանելու համար, և այդ ցնցումները ես ուրիշ բանի մեջ չգտա, բայց եթե միայն ծախու կանանց և գիշերները լուսացնող ընկերներիս շրջանում։ Կյանքի ճահիճը կամաց-կամաց ծծում էր ինձ, և ես չէի նկատում այդ։ Ու, երբ նկատեցի, շատ ուշ էր. ես կորած մարդ էի արդեն։

Երբեմնի իրավագիտության վերջին կուրսի ուսանող, փառավոր ապագայի հույսերով լեցուն, հասարակական լայն գործունեության երազանքներով թևավորված,— այժմ դարձել էի դատարանների կողմանոցների կեղտոտ սեղանների վրա զանազան խնդրագրեր ու կլյաուզներ գրող, զանազան մութ գործեր պաշտպանող, միշտ արբած և միշտ քնատ մի աբլակատ՝ այդ զզվելի տիպի բոլոր բացասական հատկանիշներով։ Եվ իմ ամբողջ տրագեդիան այն էր, որ ես լիովին զգում ու գիտակցում էի այդ սոսկալի անկումը, բայց ելնել այդ տիղմից անզոր էի. ճահիճն արդեն ինձ շատ էր ծծել իր խորքը։ Եվ մի անգամ, որ խաչ էի քաշել ինձ վրա, հարություն առնելու այլևս անկարող էի զգում ինձ։

Մի անգամ,— այդ մեր հարաբերությունների խզման հինգերորդ տարում էր,— փողոցում բոլորովին պատահական կերպով, երես առ երես հանդիպեցի նրան― իմ սիրո նախկին առարկային։ Այդ հանդիպումն այնքան անսպասելի էր ինձ համար, որ կարծես կայծակնահար գամվեցի տեղնուտեղը նրա առջև և ապշությունից ծափ զարկեցի ակամա։ Ըստ երևույթին, նա սաստիկ վախեցավ այդ անակնկալից և, ինչպես նկատեցի, սկզբում բնավ չճանաչեց ինձ։ Եվ չէր էլ կարող ճանաչել, որովհետև իր ճանաչած նախկին միշտ լավ հագնված, լայնաթիկունք ու լայնակուրծք, 24—25 տարեկան գեղեցիկ ուսանողի տեղ այժմ տեսնում էր իր առջև կեղտից պլպլացող հնամաշ վերարկուով, մազակալած երեսով, պրոֆեսիոնալ արբեցողի կարմիր քթով, կուրծքը ներս ընկած սապատավոր մի մարդ, որի բերանից էժանագին գինու, ծխախոտի և սխտորի հոտ էր փչում։ Իսկ նա ամենևին չէր փոխվել կամ ավելի ճիշտը, փոխվել էր դեպի այնքան լավը, որ ոչ մի գեղագետ նկարիչ չէր կարող նրա մեջ որևէ փուտ գտնել. նախկին մի քիչ նիհար, չարաճճի աղջիկը դարձել էր բարձրահասակ, փարթամ մի կին, որի մոտով անկարելի էր անցնել առանց ետ նայելու։ Իսկ հագո՜ւստը։ Ես, երևի, երբեք չէի կարող այդքան շքեղորեն հագցնել նրան և զարդարել նրա ականջները, կուրծքն ու մատները շողակներով ու մարգարիտներով, որքան էլ որ արդարանային փառավոր ապագայի վրա մի ժամանակ ունեցած հույսերս։ Ամեն բանից երևում էր, որ ընկել էր մի մարդու ձեռք, որը ոչինչ չէր խնայում նրա համար։

Ապշությանս հետ միասին ինձ տիրեց ակամա մի վարանում ու պատկառանք նրա այդ հաղթական շքեղության առջև, և ինքս ինձ երբեք այդքան չնչին, ողորմելի ու զզվելի չէի թվացել, ինչպես այդ միջոցին։ Մի րոպե աշխատեցի հոգուս խորքում պրպտել վրեժի այն զգացումը, որ մի ժամանակ լափում էր ինձ և որի ազդեցության տակ այնքան հպարտ, այնքան անխոցելի ու արդարացի էի զգում ինձ, ու ոչինչ չգտա, հոգիս միանգամայն ամայացել էր։ Ու, երբ շփոթված և կակազելով, ներողություն հայցող ձայնով փորձեցի հիշեցնել նրան, թե ով եմ ես, նա սկզբում կարծես թե զարմացավ, շփոթվեց, հետո հանկարծ թողեց ինձ առանց մի խոսք անգամ արտասանելու, կառք նստեց և հեռացավ, ըստ երևույթին վախեցած, որ ես կարող եմ հետապնդել իրեն։

Այդ օրը ես անցկացրի գինետանը, որտեղից ինձ դուրս բերին թևերիցս բռնած։

Այնուհետև, այս հանդիպումից հետո, այն սակավ ժամերին, երբ խմած չէի լինում և կարողանում էի քիչ թե շատ խորանալ մտքերիս մեջ, ինձ շատ էր մտատանջում այն հանգամանքը, թե ի՞նչ էր բուն պատճառը, որ ես այս աստիճան ընկել էի։ Իսկապես որ, խո չէ՞ր կարելի այդ պատճառը դժբախտ սերը համարել— մի բան, որը շատ-շատ կարող էր միայն ժամանակավորապես ընկճել, բայց ոչ առմիշտ կործանել մարդու։ Դա անհեթեթություն կլիներ։

Բուն պատճառը պետք է որ ուրիշ տեղ լիներ։ Ու սկսեցի այդ պատճառը որոնել սիրածս աղջկա դավաճանությունից դուրս, որոնել իմ էության մեջ, որովհետև անկարելի էր, որ ես այդ աստիճան ընկնեի, եթե անկմանս սաղմերը չկրեի ինքս իմ մեջ։ Բայց որո՞նք էին այդ սաղմերը, որտեղի՞ց էին ընկել իմ մեջ, ի՞նչ էր նրանց արմատը,— այս ուղղությամբ կատարած պրպտումներս դեռ երկար ժամանակ մտատանջում էին ինձ առանց որևէ եզրակացության հանգելու, մինչև որ, վերջապես, միանգամայն պատահական կերպով գտա բուն արմատը մի պատմվածքի ընթերցումից հետո, որը հանկարծ լուսավորեց իմ մինչ այդ մութ ներքին աշխարհը։

Այդ պատմվածքն իտալական մի սիրավեպ էր «Վրեժ» վերնագրով։

Այստեղ բառացի թարգմանությամբ առաջ եմ բերում այդ սիրավեպը, որի վերնագիրը, սակայն, դնում եմ «Նա», պատմվածքի հերոսին ինձ հակադրելու համար։ՆԱ1

Վենեցիայում, դոժերի[1], ջրանցքների և գեղարվեստների այդ հրաշակերտ քաղաքում, մի հին ազնվական ընտանիքի մեջ ապրում էր այդ ընտանիքի միակ զավակը― գեղեցիկ Ջուլիետտան։ Այնքան էր գեղեցիկ նա, որ թվում էր, թե հողեղեն չէ, այլ մի հավերժահարս, որ դուրս է եկել ծովի փրփուրներից։ Աչքերը կապույտ էին, ինչպես Իտալիայի ջինջ երկինքը, հայացքը զվարթ ու անհուն, ինչպես Ադրիատիկի հորիզոնները։ Ոսկեգույն ծամերը սքանչելի գանգուրներով պսակում էին նրա փոքրիկ, սիրունիկ գլուխը։ Երբ ժպտում էր (բայց ե՞րբ չէր ժպտում), նրա չքնաղ այտերի վրա մատնեհարներ[2] էին գոյանում և փոքրիկ բերանի մեջ վարդագույն շրթունքների տակ շողշողում էին փղոսկրի պես սպիտակ ու ամուր մանրիկ ատամները։ Միշտ զվարթ էր գարնան արևի պես, միշտ թրթռուն՝ թիթեռնիկի պես, միշտ չարաճճի՝ կայտառ երեխայի պես։ Երկու գույն էր սիրում— կարմիր ու սպիտակ, և նրա արդուզարդի ու կրծքի վրա միշտ անպակաս էին այդ երկու գույնի ծաղիկները՝ մեխակը և շուշանը։ Նա ինքը թարմ ու հոտավետ ծաղիկ էր՝ կարմիր կամ սպիտակ, նայելով թե ինչ գույնի հագուստ էր հագնում― մեխակի պես կարմի՞ր, թե՞ շուշանի պես սպիտակ։2

Մի անգամ, գարնանային մի սքանչելի երեկո, որպիսին միայն Ադրիատիկի ափերումն է լինում, երբ Ջուլիետտան իր հոր պալացցոյի[3] վերին հարկի իր փոքրիկ սենյակում զբաղված էր իր սպիտակ հագուստով և կրծքին մեխակի կարմիր ծաղիկն էր ամրացնում, որ զբոսանքի գուրս գա Պոնտե-Ռիալտոյի տակ Մեծ ջրանցքի վրա, դրսից ինչ-որ նվագածության ձայն լսեց։ Մի հմուտ ձեռք սերենադ էր նվագում ջութակի վրա։ Ջուլիետտան վազեց դեպի բաց պատուհանը և ցած նայեց դեպի փողոց։

Նվագողը մի պատանի էր իտալական լայնեզր գլխարկով։ Այնքան մեղանուշ[4], այնքան դյութիչ էր նվագած եղանակը, որ Ջուլիետտան կարծում էր, թե իր սրտի լարերի վրա են նվագում։ Նա մեքենայաբար կիսով չափ դուրս հանվեց պատուհանից և լսում էր ամենայն ուշադրութայմբ։ Իր ամբողջ էությամբ լսողություն դարձած, ագահորեն կլանում էր մարմինը փաղաքշող այն դյութիչ ձայները, որ պատանի երաժիշտը հնչեցնում էր ջութակի լարերից, ինչպես աղբյուրի ակունքը դուրս է հոսեցնում իր քչքչան ականակիտ[5] ջուրը անբռնազբոսիկ ու սահուն։ Շունչը պահել էր, որ ոչ մի հնչյուն չթռցնի։ Սքանչացման արցունքը գոհարի պես խաղում էր նրա աչքերի մեջ։

Վերջապես լռեցին ջութակի հնչյունները, և այդ հնչյուների հետ կարծես ամեն ինչ լռեց բնության մեջ։ — Ո՞վ ես դու, նայի՛ր վերև, պատանի մաեստրո,— կանչեց բարձրից Ջուլիետտան։

Պատանի երաժիշտը նայեց վերև։

— Հանիր գլխարկդ, երեսդ լավ չեմ տեսնում։

Պատանի արտիստը վերցրեց լայնեզր գլխարկը, երկայն մազերը գլխի մի շարժումով ետ գցեց ճակատից և նայեց վերև։ Ի՜նչ հրաշալի աչքեր, բայց լուրջ ու խոհուն և թախծալի, ինչպես այն եղանակը, որ մի քիչ առաջ նվագում էր նա. ի՜նչ գրավիչ դեմք, բայց գունատ ու տխուր, ինչպես մարմարի մի անդրի. ի՜նչ բարձր ու հպարտ ճակատ, որի վրա փայլում էր ոչ երկրային մի վեհություն։

— Ի՞նչ է անունդ,— կանչեց Ջուլիետտան։

— Անտոնիո։

— Անտոնիո, նվագիր ինձ համար դարձյալ մի բան։

Ու նորից հնչեցին լարերն առաջվանից ավելի փաղաքուշ ու դյութիչ, և Ջուլիետտան, պատուհանին գամված, չէր հագենում լսելուց, մինչև որ լարերն իրենց վերջին սիրակեզ հառաչանքն արձակեցին ու մարեցին։

— Անտոնիո, ասա ինձ, ո՞վ ես դու։

— Ես որբ եմ։

— Ո՞վ է հայրդ։

— Մի բանվոր, որ մեքենայի տակ ջարդվեց և մեռավ։

— Մա՞յրդ։

— Մայրս գնաց հորս ետևից։

— Քույր չունե՞ս։

— Ո՛չ մի հարազատ։

— Կուզե՞ս ես քո քույրը լինեմ, դու իմ եղբայրը։ Ես կխնդրեմ հորս, որ դու մեր տանն ապրես և ինձ համար միշտ այդպիսի եղանակներ նվագես։ Հայրս բարի է, շատ է սիրում ինձ և միշտ կատարում է խնդիրքս։ Դու այլևս ստիպված չես լինի փողոցե փողոց թափառել մի կտոր հացի համար։ Մենք շատ հարուստ ենք։

— Ես շատ հպարտ եմ, սինյորինա։

— Իմ անունը Ջուլիետտա է։

— Ես հպարտ եմ, սիրուն Ջուլիետտա։

— Մենք չենք խլի քո հպարտությունը, Անտոնիո։

— Կխլեք․ երբ ինձ մի կտոր հաց տաք։

Ջուլիետան մի դրամ նետեց նրա ոտքերի առջև և բարկացած հեռացավ պատուհանից։ Բայց իսկույն էլ նորից մոտեցավ պատուհանին։

― Անտո՜նիո,— կանչեց նա։

Պատանի երաժիշտը, որ վերցրել էր դրամը և ուզում էէր հեռանալ, կանգ առավ և նայեց վերև։

— Համաձայնիր գոնե, որ ամեն երեկո, ճիշտ այս ժամին, կգաս կնվագես պատուհանիս տակ։

— Կգամ։ Բայց ոչ նորից սրա համար,– ասաց Անտոնիոն ցույց տալով ձեռքի դրամը։

― Ա՞յլ։

— Գեղեցկության համար։

Այս անգամ պատանի երաժշտի ոտների առջև ընկավ գեղեցիկ աղջկա կրծքի կարմիր մեխակը։3

Ու գալիս էր։

Ամեն երեկո, երբ արևի վերջին ճառագայթները էլեկտրական լույսեր էին վառում պալացցոների պատուհաններին, Ջուլիետտայի լսողությունը փաղաքշում էին միշտ նոր, միշտ դյութիչ հնչյունները։

— Անտո՜նիո, մի՞թե այնքան հպարտ ես, որ չես համաձայնի բարձրանալ ինձ մոտ, իմ սենյակում նվագելու։

Անտոնիոն լուռ բարձրացավ Ջուլիետտայի սենյակը։

— Անտոնիո, մի՞թե այնքան հպարտ ես, որ չես համաձայնի ինձ հետ մի զբոսանք կատարելու ծովի վրա։

Լուսնի կաթնագույն լույսի տակ, ծովի հանդարտ ջրերի վրա մեղմիկ սահում էր մակույկը և գիշերային անհուն խաղաղության մեջ տարածվում էին դյութական հնչյունները։ Ամբողջ բնությունը, կարծես լսողություն դարձած, ականջ էր դնում այդ հնչյուններին, որոնք թևատարած, սահուն ու թեթև, թռչում տարածվում էին չորս բոլորը և մարում ծովի խաղաղ ջրերի մեջ, պարզ ու թափանցիկ օդի մեջ։

— Անտո՜նիո, մի՞թե այնքան հպարտ ես, որ թույլ չես տա գլուխս դնեմ ծնկանդ վրա։

— Օ՜․․․— հառաչում է միայն պատանի արտիստը վառված աչքերով և նրա կնտկնտոցի տակ ջութակի հնչյունները նոր թափ են առնում նոր, մինչև այդ չլսված նյուանսներով։

Ջուլիետտայի ոսկեգանգուր գլուխը հանգչում է Անտոնիոյի ծնկան վրա և թավշյա աչքերը հիացքով, սիրով ու երջանկությամբ վարից վեր նայում են պատանի երաժշտի վերասլաց դեմքին։ Մակույկի մեջ, լուսնի կաթնագույն լույսի տակ, ինչպես ձյուն, փայլում էր նրա սպիտակ թեթև հանդերձը, որով նա նմանվում էր իսկական հավերժահարսի՝ ընկղմված ծովի փրփուրների մեջ։

Պատանի արտիստը վերից վար նայում էր իր ծնկան վրա հանգչող երազական գեղեցկությանը և ինքը ևս զարմանում էր, թե այն ի՞նչ նոր հնչյուններ են, որ իր ձեռքի շարժումից գեղում է ջութակն այնքան տիրականորեն։

— Անտո՜նիո, մի՞թե այնքան, հպարտ ես, որ մի համբույր չես տա ինձ։

Ջութակը լռում է։ Պատանի արտիստը կամաց խոնարհվում է հավերժահարսի դեմքի վրա, նրանց մազերը գրկախառնվում են և թրթռուն շրթունքները միանում են մի բոցոտ համբույրի մեջ։

― Անտո՜նիո, Անտո՜նիո…

― Ջուլիետտա, Ջուլիետտա…4

Մի երեկո էլ, սովորական ժամին, պատանի երաժիշտը գոթական ապարանքի բարձր պատուհանի տակ կանգնած՝ իզուր աշխատում էր իր դյութական հնչյուններով դուրս կանչել հավերժահարսին։

Պատուհանը փակ էր։

Պատանի արտիստը, սակայն, չէր հուսահատվում. ջութակը մերթ կանչում հրամայաբար, մերթ խնդրում աղերսագին, մերթ խոսում լալագին, մերթ հառաչում ու լալիս հուսահատորեն։

Պատուհանը միշտ փակ էր։

Այնուհետև, երբ ջութակն իր վերջին հուսահատկան ճիչերն էր արձակում, պատուհանի մի փեղկը կիսով չափ բացվեց, նախ մի դրամ զրնգաց գետնին և ապա թղթի մի կտոր, օդի մեջ պտտվելով, ցած ընկավ պատանի երաժշտի ոտների առջև։

Թուղթը վերցրեց և կարդաց.«Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։Մենք վերևն ենք, դու ներքևը, էլ մի՛ գա։ Մոռացի՛ր ինձ»։

Կարդաց, առժամանակ շանթահար մնաց տեղնուտեղը արձանացած, հետո ցնցվեց ուժգնորեն, մի կայծակնացայտ հայացք նետեց դեպի ազնվական ապարանքի բարձունքը, թուղթը, ցասումով լի, ուզեց պատառ-պատառ անել, բայց զսպեց իրեն, խնամքով ծալեց, ծոցը դրեց, ոտով դեն շպրտեց գետնին ընկած դրամը և, ջութակը պինդ սեղմելով վիրավոր կրծքին, հեռացավ անարգանքի կսկիծը հպարտ սրտի մեջ պարուրած։

Այդ օրվանից Վենեցիայի փողոցներում էլ ո՛չ ոք չտեսավ հանրածանոթ պատանի ջութակահարին։5

Անցան տարիներ։

Նորից Վենեցիան։

Քաղաքի ամբողջ մամուլն ավետեց հռչակավոր ջութակահար Անտոնիո Բոնվինիի գալուստը, որ իր միակ կոնցերտը պիտի տար մեծ թատրոնում։ Վերջին ժամանակները ոչ միայն իտալական, այլև եվրոպական ու ամերիկյան ամբողջ մամուլը խոսում էր այդ նոր փայլուն աստղի մասին, որ երևացել էր երաժշտական հորիզոնի վրա։

Կոնցերտի գիշերը թատրոնում ասեղ գցելու տեղ չկար։ Այնտեղ էր քաղաքի ամբողջ բարձր դասակարգը։

Անտոնիո Բոնվինի… Ամենքն անհամբեր սպասում էին նրա ելույթին։

Եվ ահա, վերջապես, դուրս եկավ նա բեմ։

Ու ամբողջ դահլիճը գրեթե միաբերան հառաչեց։

Մի՞թե սա այն Անտոնիոն չէ, որին ճանաչում էր ամեն մի վենեցիացի, այն պատանի ջութակահարը, որ միջնադարյան տրուբադուրի նման շրջում էր քաղաքից քաղաք, փողոցից փողոց, պատուհանների տակ նվագում էր սերենադներ։

Այո՛, այո՛, նա է, ինքը, որովհետև— ահա՛ նույն հնչյունները, բայց այս անգամ արդեն առնականորեն հասուն, ինքնավստահ, ինքնամփոփ, երբեմն վերասլաց, երբեմն մարտակոչի խիզախ ավյունով լեցուն։

Ու որքան այդ հնչյունները դյութիչ էին, այնքան գեղեցիկ ու հմայիչ էր ինքը՝ Անտոնիո Բոնվինին, բարեկազմ հասակը, հրացայտ աչքերը, վառված դեմքը, հանճարեղ ճակատը, ականջների մոտ ցրված երկար փայլուն մազերը, բոլորը, բոլորը մի սքանչելի ներդաշնակություն էին կազմում նրա ջութակի մոգական հնչյունների հետ։

Երբ վերջին հնչյունները թրթռալով մարեցին գերեզմանային լռության մեջ և արտիստը հեռացավ բեմից, ամբողջ դահլիճը դեռևս պահ մի նստած էր լուռ ու անշարժ, կարծես անհունորեն քաղցր մի երազանքի մեջ կախարդված։ Ու հետո հանկարծ, որպես մի գերեզմանոց մեկեն հարություն առնի, ամբողջ դահլիճը շրջվեց ու թնդաց որոտագին. — Բոնվի՛նի… Անտոնիո Բոնվի՛նի… Անտո՛նիո… Հանճա՛ր… Նոր Ստրադիվարիուս…

Եվ ամեն ոք շտապում էր դեպի կուլիս՝ անձամբ սեղմելու երիտասարդ հանճարի ձեռքը և իր հիացքն ու շնորհակալությունը հայտնելու նրան։

Երիտասարդ մաեստրոն հոգնած էր։ Փակվեց իր սենյակում և հայտնեց, որ այլևս ոչ ոքի չի կարող ընդունել։

Բայց ահա մտնում են և հայտնում, որ մի կին ուզում է նրան տեսնել։

— Անկարող եմ ընդունել։

— Թախանձում է սաստիկ․ շատ նշանավոր անձի ամուսինն է։

Ու տալիս են ազնվազարմ տոհմի մի բարձրաստիճան մարդու անունը, որից կախված է հազարավոր մարդկանց բախտը։

— Թող մտնի։

Գեղեցիկ՝ ինչպես Ռաֆայելի Մադոննան, հագնված ինչպես մի թագուհի, շտապով մտավ մի նորատի կին և ուղղակի ընկավ երիտասարդ հանճարի ոտների առջև։

― Անտո՛նիո, ես քո Ջուլիետտան եմ, ես սիրում եմ քեզ…

Երիտասարդ մաեստրոն այլայլված՝ բարձրացրեց գեղեցկուհուն։

Նրա աչքերը վառվում էին ինչ-որ տարօրինակ փայլով, նման այն հրացայտ հայացքին, որ նա, դեռևս պատանի մի խեղճ երաժիշտ, նետեց իր ստորին ծագումն ու հպարտությունն այնքան մեծամտորեն արհամարհող պալացցոյի բարձունքն ի վեր։

Առանց մի խոսք արտասանելու՝ ձեռքը ծոցը կոխեց, հանեց հուշատետրը, հուշատետրից՝ խնամքով պահած թղթի մի կտոր և մեկնեց Ջուլիետտային։

Ջուլիետտան առավ, նայեց և հանկարծ կասկարմիր կտրեց։

— Կարդացեք, սինյորա, կարդացեք,— ասաց Անտոնիոն, տեսնելով, որ նա ծայր աստիճան շփոթված, չի համարձակվում աչքերը վեր բարձրացնել։

Ու հազիվ լսելի ձայնով Ջուլիետտան կարդաց իր նամակը։«Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։Մենք վերևն ենք, դու ներքևը։ Էլ մի՛ գա։ Մոռացիր ինձ»։

Անտոնիոն նամակը ետ առավ նրա թուլացած ձեռքից, և նորից խնամքով պահելով հուշատետրի մեջ, ասաց․

― Ավա՜ղ, սինյորա, ներեցեք ինձ, որ ես չլսեցի ձեզ և թեպետ այլևս չեկա ձեզ մոտ, բայց չմոռացա ձեզ, այլապես ձեր այս նամակը այսպես խնամքով չէի պահի ինձ մոտ։ Սա մի անգնահատելի գանձ է, որ դուք պարգևեցիք ինձ, և այս գանձն աչքիս լույսի պես կպահեմ մինչև մահս, որովհետև եթե ձեր այս նամակը չլիներ, ես թերևս այն չլինեի, ինչ որ եմ այժմ։ Ես մոռացա ձեզ, այո՛. բայց, ինչպես երևում է, դուք մոռացել եք այն անդունդը, որ մեզ բաժանում էր իրարից։ Դուք վերևն էիք,— ես ներքևը, և այդ ձեզ իրավունք էր տալիս արհամարհանքով նայելու դեպի ներքև։ Բայց դուք հաշվի չէիք առել, որ ներքև գտնվողները երբեմն թևեր են առնում, թռչում վերև, և, վրիժառության զգացումով լեցուն։ Այն օրը, որ դուք ձեր բարձունքից արհամարհանքով մերժեցիք ինձ— ներքև գտնվողիս, ես երդվեցի վրեժ առնելու և, դրա համար ուրիշ միջոց չգտա, բայց եթե միայն բարձրանալ, միշտ բարձրանալ, անդադար բարձրանալ, մինչև որ իր ձեռակերտ ապարանքի բարձունքից ինձ վրա նայող քմահաճույքն ինքը գար իմ անձեռակերտ բարձունքի առջև ծնրադրելու։ Այսօր ես հասա իմ նպատակին։ Բայց նորից սիրել նրան, ով խաղում է ուրիշի նվիրական զգացամների հետ, ով տարբերություն է դնում վերևի և ներքևի միջև, ավա՜ղ, սինյորա, ես չեմ կարող։―――――――――――――

Այսպես էր վերջանում իտալական սիրավեպը։

Մի սիրավեպ՝ հար և նման իմ սիրավեպին, մի սուր հակադրությամբ միայն․ այստեղ ես էի― իմ բուրժուական միջավայրի հարազատ ծնունդը, տաքուկ ապրելու սովոր, կամազուրկ, փափկամարմին մի ինտելիգենտ, որ առաջին իսկ հարվածից ընկնում է այլևս չելնելու համար, իսկ այնտեղ նա― աշխատավոր ժողովրդի ծոցից ելած անապաստան, թափառական մի պատանի իր միջավայրի երկաթակուռ կամքով, որով զինված, ոչ թե ընկճվում է ինձ պես առաջին իսկ հարվածից, այլ ընդհակառակը, ո՜վ գիտե ինչ դժվարություններ հաղթահարելով, հետզհետե բարձրանում է մինչև գլխապտույտ բարձունքները, որպեսզի այնտեղից վրիժառության թույնը թափի իր մարդկային արժանապատվությունն արհամարհողների, իրեն նվաստացնողների գլխին։

Բարձրանալ, միշտ բարձրանալ, անդադար բարձրանալ․․․ Օ՜ ի՜նչ հրաշալի վրիժառություն, որի համար, սակայն, ես անընդունակ եղա։

Եվ այնուհետև ինչպե՞ս չհավատամ իմ դասակարգի ճակատագրին, որին բնական մի անեծքով դատապարտված նա հետզհետե այլասերվելով, պիտի դառնա ինձ պես իբրև փտած ծառի կոճղին բսած մի մգլած մակաբույծ և չքանա անհետ, տեղի տալով նրա՛նց, որոնք ներքևից բարձրանում են վերև

Me and him

ME:
I loved him.

Shall I repeat the words of love, which seem so ridiculous and boring to skeptics who have lost the charm of life, but which are some revelations for the hearts of new lovers?

Every time I looked into his amazingly bright eyes, in which blood seemed to burn, every time I heard his lively laughter, in which a stream of spring mischief seemed to diminish, every time I took him in my arms and listened to him near my ear. I felt the electrifying touch of her velvety hair on my cheeks, a crazy feeling that I was ready to commit to the “greatest virtue, the greatest crime” if only he had commanded.

Did he love me too? — I do not know now, but at that time I fully believed that he was not lying, when he believed that he loved, he swore that even death could not separate us.

I was a final year student at the time; I was about to graduate from law school. Confident of my fresh youth, especially my passion for broad social activities, I was filled with bright hopes for a glorious future. Encouraged by that future, encouraged by happy love, with fervent zeal without rest, I was preparing a final dissertation, which was to be the firm cornerstone of my future greatness and glory.

But…

Oh, that “but”…

Even now, when everything is lost, everything is finally and irreversibly shattered, and now, when I remember those moments, I almost screamed with mental pain աստիճան to the extent that those moments have not yet lost their sharpness for me.

But let me continue my story.

Once, as I was writing the final chapters of my dissertation in a secluded student room in the far north, I received a letter in which he wrote with astonishingly ruthless sincerity that I should accept his former assurances of love as a painful misunderstanding and try to forget him because he would be someone else’s wife. coming soon. “I know this may not be very pleasant for you, but what have you done? Everything happens in my world, anything can happen” — should I say this ironically, or did he end his letter with devilish ruthless words?

At first I did not allow that letter ․ I thought it was a joke that the naughty wanted to play a fun game with me or try my love. But later on, to my surprise, then to my anger, and finally to my despair, when I did not receive the answer to any of my letters, telegrams, to each other. And when, after this crazy silence, in utter despair, what I did not know what to do, I suddenly received a laconic telegram— “I got married.” Just one word ոչինչ nothing else. He gave this telegram, oh, so that I would not bother him with new letters and telegrams.

At first that telegram did not affect me much, because և I was already prepared, but then I noticed that I had some hardening, mental apathy ․ And sometimes, especially at night when I could not sleep, my brain was working in a state of excitement, I felt like I was going crazy. Before, when I did not doubt his love at all, I fully believed that he was mine, he would be mine, my inseparable and eternal, it seemed to me that I did not love him as much as now, when he betrayed me, արդեն I already I had lost him forever and forever. It always happens that way ․ The object of your love seems doubly beloved after losing it.

I no longer understood what was happening to me ․ I felt such emptiness around me and inside that it was as if my brain had been taken out of my skull and thrown into a desert to wander in a terrible emptiness, aimless and aimless, without aspirations, without ideals, without any hope of salvation. One thing I just felt was very simple and very definite ․ it was the poison of revenge that was accumulating drop by drop in my heart, threatening to explode on the head of the girl who had so ruthlessly hindered not only my most cherished feelings, but me as a human being, crushing all my hopes, my whole future. Since he had not betrayed me, I was an eagle soaring in spirit and mind, now I had become a pitiful sparrow with its wings cut off, leaping to the ground. Could I forgive him? And I decided to be as ruthless with him as he was with me.

“I am not there, let him not be with me,” I said and one day I got up, left the university and the dissertation, everything, I came to implement my decision. But here a despair awaited me that I had not thought of at all: the betrayed girl had gone abroad with her, as far as I knew, very rich husband.

Despair came over me again with a new impetus, so strong that the feeling of revenge remained insatiable. The realization that I was completely disarmed simply drove me crazy. And there was a moment when I almost raised my hand to myself to end my unbearable mental suffering at once. But then I thought that it would be too small բացի, besides, I hoped that sooner or later I would meet him to convey the insult I had received.

This mental state was again followed by extreme indifference and insensitivity to everything. Strong tsn

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

Հոդված 1. 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ 2005 թվականի փոփոխություններով, շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

Գ Լ ՈՒ Խ  1

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Հոդված 3.Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները

1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Հոդված 4.Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը

Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Հոդված 5.Իրավական նորմերի աստիճանակարգությունը

1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:

2. Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին:

3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 6.Օրինականության սկզբունքը

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

2. Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

3. Օրենքները և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:

Հոդված 7.Ընտրական իրավունքի սկզբունքները

Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:

Հոդված 8.Գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը

1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը:

2. Կուսակցությունները կազմավորվում և գործում են ազատորեն: Կուսակցությունների համար օրենքով երաշխավորվում են գործունեության հավասար իրավական հնարավորություններ:

3. Կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը:

4. Կուսակցությունների կառուցվածքը և գործունեությունը չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին:

Հոդված 9.Տեղական ինքնակառավարման երաշխավորումը

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը:

Հոդված 10.Սեփականության երաշխավորումը

1. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

2. Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են:

Հոդված 11.Տնտեսական կարգը

Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:

Հոդված 12.Շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը

1. Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև:

2. Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին:

Հոդված 13.Արտաքին քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Հոդված 14.Զինված ուժերը և պաշտպանությունը

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:

2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են:

3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

Հոդված 15.Մշակույթի, կրթության, գիտության խթանումը, հայոց լեզվի և մշակութային ժառանգության պաշտպանությունը

1. Պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը:

2. Հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են։

Հոդված 16.Ընտանիքի պաշտպանությունը

Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են:

Հոդված 17.Պետությունը և կրոնական կազմակերպությունները

1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:

2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:

Հոդված 18.Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին

1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

2. Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:

Հոդված 19.Հայկական սփյուռքի հետ կապերը

1. Հայաստանի Հանրապետությունը հայկական սփյուռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացմանը և հայապահպանմանն ուղղված քաղաքականություն, նպաստում է հայրենադարձությանը:

2. Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա նպաստում է այլ պետություններում հայոց լեզվի, հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը։

Հոդված 20.Հայաստանի Հանրապետության պետական լեզուն

Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

Հոդված 21.Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերը

1. Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով:

2. Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։

3. Դրոշի և զինանշանի մանրամասն նկարագրությունը սահմանվում է օրենքով։

4. Հայաստանի Հանրապետության օրհներգը սահմանվում է օրենքով:

Հոդված 22.Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանն է:

Գ Լ ՈՒ Խ  2

ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 23.Մարդու արժանապատվությունը

Մարդու արժանապատվությունն անխախտելի է:

Հոդված 24.Կյանքի իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:

2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից:

3. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:

Հոդված 25.Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք:

2. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Բժշկության և կենսաբանության ոլորտներում մասնավորապես արգելվում են եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:

4. Ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին:

Հոդված 26.Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը

1. Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

2. Մարմնական պատիժներն արգելվում են:

3. Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք:

Հոդված 27.Անձնական ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար.

2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար.

3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով.

6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով.

7) անձի անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:

2. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին:

3. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազատությունից զրկված անձի վերաբերյալ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:

5. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:

6. Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:

Հոդված 28.Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը

Բոլորը հավասար են օրենքի առջև:

Հոդված 29.Խտրականության արգելքը

Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Հոդված 30.Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը

Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:

Հոդված 31.Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:

2. Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Հոդված 32.Բնակարանի անձեռնմխելիությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք:

2. Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքով կարող են սահմանվել դատարանի որոշմամբ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր:

Հոդված 33.Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք:

2. Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով:

Հոդված 34.Անձնական տվյալների պաշտպանությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք:

2. Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:

3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին և պահանջելու ոչ հավաստի տվյալների շտկում, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված կամ այլևս իրավական հիմքեր չունեցող տվյալների վերացում:

4. Անձնական տվյալներին ծանոթանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

5. Անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 35.Ամուսնանալու ազատությունը

1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:

2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդն ունեն հավասար իրավունքներ:

3. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով:

Հոդված 36.Ծնողների իրավունքները և պարտականությունները

1. Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

2. Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միայն օրենքով, դատարանի որոշմամբ` երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով:

3. Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների մասին։ Մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 37.Երեխայի իրավունքները

1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:

2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

3. Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:

4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:

Հոդված 38.Կրթության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:

2. Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք:

3. Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը:

Հոդված 39.Մարդու ազատ գործելու իրավունքը

Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

Հոդված 40.Ազատ տեղաշարժվելու իրավունքը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:

3. Յուրաքանչյուր քաղաքացի և Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունք:

4. Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ:

Հոդված 41.Մտքի, խղճի և կրոնի ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը:

2. Մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Յուրաքանչյուր քաղաքացի, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է զինվորական ծառայությունը, ունի օրենքով սահմանված կարգով այն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրավունք:

4. Կրոնական կազմակերպություններն իրավահավասար են և օժտված են ինքնավարությամբ: Կրոնական կազմակերպությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 42.Կարծիքի արտահայտման ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:

3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Հոդված 43.Ստեղծագործության ազատությունը

Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատություն:

Հոդված 44.Հավաքների ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:

2. Բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա: Ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում:

3. Օրենքով կարող են սահմանվել դատավորների, դատախազների, քննիչների, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների հավաքների ազատության իրավունքի իրականացման սահմանափակումներ։

4. Հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմաններն ու կարգը սահմանվում են օրենքով:

5. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Հոդված 45.Միավորումների ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի այլոց հետ ազատորեն միավորվելու, ներառյալ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ մասնավոր միավորման:

2. Միավորումների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

3. Միավորումների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

4. Միավորումների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով` միայն դատարանի որոշմամբ:

Հոդված 46.Կուսակցություն ստեղծելու և կուսակցությանն անդամագրվելու իրավունքը

1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ կուսակցության:

2. Դատավորները, դատախազները և քննիչները չեն կարող լինել կուսակցության անդամ: Օրենքով կարող են սահմանվել զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների կողմից կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունքի սահմանափակումներ:

3. Կուսակցությունները տարեկան հաշվետվություններ են հրապարակում իրենց ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև իրենց գույքի մասին:

4. Օրենքով սահմանված դեպքերում կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Սահմանադրական դատարանի որոշմամբ: Այն կուսակցությունները, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով, հակասահմանադրական են և ենթակա են արգելման Սահմանադրական դատարանի որոշմամբ:

Հոդված 47.Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:

2. Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

3. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

4. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից: Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից:

6. Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման այլ հիմքերը, ինչպես նաև դադարեցման հիմքերը սահմանվում են օրենքով:

7. Սույն հոդվածի 2-4-րդ մասերով, ինչպես նաև 5-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաև այլ հանրային շահերի պաշտպանության նպատակով:

8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո են:

Հոդված 48.Ընտրական իրավունքը և հանրաքվեին մասնակցելու իրավունքը

1. Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք:

2. Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

3. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու, տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունքը:

4. Ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:

Հոդված 49.Հանրային ծառայության անցնելու իրավունքը

Յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 50.Պատշաճ վարչարարության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

2. Վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Հոդված 51.Տեղեկություններ ստանալու իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով:

Հոդված 52.Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը

Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր իրավունքների և ազատությունների խախտման դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 53.Հանրագիր ներկայացնելու իրավունքը

Յուրաքանչյուր ոք ունի անհատապես կամ այլոց հետ մեկտեղ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հանրագիր ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 54.Քաղաքական ապաստանի իրավունքը

Քաղաքական հետապնդման ենթարկվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան հայցելու իրավունք: Քաղաքական ապաստանի տրամադրման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:

Հոդված 55.Արտաքսման կամ հանձնման արգելքը

1. Ոչ ոք չի կարող արտաքսվել կամ հանձնվել օտարերկրյա պետությանը, եթե իրական սպառնալիք կա, որ տվյալ անձը կարող է այդ երկրում ենթարկվել մահապատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:

Հոդված 56.Ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունք:

2. Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:

3. Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացումը կարգավորվում է օրենքով:

Հոդված 57.Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները

1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:

2. Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:

3. Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուր աշխատող կին ունի հղիության և ծննդաբերության դեպքում վճարովի արձակուրդի իրավունք: Յուրաքանչյուր աշխատող ծնող երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում ունի արձակուրդի իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

4. Մինչև տասնվեց տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով։

5. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է: Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝

1) այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը.

2) զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը.

3) յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:

Հոդված 58.Գործադուլի իրավունքը

1. Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Գործադուլի իրականացման կարգը սահմանվում է օրենքով:

2. Գործադուլի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Հոդված 59.Տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցության երաշխավորումը

1. Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

2. Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով:

3. Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնություններն արգելվում են:

Հոդված 60.Սեփականության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

2. Ժառանգելու իրավունքը երաշխավորվում է:

3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

5. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ:

6. Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

7. Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:

8. Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Հոդված 61.Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի իր իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք:

Հոդված 62.Վնասի հատուցման իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

2. Եթե հանցանք կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձն արդարացվել է այն հիմքով, որ նոր կամ նոր երևան եկած որևէ հանգամանք ապացուցում է նրա դատապարտման ոչ իրավաչափ լինելը, ապա այդ անձն ունի օրենքին համապատասխան հատուցում ստանալու իրավունք, եթե չի ապացուցվում, որ այդ հանգամանքի ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:

Հոդված 63.Արդար դատաքննության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

2. Դատական վարույթը կամ դրա մի մասը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով:

3. Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է:

Հոդված 64.Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:

2. Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:

Հոդված 65.Ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքը

Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: Օրենքը կարող է սահմանել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:

Հոդված 66.Անմեղության կանխավարկածը

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հոդված 67.Մեղադրանքից պաշտպանվելու իրավունքը

Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի`

1) ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրավունք.

2) անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք.

3) իր պաշտպանությունը նախապատրաստելու և իր ընտրած փաստաբանի հետ հաղորդակցվելու համար բավարար ժամանակ և հնարավորություններ ունենալու իրավունք.

4) իր դեմ ցուցմունք տվող անձանց հարցման ենթարկելու իրավունք, կամ որ այդ անձինք ենթարկվեն հարցման, ինչպես նաև, որ իր օգտին ցուցմունք տվող անձինք կանչվեն և հարցաքննվեն նույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված անձինք.

5) թարգմանչի անվճար ծառայությունից օգտվելու իրավունք, եթե նա չի տիրապետում հայերենին:

Հոդված 68.Կրկին դատվելու արգելքը

1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա:

Հոդված 69.Դատապարտվածի բողոքարկման իրավունքը

Հանցանք կատարելու համար դատապարտված յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունք:

Հոդված 70.Ներման խնդրանքի իրավունքը

Յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման, ներառյալ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 71.Մեղքի սկզբունքը և պատժի համաչափության սկզբունքը

1. Հանցանք կատարած անձի պատժի հիմքը նրա մեղքն է:

2. Օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաև նշանակված պատժատեսակը և պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին:

Հոդված 72.Հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքը

Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:

Հոդված 73.Օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժը

1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

Հոդված 74.Հիմնական իրավունքների և ազատությունների կիրառելիությունն իրավաբանական անձանց նկատմամբ

Հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները և ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

Հոդված 75.Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը

Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

Հոդված 76.Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներն արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ

Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, բացառությամբ Սահմանադրության 23-26-րդ, 28-30-րդ, 35-37-րդ հոդվածներում, 38-րդ հոդվածի 1-ին մասում, 41-րդ հոդվածի 1-ին մասում, 47-րդ հոդվածի 1-ին մասում, 5-րդ մասի 1-ին նախադասությունում և 8-րդ մասում, 52-րդ, 55-րդ հոդվածի 2-րդ մասում, 56-րդ, 61-րդ, 63-72-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:

Հոդված 77.Հիմնական իրավունքների և ազատությունների չարաշահման արգելքը

Արգելվում է հիմնական իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով:

Հոդված 78.Համաչափության սկզբունքը

Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

Հոդված 79.Որոշակիության սկզբունքը

Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Հոդված 80.Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիությունը

Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ սույն գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:

Հոդված 81.Հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան

1. Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

2. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

Գ Լ ՈՒ Խ  3

ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Հոդված 82.Աշխատանքային պայմանները

Յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:

Հոդված 83.Սոցիալական ապահովությունը

Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի մայրության, բազմազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք:

Հոդված 84.Արժանապատիվ գոյությունը և նվազագույն աշխատավարձը

1. Յուրաքանչյուր կարիքավոր և տարեց մարդ, օրենքին համապատասխան, ունի արժանապատիվ գոյության իրավունք:

2. Նվազագույն աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով:

Հոդված 85.Առողջության պահպանությունը

1. Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք:

2. Օրենքը սահմանում է անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը:

Հոդված 86.Պետության քաղաքականության հիմնական նպատակները

Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են`

1) գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը.

2) բնակչության զբաղվածության խթանումը և աշխատանքի պայմանների բարելավումը.

3) բնակարանային շինարարության խթանումը.

4) կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը.

5) ծնելիության և բազմազավակության խթանումը.

6) երեխաների անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը.

7) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը.

8) հաշմանդամության կանխարգելման, բուժման, հաշմանդամների առողջության վերականգնման ծրագրերի իրականացումը, հասարակական կյանքին հաշմանդամների մասնակցության խթանումը.

9) սպառողների շահերի պաշտպանությունը, ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողությունը.

10) տարածքային համաչափ զարգացումը.

11) ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը.

12) քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդության մասնակցության խթանումը.

13) անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացումը.

14) հիմնարար և կիրառական գիտության զարգացումը.

15) ազգային և համամարդկային արժեքներին յուրաքանչյուրի ազատ հաղորդակցմանը նպաստելը.

16) բարեգործության խթանումը` մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, մարզական, սոցիալական և այլ հաստատությունների հիմնադրման, ֆինանսավորման, ինչպես նաև դրանց ֆինանսական անկախության ապահովման նպատակով:

Հոդված 87.Պետության քաղաքականության հիմնական նպատակների իրագործումը

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների և հնարավորությունների շրջանակում պարտավոր են իրագործել Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակները:

2. Կառավարությունը Սահմանադրության 156-րդ հոդվածով նախատեսված զեկույցի շրջանակներում տեղեկատվություն է ներկայացնում Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակների իրագործման վերաբերյալ:

Գ Լ ՈՒ Խ  4

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ

Հոդված 88.Ազգային ժողովի կարգավիճակը և գործառույթները

1. Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:

2. Ազգային ժողովն իրականացնում է օրենսդիր իշխանությունը:

3. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

4. Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

5. Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան:

Հոդված 89.Ազգային ժողովի կազմը և ընտրության կարգը

1. Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից:

2. Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

3. Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձևավորումը: Քաղաքական կոալիցիա կազմելու սահմանափակումները, պայմանները և կարգը սահմանվում են Ընտրական օրենսգրքով:

Հոդված 90.Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը

1. Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով:

2. Հերթական ընտրության դեպքում նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը հրավիրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:

3. Եթե մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը նորընտիր Ազգային ժողով չի կազմավորվում, ապա գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, և նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:

4. Եթե ռազմական կամ արտակարգ դրության պատճառով Ազգային ժողովի ընտրությունն անցկացվել է Սահմանադրության 91-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում, ապա գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, և նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:

5. Արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, և նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:

6. Ազգային ժողովի կազմավորված լինելը հավաստվում է Ընտրական օրենսգրքին համապատասխան:

Հոդված 91.Ազգային ժողովի հերթական ընտրությունը

1. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան վաթսուն, և ոչ ուշ, քան հիսուն օր առաջ:

2. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում: Այս դեպքում Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան հիսուն, և ոչ ուշ, քան վաթսունհինգ օր հետո:

Հոդված 92.Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը

1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով, 151-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերում Ազգային ժողովի արձակվելուց հետո:

2. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո:

Հոդված 93.Ազգային ժողովի ընտրությունների նշանակումը

Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը:

Հոդված 94.Ներկայացուցչական մանդատը

Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով:

Հոդված 95.Պատգամավորական մանդատի անհամատեղելիությունը

Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Հոդված 96.Պատգամավորի անձեռնմխելիությունը

1. Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար:

2. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

Հոդված 97.Պատգամավորի վարձատրության չափը և գործունեության այլ երաշխիքները

Պատգամավորի վարձատրության չափը և գործունեության այլ երաշխիքները սահմանվում են օրենքով:

Հոդված 98.Պատգամավորի լիազորությունների դադարումը և դադարեցումը

1. Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում:

2. Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաև Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում:

Հոդված 99.Ազգային ժողովի հերթական նստաշրջանները

Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ հունվարի երրորդ երկուշաբթիից մինչև հունիսի երրորդ հինգշաբթին և սեպտեմբերի երկրորդ երկուշաբթիից մինչև դեկտեմբերի երրորդ հինգշաբթին:

Հոդված 100.Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը և նիստը

1. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ:

2. Արտահերթ նստաշրջանը կամ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:

Հոդված 101.Ազգային ժողովի նիստերի հրապարակայնությունը

1. Ազգային ժողովի նիստերը հրապարակային են:

2. Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կամ Կառավարության առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, անցկացնում է փակ նիստ: Փակ նիստում քվեարկությունն արգելված է:

Հոդված 102.Ազգային ժողովի նիստերի իրավազորությունը

Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե նիստի սկզբում գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Հոդված 103.Օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների և ուղերձների ընդունումը

1. Օրենքները, Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները և ուղերձները, բացառությամբ Սահմանադրությամբ սահմանված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

2. Ազգային ժողովի կանոնակարգը, Ընտրական օրենսգիրքը, Դատական օրենսգիրքը, Սահմանադրական դատարանի մասին օրենքը, Հանրաքվեի մասին օրենքը, Կուսակցությունների մասին օրենքը և Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը սահմանադրական օրենքներն են և ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Սահմանադրական օրենքի իրավակարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից:

3. Սահմանադրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ:

4. Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները և ուղերձներն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Հոդված 104.Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները և Ազգային ժողովի խորհուրդը

1. Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

2. Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը:

3. Ազգային ժողովում ձևավորվում է Ազգային ժողովի խորհուրդ, որը կազմված է Ազգային ժողովի նախագահից, նրա տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից և մշտական հանձնաժողովների նախագահներից: Ազգային ժողովի խորհուրդը հաստատում է հերթական նստաշրջանների և նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաև իրականացնում է Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 105.Ազգային ժողովի խմբակցությունները

1. Խմբակցությունները նպաստում են Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը:

2. Խմբակցության մեջ ընդգրկվում են միայն միևնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի պատգամավորները:

Հոդված 106.Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները

1. Ազգային ժողովն օրենքների նախագծերի, իր իրավասության մեջ մտնող այլ հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար ստեղծում է մշտական հանձնաժողովներ: Ազգային ժողովում կարող է ստեղծվել ոչ ավելի, քան տասներկու մշտական հանձնաժողով:

2. Մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները խմբակցությունների միջև բաշխվում են խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

Հոդված 107.Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովները

Առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների և ուղերձների նախագծերի, ինչպես նաև պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար Ազգային ժողովի որոշմամբ կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ:

Հոդված 108.Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովները

1. Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

2. Քննիչ հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը որոշում է Ազգային ժողովը: Քննիչ հանձնաժողովում նախագահում է պահանջը ներկայացնող պատգամավորներից մեկը:

3. Քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի պահանջով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են հանձնաժողովին տրամադրել հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ, եթե դրանց տրամադրումն օրենքով արգելված չէ:

4. Պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով:

5. Քննիչ հանձնաժողովների գործունեության մանրամասները սահմանվում են Ազգային ժողովի կանոնակարգով:

Հոդված 109.Օրենսդրական նախաձեռնությունը

1. Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորը, Ազգային ժողովի խմբակցությունը և Կառավարությունը:

2. Օրենսդրական նախաձեռնության հեղինակը կարող է ցանկացած ժամանակ հետ կանչել իր ներկայացրած օրենքի նախագիծը:

3. Եթե Կառավարության եզրակացության համաձայն` օրենքի նախագիծն էականորեն նվազեցնում է պետական բյուջեի եկամուտները կամ ավելացնում պետության ծախսերը, ապա Կառավարության պահանջով այդ օրենքը կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

4. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն ընդունվում կամ մերժվում է երկամսյա ժամկետում:

5. Այն օրենքների նախագծերը, որոնց օրենսդրական նախաձեռնության բացառիկ իրավունքը պատկանում է Կառավարությանը, քվեարկության կարող են դրվել միայն Կառավարության համար ընդունելի ուղղումներով:

6. Ընտրական իրավունք ունեցող առնվազն հիսուն հազար քաղաքացի ունի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք:

Հոդված 110.Պետական բյուջեի ընդունումը

1. Ազգային ժողովը պետական բյուջեն ընդունում է Կառավարության ներկայացմամբ: Պետական բյուջեն օրենքով սահմանված կարգով ներառում է պետության բոլոր եկամուտները և ծախսերը:

2. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողով է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ:

3. Պետական բյուջեն ընդունվում է մինչև բյուջետային տարին սկսվելը: Այդ ժամկետում պետական բյուջեն չընդունվելու դեպքում, մինչև պետական բյուջեի ընդունումը, ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

Հոդված 111.Պետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողությունը

1. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նկատմամբ։

2. Ազգային ժողովը, Հաշվեքննիչ պալատի եզրակացության առկայությամբ, քննարկում և որոշում է ընդունում պետական բյուջեի կատարման մասին Կառավարության կողմից ներկայացվող տարեկան հաշվետվության վերաբերյալ:

Հոդված 112.Պատգամավորների բանավոր և գրավոր հարցերը

1. Հերթական նստաշրջանի` նիստերի շաբաթվա ընթացքում գումարվող նիստերից մեկում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին: Պատգամավորների հարցերի կապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ չի ընդունում:

2. Պատգամավորներն ունեն Կառավարության անդամներին գրավոր հարցեր ուղղելու իրավունք: Գրավոր հարցերի պատասխաններն Ազգային ժողովի նիստում չեն ներկայացվում:

Հոդված 113.Հարցապնդումները

1. Ազգային ժողովի խմբակցություններն ունեն Կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու իրավունք: Կառավարության անդամները հարցապնդմանը պատասխանում են այն ստանալուց ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում:

2. Հարցապնդումների պատասխանները ներկայացվում են Ազգային ժողովի նիստում: Խմբակցության առաջարկությամբ հարցապնդման պատասխանը քննարկվում է: Եթե քննարկման արդյունքով պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից ներկայացվում է վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ, ապա կիրառվում են Սահմանադրության 115-րդ հոդվածի դրույթները: Հարցապնդման արդյունքով Ազգային ժողովը կարող է առաջարկել վարչապետին քննարկել Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը:

Հոդված 114.Հրատապ թեմայով քննարկումները

Հերթական նստաշրջանի` նիստերի շաբաթվա ընթացքում գումարվող նիստերից մեկում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ:

Հոդված 115.Վարչապետին անվստահություն հայտնելը

1. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

2. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել: Այս դեպքում Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-4-րդ մասերի դրույթները կիրառելի չեն:

3. Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո:

4. Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել:

Հոդված 116.Միջազգային պայմանագրեր վավերացնելը, կասեցնելը և չեղյալ հայտարարելը

1. Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը՝

1) որոնք վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին.

2) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ.

3) որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության անդամակցություն միջազգային կազմակերպությանը.

4) որոնք Հայաստանի Հանրապետության համար նախատեսում են ֆինանսական կամ գույքային պարտավորություններ.

5) որոնց կիրառումը նախատեսում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, կամ որոնք պարունակում են օրենքին հակասող նորմեր.

6) որոնք ուղղակիորեն նախատեսում են վավերացում.

7) որոնք պարունակում են օրենքի կարգավորմանը ենթակա հարցեր:

2. Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագրերը վավերացնում, կասեցնում և չեղյալ է հայտարարում օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։

Հոդված 117.Համաներումը

Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել համաներման մասին օրենք:

Հոդված 118.Պատերազմի հայտարարումը և խաղաղության հաստատումը

1. Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում:

2. Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու հարցը լուծում է Կառավարությունը:

Հոդված 119.Ռազմական դրությունը

1. Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

2. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

3. Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել ռազմական դրությունը կամ չեղյալ հայտարարել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:

4. Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 120.Արտակարգ դրությունը

1. Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:

2. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

3. Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:

4. Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 121.Վարչատարածքային միավորները և բաժանումը

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները: Վարչատարածքային բաժանումը, Կառավարության ներկայացմամբ, սահմանվում է օրենքով:

Հոդված 122.Ինքնավար մարմինները

1. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների իրականացումն ապահովելու, ինչպես նաև Սահմանադրությամբ սահմանված հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության նպատակով պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված օրենքով կարող են ստեղծվել ինքնավար մարմիններ:

2. Ինքնավար մարմինների անդամները նշանակվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Ինքնավար մարմիններին օրենքով կարող է վերապահվել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն:

4. Ինքնավար մարմինների լիազորությունները, անկախության երաշխիքները, անդամներին ներկայացվող պահանջները և գործունեության կարգը սահմանվում են օրենքով:

Գ Լ ՈՒ Խ  5

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

Հոդված 123.Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները

1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:

2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:

3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:

4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Հոդված 124.Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը և նրան ներկայացվող պահանջները

1. Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով:

2. Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

3. Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

4. Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք:

5. Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

Հոդված 125.Հանրապետության նախագահի ընտրության կարգը

1. Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից:

2. Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:

3. Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:

4. Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

5. Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:

6. Հանրապետության նախագահի ընտրության կարգի մանրամասները սահմանվում են Ազգային ժողովի կանոնակարգով:

Հոդված 126.Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունը

Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:

Հոդված 127.Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը

1. Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը:

2. Արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրվելուց հետո՝ տասներորդ օրը:

3. Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

Հոդված 128.Հանրապետության նախագահի ուղերձը

Հանրապետության նախագահն իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ կարող է ուղերձ հղել Ազգային ժողովին:

Հոդված 129.Օրենքի ստորագրումը և հրապարակումը

1. Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

2. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

3. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

Հոդված 130.Կառավարության հրաժարականի ընդունումը

Սահմանադրության 158-րդ հոդվածով սահմանված դեպքերում Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է Կառավարության հրաժարականը:

Հոդված 131.Փոփոխություններ Կառավարության կազմում

Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում:

Հոդված 132.Հանրապետության նախագահի լիազորություններն արտաքին քաղաքականության բնագավառում

1. Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով`

1) Կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր.

2) վարչապետի առաջարկությամբ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին.

3) ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը:

2. Հանրապետության նախագահը, Կառավարության առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:

3. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն դիվանագիտական աստիճաններ:

Հոդված 133.Հանրապետության նախագահի լիազորությունները զինված ուժերի բնագավառում

1. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:

 2. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ:

Հոդված 134.Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծումը

Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:

Հոդված 135.Ներում շնորհելը

Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը:

Հոդված 136.Պարգևատրումը և պատվավոր կոչումների շնորհումը

Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ:

Հոդված 137.Բարձրագույն դասային աստիճանների շնորհումը

Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն դասային աստիճաններ:

Հոդված 138.Պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը

Եթե Ազգային ժողովը եռամսյա ժամկետում Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասով, 197-րդ հոդվածի 2-րդ մասով, 199-րդ հոդվածի 2-րդ մասով և 201-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով չի ընտրում համապատասխան պաշտոնատար անձանց, ապա մինչև Ազգային ժողովի կողմից նրանց ընտրությունը Հանրապետության նախագահն օրենքով սահմանված հիմքերով և կարգով նշանակում է ժամանակավոր պաշտոնակատարներ:

Հոդված 139.Հանրապետության նախագահի հրամանագրերը և կարգադրությունները

1. Իր լիազորություններն իրականացնելիս Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր և կարգադրություններ:

2. Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

3. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Հոդված 140.Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը

1. Հանրապետության նախագահն անձեռնմխելի է:

2. Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

3. Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո:

Հոդված 141.Հանրապետության նախագահի պաշտոնանկությունը

1. Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար:

2. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան:

3. Ազգային ժողովը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Հոդված 142.Հանրապետության նախագահի հրաժարականը

Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից:

Հոդված 143.Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինությունը

Հանրապետության նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը, Սահմանադրական դատարանը Կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին:

Հոդված 144.Հանրապետության նախագահի լիազորությունների ժամանակավոր կատարումը

Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

Հոդված 145.Հանրապետության նախագահի գործունեության ապահովումը

1. Հանրապետության նախագահի աշխատակազմի ձևավորման կարգը սահմանվում է օրենքով: Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում Հանրապետության նախագահի աշխատակազմի պաշտոններում:

2. Հանրապետության նախագահի վարձատրության չափը, սպասարկման և անվտանգության ապահովման կարգը սահմանվում են օրենքով:

Գ Լ ՈՒ Խ  6

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 146.Կառավարության կարգավիճակը և գործառույթները

1. Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:

2. Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը:

3. Կառավարությունն իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը:

4. Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:

Հոդված 147.Կառավարության կազմը և կառուցվածքը

1. Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:

2. Նախարարությունների ցանկը և Կառավարության գործունեության կարգը Կառավարության ներկայացմամբ սահմանվում են օրենքով: Փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, իսկ նախարարներինը` տասնութը:

Հոդված 148.Կառավարության անդամին ներկայացվող պահանջները

1. Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները:

2. Կառավարության անդամի վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները: Նրա համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:

Հոդված 149.Վարչապետի ընտրությունը և նշանակումը

1. Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

2. Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

4. Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ:

5. Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:

Հոդված 150.Կառավարության կազմավորումը

Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:

Հոդված 151.Կառավարության ծրագիրը

1. Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:

2. Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասը չի տարածվում Սահմանադրության 115-րդ հոդվածին համապատասխան կազմավորված Կառավարության ծրագրի վրա: Եթե այդ Կառավարության ծրագիրը հավանության չի արժանանում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Հոդված 152.Վարչապետի և Կառավարության մյուս անդամների իրավասությունները

1. Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը: Վարչապետը կարող է Կառավարության անդամներին կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալ: Վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

2. Փոխվարչապետները վարչապետի հանձնարարությամբ իրականացնում են Կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգումը: Փոխվարչապետներից մեկը վարչապետի սահմանած կարգով փոխարինում է վարչապետին նրա բացակայության ժամանակ:

3. Յուրաքանչյուր նախարար ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը:

4. Կառավարության անդամներն իրավասու են ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Հոդված 153.Կառավարության նիստերը և որոշումները

1. Կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը:

2. Կառավարության որոշումներն ստորագրում է վարչապետը:

3. Կառավարությունն իրավասու է ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Հոդված 154.Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունը

1. Կառավարությունն իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականություն:

2. Կառավարությունը կառավարում է պետական սեփականությունը:

Հոդված 155.Զինված ուժերը

1. Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են: Զինված ուժերի կիրառման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին:

2. Պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: Պաշտպանության նախարարն այդ հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է զինված ուժերի ղեկավարումը:

3. Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին:

4. Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է:

5. Զինված ուժերի ենթակայության, ղեկավարման, ինչպես նաև այլ մանրամասներ սահմանվում են օրենքով:

Հոդված 156.Կառավարության տարեկան զեկույցն Ազգային ժողովին

Յուրաքանչյուր տարվա համար Կառավարությունը զեկույց է ներկայացնում Ազգային ժողով իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին:

Հոդված 157.Կառավարության վստահության հարցը

1. Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի ընդունման առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը: Կառավարությանը վստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ:

2. Կառավարությանը վստահություն հայտնելու մասին որոշման նախագիծն ընդունվելու դեպքում Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը համարվում է ընդունված:

3. Կառավարությունն օրենքի նախագծի առնչությամբ իր վստահության հարցը նույն նստաշրջանի ընթացքում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ:

4. Կառավարությունը սահմանադրական օրենքի նախագծի ընդունման առնչությամբ չի կարող դնել իր վստահության հարցը:

5. Կառավարությունը չի կարող դնել իր վստահության հարցը ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:

Հոդված 158.Կառավարության հրաժարականը

Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:

Հոդված 159.Պետական կառավարման համակարգի մարմինները

Պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը և լիազորությունները սահմանվում են օրենքով:

Հոդված 160.Կառավարության տարածքային քաղաքականության իրագործումը

1. Կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով:

2. Մարզպետներին նշանակում և ազատում է Կառավարությունը: Մարզպետները համակարգում են պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

3. Երևանում տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

Հոդված 161.Հանրային խորհուրդը

Հանրային խորհուրդը Կառավարության խորհրդակցական մարմին է: Հանրային խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Գ Լ ՈՒ Խ  7

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հոդված 162.Արդարադատության իրականացումը

1. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

2. Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:

Հոդված 163.Դատարանները

1. Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ:

2. Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:

Հոդված 164.Դատավորի կարգավիճակը

1. Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

2. Դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ:

3. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ: Սահմանադրական դատարանի դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Սահմանադրական դատարանի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Սահմանադրական դատարանի դատավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Սահմանադրական դատարանի նախագահը:

4. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ: Դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Դատավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

5. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և կարգը սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով:

6. Դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:

7. Դատավորը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ:

8. Դատավորի լիազորությունները դադարում են լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա հրաժարականի, մահվան դեպքերում:

9. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները` Սահմանադրական դատարանի որոշմամբ, իսկ դատավորի լիազորությունները` Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, դադարեցվում են անհամատեղելիության պահանջները խախտելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, առողջական վիճակի պատճառով պաշտոնավարման անհնարինության, էական կարգապահական խախտում կատարելու դեպքերում:

10. Դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Դատավորի վարձատրության չափը սահմանվում է օրենքով:

11. Դատավորների կարգավիճակին վերաբերող մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով:

Հոդված 165.Դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջները

1. Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:

2. Վճռաբեկ դատարանի դատավոր կարող է նշանակվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:

3. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավոր կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:

4. Դատավորների թեկնածուները պետք է տիրապետեն հայերենին:

5. Դատավորների թեկնածուների համար Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ:

Հոդված 166.Դատավորների ընտրության և նշանակման կարգը

1. Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով: Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Դատավորների ընդհանուր ժողովը կարող է առաջարկել միայն դատավորներ: Նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

2. Սահմանադրական դատարանն իր կազմից` վեց տարի ժամկետով, ընտրում է Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի:

3. Վճռաբեկ դատարանի դատավորներին նշանակում է Հանրապետության նախագահը` Ազգային ժողովի առաջարկությամբ: Ազգային ժողովն առաջարկվող թեկնածուին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ դատավորի յուրաքանչյուր տեղի համար Բարձրագույն դատական խորհրդի ներկայացրած երեք թեկնածուների թվից։

4. Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին նշանակում է Հանրապետության նախագահը՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, համապատասխան պալատի կազմից, վեց տարի ժամկետով: Նույն անձը Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ կարող է նշանակվել միայն մեկ անգամ:

5. Վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, Վճռաբեկ դատարանի կազմից, վեց տարի ժամկետով: Նույն անձը Վճռաբեկ դատարանի նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

6. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորներին նշանակում է Հանրապետության նախագահը` Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ:

7. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահներին նշանակում է Հանրապետության նախագահը` Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, համապատասխան դատարանի կազմից, երեք տարի ժամկետով: Դատարանի նախագահն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո՝ երեք տարվա ընթացքում, չի կարող վերստին նշանակվել այդ պաշտոնում:

8. Դատավորները պաշտոնավարում են մինչև վաթսունհինգ, իսկ Սահմանադրական դատարանի դատավորները՝ մինչև յոթանասուն տարին լրանալը:

9. Դատավորների ընտրությանը և նշանակմանը վերաբերող մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով:

Հոդված 167.Սահմանադրական դատարանը

1. Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը:

2. Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

3. Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով:

Հոդված 168.Սահմանադրական դատարանի լիազորությունները

Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝

1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը.

2) մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը.

3) մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը.

4) լուծում է սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը.

5) լուծում է հանրաքվեի, Ազգային ժողովի և Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը.

6) որոշում է կայացնում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ.

7) եզրակացություն է տալիս Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին.

8) որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին.

9) լուծում է Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը.

10) լուծում է Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը.

11) լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը.

12) օրենքով սահմանված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ։

Հոդված 169.Սահմանադրական դատարան դիմելը

1. Սահմանադրական դատարան կարող են դիմել՝

1) Ազգային ժողովը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված դեպքերում, Սահմանադրության 168-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված դեպքում՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, իսկ Սահմանադրության 168-րդ հոդվածի 10-րդ կետով սահմանված դեպքում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ.

2) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում.

3) Ազգային ժողովի խմբակցությունը` հանրաքվեի և Հանրապետության նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.

4) Հանրապետության նախագահը՝ Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասով, 139-րդ հոդվածի 2-րդ մասով, 150-րդ հոդվածով, ինչպես նաև 168-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով սահմանված դեպքերում.

5) Կառավարությունը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 8-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերում.

6) Բարձրագույն դատական խորհուրդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում.

7) տեղական ինքնակառավարման մարմինները՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված` իրենց սահմանադրական իրավունքները խախտող նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով, ինչպես նաև Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում.

8) յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը.

9) գլխավոր դատախազը՝ դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով, ինչպես նաև Սահմանադրության 168-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված դեպքում.

10) Մարդու իրավունքների պաշտպանը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով.

11) Ազգային ժողովի ընտրությանը մասնակցած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները՝ Ազգային ժողովի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.

12) Հանրապետության նախագահի թեկնածուները՝ Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.

13) Սահմանադրական դատարանի առնվազն երեք դատավոր` Սահմանադրության 168-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված դեպքում:

2. Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով: Քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցով Սահմանադրական դատարան է դիմում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը:

3. Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Կառավարությունը:

4. Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:

5. Սահմանադրության 168-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովի խորհուրդը:

6. Սահմանադրական դատարան դիմելու կարգի մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով:

7. Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում։

Հոդված 170.Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները

1. Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ:

2. Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

3. Սահմանադրական դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել Սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ:

4. Սահմանադրական դատարանը Սահմանադրության 168-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ, բացառությամբ 7-րդ կետով նախատեսված հարցի, ընդունում է որոշումներ, իսկ 168-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված հարցով՝ եզրակացություն:

5. Սահմանադրության 168-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ կետերով նախատեսված հարցերով որոշումները, ինչպես նաև եզրակացություններն ընդունվում են Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, մյուս որոշումները՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննությունից:

Հոդված 171.Վճռաբեկ դատարանը

1. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է:

2. Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

Հոդված 172.Վերաքննիչ դատարանները

Վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են:

Հոդված 173.Բարձրագույն դատական խորհուրդը

Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Հոդված 174.Բարձրագույն դատական խորհրդի կազմը և կազմավորման կարգը

1. Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից:

2. Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից: Բարձրագույն դատական խորհրդում պետք է ընդգրկվեն դատավորներ բոլոր ատյանների դատարաններից: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատարանի նախագահ կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ:

3. Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից: Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր:

4. Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի:

5. Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների համար Դատական օրենսգրքով կարող են սահմանվել անհամատեղելիության պահանջներ:

6. Դատական օրենսգրքով կարող է սահմանվել Բարձրագույն դատական խորհրդում պաշտոնավարման ընթացքում դատավոր անդամների լիազորությունների կասեցման պահանջ:

7. Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից Դատական օրենսգրքով սահմանված ժամկետով և կարգով ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից:

8. Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման մանրամասները սահմանվում են Դատական օրենսգրքով:

Հոդված 175.Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները

1. Բարձրագույն դատական խորհուրդը`

1) կազմում և հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.

2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին.

3) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին.

4) Ազգային ժողովին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների և նախագահի թեկնածուներին.

5) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը.

6) լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը.

7) լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը.

8) լուծում է դատավորների լիազորությունների դադարեցման հարցը.

9) հաստատում է իր, ինչպես նաև դատարանների ծախսերի նախահաշիվները և ներկայացնում Կառավարություն` օրենքով սահմանված կարգով պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար.

10) օրենքին համապատասխան ձևավորում է իր աշխատակազմը:

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

4. Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:

Գ Լ ՈՒ Խ  8

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 176.Դատախազությունը

1. Դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:

2. Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝

1) հարուցում է քրեական հետապնդում.

2) հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ.

3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.

4) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.

5) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

3. Դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:

4. Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա:

5. Դատախազության կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 177.Գլխավոր դատախազը

1. Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։

2. Գլխավոր դատախազ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Գլխավոր դատախազի համար օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ:

3. Օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:

Հոդված 178.Քննչական մարմինները

1. Քննչական մարմիններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կազմակերպում և իրականացնում են մինչդատական քրեական վարույթը:

2. Քննչական մարմինների կարգավիճակը, լիազորությունները, կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են օրենքով:

Գ Լ ՈՒ Խ  9

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 179.Տեղական ինքնակառավարման իրավունքը

1. Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը:

2. Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում:

Հոդված 180.Համայնքը

1. Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակիչների հանրություն է։

2. Համայնքը հանրային իրավունքի իրավաբանական անձ է։

Հոդված 181.Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները

1. Տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով: Ընտրական օրենսգրքով կարող է սահմանվել համայնքի ղեկավարի ուղղակի կամ անուղղակի ընտրություն: Համայնքի ղեկավարի ուղղակի ընտրության դեպքում կիրառվում են Սահմանադրության 7-րդ հոդվածով սահմանված ընտրական իրավունքի սկզբունքները:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը սահմանվում է Ընտրական օրենսգրքով։

Հոդված 182.Համայնքի խնդիրները և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

1. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները լինում են սեփական՝ համայնքի պարտադիր և կամավոր խնդիրների լուծման նպատակով, ինչպես նաև պետության կողմից պատվիրակված։ Համայնքի պարտադիր խնդիրները սահմանվում են օրենքով, իսկ կամավոր խնդիրները՝ համայնքի ավագանու որոշումներով։

2. Պետական մարմինների լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով դրանք օրենքով կարող են պատվիրակվել տեղական ինքնակառավարման մարմիններին։

3. Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, որոնք ենթակա են կատարման համայնքի տարածքում:

4. Համայնքի ղեկավարը կատարում է համայնքի ավագանու որոշումները, իրականացնում է համայնքի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը։ Համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջև:

5. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով։

Հոդված 183.Համայնքի գործերի կառավարմանն անմիջական մասնակցությունը

1. Համայնքի բնակիչները կարող են անմիջականորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը՝ համայնքային նշանակության հանրային հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով։

2. Տեղական հանրաքվեի անցկացման կարգը, ինչպես նաև համայնքի բնակիչների կողմից համայնքի գործերի կառավարմանն անմիջականորեն մասնակցելու այլ եղանակները սահմանվում են օրենքով։

Հոդված 184.Համայնքի սեփականությունը

1. Համայնքն ունի հողի, ինչպես նաև այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունք։

2. Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետությանը, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է։

3. Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը:

Հոդված 185.Համայնքի բյուջեն, տեղական հարկերը, տուրքերը և վճարները

1. Համայնքն ունի իր բյուջեն, որը համայնքի ղեկավարի ներկայացմամբ ընդունում է համայնքի ավագանին։

2. Համայնքի բյուջեի եկամուտների ձևավորման և ծախսերի իրականացման կարգը սահմանվում է օրենքով։

3. Համայնքի ավագանին օրենքով սահմանված դրույքաչափերի շրջանակներում սահմանում է տեղական հարկեր և տուրքեր։

4. Համայնքի ավագանին կարող է համայնքի մատուցած ծառայությունների համար սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող վճարներ։

Հոդված 186.Համայնքի ֆինանսավորումը

1. Համայնքի պարտադիր խնդիրների լուծման նպատակով օրենքով սահմանվում են հարկային և ոչ հարկային այնպիսի աղբյուրներ, որոնք անհրաժեշտ են այդ խնդիրների իրականացումն ապահովելու համար։

2. Համայնքներին պետության կողմից պատվիրակված լիազորությունները ենթակա են պետական բյուջեից պարտադիր ֆինանսավորման։

3. Պետությունն իր հնարավորությունների շրջանակներում միջոցներ է հատկացնում համայնքների համաչափ զարգացումն ապահովելու համար:

Հոդված 187.Տեղական ինքնակառավարումը Երևանում

Երևանը համայնք է։ Երևանում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով։

Հոդված 188.Իրավական և մասնագիտական հսկողությունը

1. Համայնքի սեփական խնդիրների իրականացման նկատմամբ Կառավարության լիազոր մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է իրավական հսկողություն։

2. Պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ Կառավարության լիազոր մարմիններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում են իրավական և մասնագիտական հսկողություն:

Հոդված 189.Միջհամայնքային միավորումները

1. Տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համայնքների ավագանիները կարող են ստեղծել միջհամայնքային միավորումներ։ Հանրային շահերից ելնելով՝ միջհամայնքային միավորումներ կարող են ստեղծվել նաև օրենքով` Կառավարության առաջարկությամբ:

2. Միջհամայնքային միավորումը կարող է իրականացնել միայն այնպիսի լիազորություններ, որոնք նրան վերապահված են օրենքով կամ համայնքների ավագանիների որոշումներով։

3. Միջհամայնքային միավորումը հանրային իրավունքի իրավաբանական անձ է։

Հոդված 190.Համայնքների միավորումը և բաժանումը

Հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել։ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը։

Գ Լ ՈՒ Խ  10

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ

Հոդված 191.Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները և լիազորությունները

1. Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

2. Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ, ինչպես նաև աջակցել նրա աշխատանքներին:

4. Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով:

Հոդված 192.Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը

1. Մարդու իրավունքների պաշտպանին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

2. Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք:

Հոդված 193.Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության երաշխիքները

1. Մարդու իրավունքների պաշտպանի վրա տարածվում է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիության իրավունքը: Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը Ազգային ժողովը լուծում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

2. Մարդու իրավունքների պաշտպանի վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները:

3. Մարդու իրավունքների պաշտպանն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նա պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն:

4. Պետությունն ապահովում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորումը:

5. Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները դադարում են նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում:

6. Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության այլ երաշխիքները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով:

Գ Լ ՈՒ Խ  11

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 194.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթները, լիազորությունները և ընտրական հանձնաժողովների համակարգը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ:

2. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության մասին:

4. Ընտրական հանձնաժողովների համակարգը, ընտրական հանձնաժողովների լիազորությունները, կազմավորման և գործունեության կարգը, գործունեության երաշխիքները սահմանվում են Ընտրական օրենսգրքով:

Հոդված 195.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը և կազմավորման կարգը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող և պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները: Նրանց համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն:

6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պայմաններից որևէ մեկը խախտելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Գ Լ ՈՒ Խ  12

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 196.Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործառույթները և լիազորությունները

1. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որն ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, վերահսկում է հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը:

2. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հրապարակային և մրցութային կարգով հատկացնում է եթերային հաճախություններ:

3. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում հանրային հեռուստատեսությունում և ռադիոյում տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման նկատմամբ:

4. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, հեռուստատեսությունում և ռադիոյում տեղեկատվության ազատության վիճակի մասին:

5. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

6. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի լիազորությունները, գործունեության կարգը և երաշխիքները սահմանվում են օրենքով:

Հոդված 197.Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կազմը և կազմավորման կարգը

1. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կազմված է յոթ անդամից:

2. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ:

3. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, որը զանգվածային լրատվության բնագավառում հեղինակավոր մասնագետ է: Հանձնաժողովի անդամների նկատմամբ օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ:

4. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները: Նրանց համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:

5. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն:

6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պայմաններից որևէ մեկը խախտելու դեպքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Գ Լ ՈՒ Խ  13

ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԸ

Հոդված 198.Հաշվեքննիչ պալատի գործառույթները և լիազորությունները

1. Հաշվեքննիչ պալատն անկախ պետական մարմին է, որը հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ: Հաշվեքննիչ պալատն իրավաբանական անձանց մոտ ստուգումներ կատարելու իրավունք ունի միայն օրենքով սահմանված դեպքերում:

2. Հաշվեքննիչ պալատը գործում է իր հաստատած գործունեության ծրագրի հիման վրա:

3. Հաշվեքննիչ պալատն Ազգային ժողով է ներկայացնում՝

1) տարեկան հաղորդում իր գործունեության վերաբերյալ.

2) պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը.

3) օրենքով սահմանված դեպքերում` ընթացիկ եզրակացություններ:

4. Հաշվեքննիչ պալատի լիազորությունները, գործունեության կարգը և երաշխիքները սահմանվում են օրենքով:

Հոդված 199.Հաշվեքննիչ պալատի կազմը և կազմավորման կարգը

1. Հաշվեքննիչ պալատը կազմված է յոթ անդամից:

2. Հաշվեքննիչ պալատի նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ պալատի նախագահ:

3. Հաշվեքննիչ պալատի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող և պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք: Հաշվեքննիչ պալատի անդամների նկատմամբ օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ:

4. Հաշվեքննիչ պալատի անդամների վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները: Նրանց համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:

5. Հաշվեքննիչ պալատի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն:

6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պայմաններից որևէ մեկը խախտելու դեպքում Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Գ Լ ՈՒ Խ  14

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ

Հոդված 200.Կենտրոնական բանկի հիմնական նպատակները և գործառույթները

1. Հայաստանի Հանրապետության ազգային բանկը Կենտրոնական բանկն է: Կենտրոնական բանկը Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս անկախ է:

2. Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են գների և ֆինանսական կայունության ապահովումը:

3. Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը:

4. Կենտրոնական բանկը թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը` հայկական դրամը:

5. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով Կենտրոնական բանկն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

6. Կենտրոնական բանկը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության վերաբերյալ:

7. Կենտրոնական բանկի այլ նպատակները, խնդիրները, գործունեության կարգը և երաշխիքները սահմանվում են օրենքով:

Հոդված 201.Կենտրոնական բանկի նախագահը և խորհուրդը

1. Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալից և հինգ անդամից: Կենտրոնական բանկի նախագահին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական բանկի նախագահ: Կենտրոնական բանկի խորհրդի մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, վեց տարի ժամկետով:

2. Կենտրոնական բանկի խորհրդի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող և պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք: Կենտրոնական բանկի խորհրդի անդամների նկատմամբ օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ:

3. Կենտրոնական բանկի նախագահի և խորհրդի մյուս անդամների վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները: Կենտրոնական բանկի նախագահը և խորհրդի մյուս անդամներն իրավունք ունեն առևտրային կազմակերպություններում և հիմնադրամներում զբաղեցնելու իրենց կարգավիճակով պայմանավորված պաշտոններ:

4. Կենտրոնական բանկի խորհրդի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն:

5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պայմաններից որևէ մեկը խախտելու դեպքում Կենտրոնական բանկի նախագահի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, իսկ մյուս անդամներինը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալների և խորհրդի անդամների լիազորությունները սահմանվում են օրենքով:

Գ Լ ՈՒ Խ  15

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ

Հոդված 202.Սահմանադրության ընդունումը և փոփոխությունը

1. Սահմանադրությունը և Սահմանադրության 1-3-րդ, 7-րդ, 10-րդ և 15-րդ գլուխներում, ինչպես նաև Սահմանադրության 88-րդ հոդվածում, 89-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունում, 90-րդ հոդվածի 1-ին մասում, 103-րդ հոդվածի 2-րդ մասում, 108-րդ, 115-րդ, 119-120-րդ, 123-125-րդ, 146-րդ, 149-րդ և 155-րդ հոդվածներում, 200-րդ հոդվածի 4-րդ մասում փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեի միջոցով: Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող երկու հարյուր հազար քաղաքացի: Ազգային ժողովը նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

2. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասում նշված հոդվածների, Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Համապատասխան նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող հարյուր հիսուն հազար քաղաքացի:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:

Հոդված 203.Սահմանադրության անփոփոխելի հոդվածները

Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ և 203-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն:

Հոդված 204.Քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ հանրաքվեն

1. Եթե Ազգային ժողովը մերժում է Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, ապա մերժումից հետո` վաթսուն օրվա ընթացքում, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը ընտրական իրավունք ունեցող ևս երեք հարյուր հազար քաղաքացու միանալու դեպքում նախագիծը դրվում է հանրաքվեի, եթե Սահմանադրական դատարանը նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող: Քաղաքացիական նախաձեռնության մասնակիցների ստորագրությունների վավերականությունը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

2. Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները կարող են փոփոխվել միայն հանրաքվեով: Նման փոփոխություն կարող է կատարվել համապատասխան օրենքի ընդունումից առնվազն մեկ տարի հետո:

3. Հանրաքվեի չեն կարող դրվել այն օրենքների նախագծերը, որոնք վերաբերում են սահմանադրական օրենքների իրավակարգավորման առարկային, պետական բյուջեին, հարկերին, տուրքերին, այլ պարտադիր վճարներին, համաներմանը, պետության պաշտպանությանը և անվտանգությանը, միջազգային պայմանագրերին, ինչպես նաև Հանրաքվեի մասին օրենքով սահմանված այլ հարցերի:

Հոդված 205.Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության և տարածքի փոփոխության հարցերով հանրաքվեները

1. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 206.Հանրաքվեի նշանակումը

Քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից` Սահմանադրությանը համապատասխանության մասին որոշումն ընդունվելուց, ինչպես նաև Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե: Հանրաքվեն անցկացվում է հանրաքվե նշանակվելուց ոչ շուտ, քան հիսուն, և ոչ ուշ, քան վաթսունհինգ օր հետո:

Հոդված 207.Հանրաքվեի դրված ակտի ընդունումը

Հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:

Հոդված 208.Հանրաքվե անցկացնելու արգելքը

Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում:

Գ Լ ՈՒ Խ  16

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 209.Սահմանադրության առանձին դրույթների ուժի մեջ մտնելը

1. Սահմանադրության 1-3-րդ գլուխները, 103-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ գլուխը, բացառությամբ 182-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասության դրույթի, ինչպես նաև 10-րդ գլուխն ուժի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» Սահմանադրության փոփոխությունները հրապարակվելու հաջորդ օրվանից:

2. 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 4-րդ գլխի դրույթները, բացառությամբ 83.5-րդ հոդվածի, գործում են մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը:

3. Սահմանադրության 88-րդ հոդվածի, 90-102-րդ հոդվածների, 103-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի, 104-107-րդ, 109-112-րդ հոդվածների, 113-րդ հոդվածի 1-ին մասի, 114-րդ, 116-րդ և 121-րդ հոդվածների դրույթներն ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից: Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից սկսած մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումը շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված համապատասխան հոդվածների դրույթները:

4. Սահմանադրության 89-րդ հոդվածը, ինչպես նաև Սահմանադրության 11-րդ գլուխն ուժի մեջ են մտնում 2016 թվականի հունիսի 1-ից:

5. Սահմանադրության 182-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասության դրույթն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

6. Սահմանադրության 108-րդ հոդվածի, 113-րդ հոդվածի 2-րդ մասի, 115-րդ, 117-120-րդ, 122-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև 5-8-րդ, 12-15-րդ գլուխներն ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները:

Հոդված 210.Օրենքների համապատասխանեցումը Սահմանադրության փոփոխություններին

1. Ընտրական օրենսգիրքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը և ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունիսի 1-ից:

2. Ազգային ժողովի կանոնակարգը, Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը և Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքը համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը:

3. Այլ սահմանադրական օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

4. Տեղական ինքնակառավարման մասին օրենքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը և ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

5. Դատախազության, Հեռուստատեսության և ռադիոյի, Հաշվեքննիչ պալատի և Կենտրոնական բանկի մասին օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

Հոդված 211.Հանրապետության նախագահի ընտրության ժամկետը

Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ: Հանրապետության նախագահի ընտրության երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն:

Հոդված 212.Կառավարության հրաժարականը

Նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը Կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը: Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է Կառավարության հրաժարականը:

Հոդված 213.Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը

Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը:

Հոդված 214.Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումը

1. Բարձրագույն դատական խորհուրդը, Սահմանադրության 174-րդ հոդվածին համապատասխան, կազմավորվում է Դատական օրենսգրքի համապատասխան դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո՝ Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:

2. Արդարադատության խորհրդի անդամների լիազորությունները դադարում են, իսկ Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորությունները ստանձնում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտման օրը:

3. Ազգային ժողովը և դատավորների ընդհանուր ժողովը Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի համապատասխան երեքական անդամների ընտրում են հինգ, իսկ երկուական անդամների` երեք տարի ժամկետով:

Հոդված 215.Դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների պաշտոնավարումը

1. Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

2. Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատարանների նախագահները և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները շարունակում են պաշտոնավարել մինչև Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակվելը կամ ընտրվելը, որն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումից հետո` ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:

3. Եթե մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատարանների նախագահները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում չեն նշանակվում համապատասխան դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներ, ապա նրանք շարունակում են պաշտոնավարել համապատասխան դատարաններում որպես դատավորներ:

Հոդված 216.Գլխավոր դատախազի պաշտոնավարումը

Մինչև Սահմանադրության 8-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված գլխավոր դատախազը շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Հոդված 217.Համայնքի ավագանու անդամների և համայնքի ղեկավարի պաշտոնավարումը

Մինչև Սահմանադրության 9-րդ գլխի ուժի մեջ մտնելը ընտրված համայնքի ավագանու անդամները և համայնքի ղեկավարը շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 182-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասությամբ սահմանված դրույթը կիրառվում է Տեղական ինքնակառավարման մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո:

Հոդված 218.Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնավարումը

Մինչև Սահմանադրության 10-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Հոդված 219.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Սահմանադրության 11-րդ գլխով սահմանված կարգով կազմավորվում է մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ը: Մինչև Սահմանադրության 11-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունները դադարում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման պահից:

Հոդված 220.Սահմանադրության 12-14-րդ գլուխներով նախատեսված մարմինների անդամների պաշտոնավարումը

Ֆիզիկա

ԴԱՍ1

Թեմա՝

ԿԻՆԵՄԱՏԻԿԱ

1. Շարժում: Ինչ է մեխանիկական շարժումը: (Անցյալ տարվա դասընթացի կրկնություն):

2.Ինչ է ուսումնասիրում կինեմատիկան:

3. Շարժման հարաբերականությունը: 

4.Ինչ է իրենից ներկայացնում հաշվարկման համակարգը: Հաշվարկման մարմին:

5.Ինչն են անվանում շարժման հետագիծ (թվարկել տեսակները ):

6.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ: Ճանապարհի միավորը:

7.Ինչով է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

8.Որ շարժումն են անվանում հավասարաչափ և որը՝ անհավասարաչափ: (Բերել ձեր շուրջը առօրյայում, կենցաղում հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ):

9.Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին:

10. Արագություն, արագության միավորը: Բացի թվային արժեքից էլ ինչով է բնութագրվում մարմնի արագությունը: Վեկտորական և սկալյար մեծություններ;

10.Որ շարժումն է կոչվում անհավասարաչափ: Բերել օրինակներ:

11.Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:

12.Գրել միջին արագության բանաձևը:

13.Ինչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին արագությունը:

14.Ինչ է ակնթարթային արագությունը:

Քիմիա

Առաջադրանքներ

1.Հայրիկը պատահաբար բենզինը լցրել է ջրի վրա: Օգնե՛ք հայրիկին բաժանել այդ խառնուրդը: ․․․Խնդիրը հնարավոր է լուծել բաժանիչ ձագարով։
2. Հետեւյալ երեւույթներից որո՞նք են ֆիզիկական (ընտրությունը հիմնավորե՛ք).
ա) սառույցի հալվելը գ) ջրի գոլորշիանալը
(բ) պղնձի սեւանալը տաքացնելիս դ) բաժակի կոտրվելը
3.Ստորեւ թվարկված նյութերից ո՞րը բնության մեջ պատրաստի չկա եւ ստացվում է բնական հումքի վերամշակումից.ա) նավթը գ) ջուրը բ) ոսկին դ) օղին
4.Ո՞ր եղանակը կընտրե՛ք աղաջրից մաքուր ջուր ստանալու համար. ա) թորումբ) բյուրեղացում գ) զտում
դ) գոլորշիացում 5. Գրե՛ք այն տարրերի հայերեն անվանումները եւ քիմիական նշանները, որոնք արտասանվում են՝ ցե, էն, էս, պէ, կուպրում, ֆեռում, արգենտում:6. Նեոնի ատոմի զանգվածը` m0(Ne) = 3,32*10–23 գ է : Հաշվե՛ք նեոն տարրի հարաբերական ատոմային զանգվածը:7.Ինչպիսի՞ն են քիմիական տարրերի զանգվածային հարաբերությունները հետեւյալ բանաձեւերով արտահայտվող նյութերում.
ա) CaF2 բ) CH4 8. Հաշվե՛ք P2O5, Fe3O4 , նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:9.Նատրիումի հիդրօքսիդի մոլեկուլի զանգվածը 6,6445*10-23 գ է: Որքա՞ն է այդ նյութի
հարաբերական մոլեկուլային զանգվածը:10. Հաշվե՛ք հետեւյալ նյութերը կազմող տարրերի զանգվածային բաժինները (%)`ըստ հետեւյալ
բանաձեւերի. ա)Na2SO3, բ)CaC2,

11.Որոշել 12,25, 29 ,32 կարգաթվերով  տարրերի միջուկում նեյտրոնների  ,պրոտոնների , էլեկտրոնների թիվը,նշելով դրանց դիրքը պարբերական համակարգում:

Գործնականում  մարմնի զանգվածը չափում են կշեռքով:

           Մարմին                                     Զանգված

  1. Ճանճի թև                                 0,05մգ
  2. Կոլիբրի(փոքրիկ թռչնակ)      1,7գ
  3. Սեղանի թենիսի գնդակ          2,5գ
  4. Խաղողի հատիկ                       3գ
  5. 1լ ջուր                                         1կգ
  6. Երկրի 1-ին արհեստական

արբանյակ                                  83,6կգ

  1. Փիղ                                              4500կգ
  2. Էլեկտրաքարշ                           180 000 կգ        

Մաթեմատիկա առանց բանաձևերի

Դիագրամներ

Դիագրամ ( հուն․՝ Διάγραμμα (diagramma) — պատկեր, գծանկար) — գծային հատվածների կամ երկրաչափական պատկերների միջոցով տվյալների արտահայտում, որը թույլ է տալիս արագ գնահատելու մի քանի մեծությունների հարաբերությունը։

Դիագրամները հիմնականում կազմված են տարբեր երկրաչափական օբյեկտներից ( կետերգծեր, տարբեր գույների ու ձևերի պատկերներ) և օժանդակ տարրերից (կոորդիանատային առանցքներ, պայմանական նշաններ, վերնագրեր)։ Բացի այդ, դիագրամները լինում են երկչափ և եռաչափ: Դիագրամների մեջ երկրաչափական առարկաների համեմատությունը կարող է կատարվել տարբեր չափումների միջոցով, օրինակ՝ պատկերի մակերես, բարձրություն, կետերի խտություն և այլն։

Գծային դիագրամներ, գրաֆիկներ

Գծային դիագրամները կամ գրաֆիկները տվյալները ներկայացնում են գծերով իրար միացված կետերի միջոցով։ Կետերը կարող են լինել ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի (միայն բեկյալ գծեր): Նաև կարող են հանդիպել միայն կետեր պարունակող դիագրամներ (կետային դիագրամներ)։ Գծային դիագրամներ կառուցելու համար օգտագործվում է ուղղանկյուն կոորդինատային համակարգ: Սովորաբար, աբսցիսսների առանցքը ներկայացնում է ժամանակը ( տարիներամիսներ և այլն), իսկ օրդինատների առանցքը՝ երևույթների, պրոցեսների չափը։ Առանցքների վրա նշվում են մասշտաբները։

Սյունակաձև դիագրամներ՝ Հիստոգրամ

սյ.png

Սյունակաձև դիագրամները (սյունապատկերները) կազմված են նույն լայնությամբ զուգահեռ ուղղանկյուններից (սյունակներից): Յուրաքանչյուր սյունակ ցույց է տալիս տվյալների որոշակի տեսակ (օրինակ՝ ամպամածության տեսակը): Տվյալների տեսակները դասակարգված են հորիզոնական առանցքի վրա:  Սյունակի բարձրությունը ցույց է տալիս տվյալների որոշակի տեսակի արժեքը (օրինակ՝ որոշակի ամպամածությամբ օրերի քանակը):Արժեքները տեղադրվում են ուղղահայաց առանցքի վրա:

Շրջանաձև դիագրամ

Մեծությունների հարաբերության ներկայացումը շրջանի մասերի միջոցով կոչվում է շրջանաձև դիագրամ: Այս տեսակի դիագրամները հարմար են օգտագործել, երբ անհրաժեշտ է ցույց տալ յուրաքանչյուր արժեքի բաժինը ընդհանուրի մեջ:

գգգծ.png

Առաջադրանքներ

  1. Միացիր Համընդհանուր հարցում՝ հանրաքվե սեբաստացի կրթական բաց ցանցում նախագծին

2. Կատարիր․ Տրված դիագրամը ցույց է տալիս «Ո՞րն է քո մեքենայի մակնիշը» հարցման արդյունքները: Մուգ կանաչով նշված են կանանց պատասխանները, իսկ բաց կանաչով՝ տղամարդկանց: Ո՞ր մեքենայից տղամարդիկ ավելի շատ ունեն, քան կանայք: 

н3.png

Land-300000 տղամարդիկ

Land-250000 կանայք

Համընդհանուր հարցում՝ հանրաքվե սեբաստացի կրթական բաց ցանցում

Իրականացման ընթացքը՝

  • Ծանոթություն դիագրամների մասին ուսումնական նյութին
  • Հանրաքվեի արդյունքների ամենօրյա տվյալների ուսումնասիրություն,
  • Արդյունքների տվյալների համեմատում,
  • Թվաքանակների փոփոխությունների ֆիքսում, գրանցում,
  • Տվյալների թվային փոփոխությունների դինամիկայի գնահատում,
  • Դինամիկայի գնահատման դիագրամային ներկայացում,
  • Ամենօրյա երեկոյան առցանց նամակագրություն՝ որպես օրվա աշխատանքների ամփոփում, արդյունքների գրանցում,
  • Հոկտեմբերի 5-ին արված աշխատանքների ամփոփում՝ արդյունքների ներկայացում:
  • Աշխատանքների լուսաբանում բլոգներում: